Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը շատ են սիրում, բայց չեն կարող մնալ

Հունվար 17,2013 13:48

Մեր երկիրը մշտական բնակվելու եւ բիզնես դնելու համար սիրիահայերին հարմար չէ՝ կեղծ ոսկին շատ է, շուկան՝ փոքր, հարկերն էլ՝ բարձր:

Չնայած Հայաստանի կառավարությունը գոնե հնարավորության սահմաններում աջակցում է Սիրիայի պատերազմից փրկված եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին, սակայն նրանց մեծ մասը մեր երկրում մշտապես բնակվելու ծրագրեր չունեն: Պատճառը հիմնականում տնտեսական է. այստեղ պայմաններ չկան սեփական գործ ստեղծելու եւ ընտանիքներին բարեկեցիկ կյանքով ապահովելու համար:

«Շուկան փոքր է, հարկերը՝ բարձր, ինչ արտադրության մասին էլ որ մտածում ենք, քննարկում ենք, հասկանում ենք, որ չենք կարող աշխատել»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեցին մի քանի սիրիահայեր:

Պետրոս Թեքմեջյանը Սիրիայում, ինչպես ինքն ասաց՝ պլաստիկե բաժակների արտադրությամբ էր զբաղվում, եւ եթե որոշի այստեղ նույն գործն անել, ապա անկասկած՝ «տակ կտա»: Պետրոսի ներկայացմամբ՝ նախ նման արտադրությունը գուցե ոչ խոշոր, բայց բավականին մեծ ներդրում է պահանջում. պետք է սարքավորումներ ձեռք բերել, աշխատողներ պահել, աշխատավարձեր վճարել, սակայն արտադրանքը իրացնելու եւ շահույթ ստանալու հույս չկա: Պետրոսի պատմելով՝ այսօր Թուրքիայից եւ Իրանից արդեն պատրաստի եւ ավելի էժան գներով նույն ապրանքը ներմուծվում է. «Ես այլեւս չեմ կարող Հայաստանում շուկա ունենալ: Որոշել եմ գնալ Դուբայում այս գործը սկսել: Այնտեղ թե գնային եւ թե շուկայի առումով շատ ձեռնտու կլինի աշխատել»:

Սիրիահայ մեկ այլ երիտասարդ էլ, որը չցանկացավ անունը նշենք, Սիրիայում ոսկերչությամբ է զբաղվել, նույն գործը Հայաստանում չի ուզում սկսել: Մի քանի տարի առաջ Հայաստանում ոսկերչությամբ էր զբաղվում, հետո, իր իսկ խոսքերով՝ հայաստանցի 4 տարվա իր գործընկերը «քաշեց»՝ զարդերը վերցրեց, տարավ արտերկիր՝ վաճառելու, եւ այլեւս չվերադարձավ: «Հիմա աչքս վախեցած է, չեմ կարող ասել, որ բոլորն են էդպիսին, բայց որքան էլ մտածում եմ նորից սկսել այդ գործը, մտածում եմ՝ չի ստացվի: Հայաստանում կեղծ ոսկի շատ կա, Վերնիսաժից Սովետմիության պրոբն առնում են, խփում են պղնձի վրա, նայում ենք պրոբին ու կարծում, որ լավ ոսկի է, հետո խաբվում ենք: Այդ պղինձը ոսկեջրում են, որ ստուգում ենք էլ, երեւում է, որ ոսկի է, բայց երբ արդեն պիտի ձուլեմ, որ նոր զարդ պատրաստեմ, տեսնում եմ, որ պղինձ եմ գնել: Նույնիսկ եթե շատ զգուշավոր լինեմ ու ճիշտ ոսկի էլ գնեմ, զարդ պատրաստեմ, էլի ձեռնտու չէ: Ոսկի ներկրելու համար հարկերը բարձր են, հետո զարդ պատրաստեմ ու այստեղ վաճառեմ կամ դուրս տանեմ, էլի հարկերը բարձր են: Է, ոնց մտածում ենք, մինչեւ մեջք չունենանք՝ չենք կարող դուրս տանել, այստեղ էլ շուկան փոքր է, ձեռնտու չէ»:

