Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ քննչական ծառայության քննիչներին վերապահվել է չորս հանցակազմ

Հունվար 17,2013 13:57

Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից «Էրեբունի պլազա» հյուրանոցում կազմակերպվել էր «Ժողովրդավարական ընտրությունների խթանում» ծրագրի շրջանակներում ընտրական գործընթացներին նվիրված միջոցառում: Այնտեղ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Անդրանիկ Միրզոյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ծառայությունն իրականացնում է ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն:

Ըստ Ա. Միրզոյանի՝ այդ բնույթի հանցագործությունները ներառված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ Մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններին նվիրված գլխում, որտեղ նախատեսված է ընտրական գործընթացների հետ կապված 12 հանցակազմ, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ քննչական ծառայության քննիչների ենթակայությանն է վերապահել 4-ը: Ա. Միրզոյանն իր ելույթում նշեց դրանք.

1. ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը,

2. ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը,

3. կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ ծրարներ հանձնել-իրացնելը,

4. ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը:

«Քրեագիտական բնութագրի առումով այս հանցագործությունների դեպքերում գործ ունենք անձանց բավականին լայն շրջանակի հետ, ովքեր հանդես են գալիս որպես կատարողներ եւ տուժողներ: Դա կապված է ընտրական գործընթացների զանգվածային բնույթի հետ: Տվյալ դեպքում գործ ունենք ընտրողների, թեկնածուների, նրանց վստահված անձանց, ընտրական հանձնաժողովների, դրանց ղեկավարների եւ անդամների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, դիտորդների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների եւ առանձին պաշտոնատար անձանց հետ, ովքեր այս կամ այն կերպ շահագրգռված են ընտրությունների արդյունքներով»,- շարունակեց Ա. Միրզոյանը: Ի դեպ, նա նաեւ տեղեկացրեց, որ Հատուկ քննչական ծառայության ստեղծումից հետո՝ 2008-12թթ. ընթացքում ծառայությունում քննվել է ընտրությունների հետ կապված ընդհանուր հաշվարկով 70 քրեական գործ: Ըստ ՀՔԾ պետի՝ այդ գործերի վիճակագրական վերլուծությունից հետեւում է, որ եթե 2008-11թթ. ընկած ժամանակահատվածում այդօրինակ հանցագործությունների կատարման առավել տարածված եղանակներից են հանդիսացել, այսպես կոչված, «լցոնումը» եւ «կարուսելը», ապա 2012թ. կայացած խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առավել տարածված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 154-պրիմ 2 հոդվածով նախատեսված հանցագործության, մասնավորապես՝ ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքերը: ՀՔԾ պետի տեղեկացմամբ՝ պրակտիկան ցույց է տալիս, որ կաշառք ստացող անձը հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո, տեղեկանալով, որ ընտրակաշառք ստանալը նույնպես քրեորեն պատժելի արարք է, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով փորձում է հրաժարվել իր հաղորդումից եւ նախնական ցուցմունքներից, որպիսի հանգամանքն ինքնին բարդացնում, անգամ անհնարին է դարձնում ընտրակաշառք տվողի մեղավորությունն ապացուցելը, քանի որ այդպիսի գործերով սովորաբար հիմնական ապացույցը հանդիսանում է հենց կաշառք ստացողի ցուցմունքը: «Նման իրավիճակներից խուսափելու, ինչպես նաեւ ընտրակաշառք տալու դեպքերը կանխարգելելու նպատակով նպատակահարմար կլինի օրենսդրորեն խրախուսող նորմ ամրագրել ընտրակաշառք ստանալու մասին իրավապահ մարմիններին կամովին հայտնելու դեպքում ընտրակաշառք ստացողին քրեական պատասխանատվությունից ազատել, միաժամանակ սահմանել իրավապահ մարմիններին այդ մասին հայտնելու որոշակի սեղմ ժամկետ»,- հավելեց նա: Անդրադարձ եղավ նաեւ քվեաթերթիկները լուսանկարելու դեպքերին, մասնավորապես՝ բջջային հեռախոսներով քվեարկության խցիկում, ինչպես նաեւ օրենսդրական լուծում պահանջող մի շարք հանգամանքներին:

Հատուկ քննչական ծառայության պետը նկատեց, որ ընտրական գործընթացների հետ կապված հանցագործությունների բացահայտման, մասնավորապես՝ նախականխման ուղղությամբ ծառայության դերը սահմանափակ է, քանի որ ՀՔԾ-ն չունի ընտրատեղամասերում դիտարկումներ, ստուգումներ կատարելու լիազորություններ: Ա. Միրզոյանը նաեւ հայտնեց, որ ծառայությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է ընտրական գործընթացների հետ կապված հանցագործությունների քննության փորձը, հրահանգավորվել են քննիչները, ձեւավորվել է ընտրական գործընթացների վերաբերյալ նյութերի նախապատրաստման եւ քրեական գործերի քննության բավարար փորձ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031