Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի նախկին աշխատակիցը պայմանականորեն ազատվել է պատժի կրումից

Հունվար 17,2013 14:05

Պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը երկրորդ անգամ իրեն դիմելուց հետո դրական պատասխան էր տվել խարդախությամբ՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, կաշառք ստանալու պատրվակով, խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճռով 2 տարվա ազատազրկման դատապարտված Հենրիկ Հակոբյանի համար «Վանաձոր» ՔԿՀ-ի միջնորդությանը եւ օրենքով նախատեսված կարգով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հիման վրա նրան պայմանականորեն ազատել պատժի կրումից:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, 2 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժանմունքի վարիչ Հենրիկ Հակոբյանին:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ վերջինս իր աշխատասենյակում խարդախությամբ կաշառք ստանալու պատրվակով Սարգիս Դիլբարյանից հափշտակել էր խոշոր չափի՝ 562.305 դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար:

Նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանը հենց սկզբից էլ համամիտ չէր նշանակված պատժատեսակի եւ պատժաչափի հետ, քանի որ, ըստ փաստաբանի, կային բոլոր հիմքերը իր պաշտպանյալի նկատմամբ տուգանք նշանակելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:

«64 տարեկան գիտությունների թեկնածու, դոցենտ, նախկինում չդատված, դրական բնութագրվող, ամուսնացած, մեղքը ընդունած, խոստովանական ցուցմունք տված, քննությանը աջակցած անձնավորության նկատմամբ կարող էր կիրառվել մեղմ պատիժ»,- «Առավոտի» հետ զրույցում ասել էր նա:

Հենրիկ Հակոբյանը, սակայն, չէր վիճարկել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռն ու մինչ այդ պատիժը կրում էր «Վանաձոր» ՔԿՀ-ում:

«Պայմանական վաղաժամկետ ազատում թույլատրվում է բոլոր տեսակի հանցագործությունների, այդ թվում՝ եւ ծանր, եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: Տվյալ դեպքում միջնորդությունը բավարարվեց երկրորդ անգամից, երբ արդեն Հենրիկ Հակոբյանը պատժի մեծ մասը կրել էր»,-«Առավոտի» հետ զրույցում նշում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը՝ բացատրելով, որ հազվադեպ է պատահում, երբ վերոնշյալ հանձնաժողովը դրական պատասխան է տալիս: Փաստաբանի փոխանցմամբ՝ Հենրիկ Հակոբյանը այժմ չի աշխատում:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031