Դրո Բարսումյանն էլ ոսկերիչ է, նա թեեւ այժ փորձաշրջան է անցնում բանկերից մեկում՝ որպես ոսկի գնահատող, եւ ընդամենը 52 հազար դրամ է ստանում, բայց գոհ է, որ աշխատանք ունի: Հետագայում, երբ արդեն ընդունվի աշխատանքի, իր խոսքերով ասած՝ բարձր ռիսկի տակ է ընկնելու էլի կեղծ ոսկու մեծ շրջանառության պատճառով. «Իսկ բանկում ինձ ասում են՝ դու պիտի դրա տակից դուրս գաս եւ իրավունք չունես ոստիկանությանը դիմել: Ոսկին վերցնում ենք, ստուգում ենք՝ նորմալ է: Մեկ էլ՝ 1-2 ամիս հետո վարկառուն չի ներկայանում, հասկանում ենք, որ կեղծ ոսկի է բերել: Ես չգիտեմ՝ այստեղ ինչպես կարելի է սենց աշխատել: Սիրիայում նման բան չկար»:

Եթե Դրոն աշխատանքի հետ քիչ թե շատ հարմարվել է՝ ոչինչ, ժամանակավոր է, սակայն այսօր մեկ այլ խնդիր ունի. դստերը չի կարողանում բնակավայրին մոտ որեւէ մանկապարտեզում տեղավորել. «Ստեղ-ընդեղ են ուղարկում, ասում են՝ տեղ չունենք»:

Սիրիահայ Միհրան Կիրակոսյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ Հալեպում մեծ ֆաբրիկա ուներ, որտեղ նավթի արտադրության սարքավորումներ էին վերանորոգում. «Հայաստանում նույն բանը չեմ կարող անել, բայց մտածում եմ հագուստի արտադրություն սկսել, քաշով թեթեւ է, եւ կարելի է դուրս տանել»: Միհրանի ներկայացմամբ՝ առայժմ ընդամենը մտածում է, թե ինչ գործ սկսի, բայց անընդհատ էլ մտածում է, թե երբ կկարողանա վերադառնալ Սիրիա. «Վերջը՝ մեր ծննդավայրն է, այնտեղ մեծ ունեցվածք եմ թողել»:

Իսկ Հարութ Մանվելյանը շատ գոհ է իր բռնած գործից. Ղարաբաղի Հադրութի շրջանում մոտ 1000 հեկտար հողատարածքի վրա ցորեն է ցանել եւ լավ բերքի է սպասում. եթե ամեն ինչ լավ լինի, եկող ցանքին ավելի շատ ցորեն կցանի: Հարութը Սիրիայում էլ հողագործությամբ է զբաղվել:

Մեր զրուցակիցներին հանդիպեցինք ՀՅԴ Գերագույն մարմնի «Սիմոն Վրացյան» կենտրոնում, որտեղ Գերագույն մարմինը սենյակ է տրամադրել, որպեսզի կոորդինացվի սիրիահայերի աջակցությունը, Խաչիկ Ջոզիկյանն էլ կոորդինացնում է կենտրոնի աշխատանքները:

Մեզ հետ զրույցում պարոն Ջոզիկյանն ասաց, որ այսօր կենտրոնին աջակցում են շատ-շատերը՝ սկսած հասարակ մարդկանցից մինչեւ մեծահարուստներ: Պարոն Ջոզիկյանի պատմելով՝ տոներից առաջ մի ծեր կին մի քանի բանկա կոմպոտ է բերել եւ խնդրել որեւէ սիրիահայ ընտանիքի տրամադրել. «Այսօր ամեն ինչի կարիք էլ ունենք՝ հագուստ, սնունդ, սպասք, կահույք: Ով ինչ կարողանում է՝ բերում է, նույնիսկ խաղալիքներ: Մենք էլ բաժանում ենք կարիքավորներին: Կան մարդիկ, ովքեր իրենց բնակարաններն են տրամադրում սիրիահայ ընտանիքներին կամ էլ սիմվոլիկ գնով վարձով տալիս: Պետությունն ամեն բան անում է, որ սիրիահայերն իրենց լավ զգան, բայց մի կարեւոր բան կա. գնալով սիրիահայերի վիճակն այստեղ ավելի է դժվարանում: Մոտ 1 տարի է՝ ապրում են այստեղ, բայց պետությունն էլ պիտի մտածի՝ կարո՞ղ է ավելի երկար պահել այս մարդկանց, պետք է ծրագրավորված աշխատանք լինի, որպեսզի իմանանք, թե ուր կհասնենք: 1, 2, 6 ամսով օգնություն տվեցինք, բայց մինչեւ ե՞րբ: Սիրիահայերի 10 տոկոսը մնաց Հայաստանում, մոտ 6000 սիրիահայեր կան այստեղ, շատերը գնացին, շատերն էլ ուզում են մշտական մնալ, բայց հարմար պայմաններ չկան»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031