Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն ավելի ապահով կլինե՞ր, եթե Միասնական շտաբը կառավարություն լիներ»

Հունվար 17,2013 13:39

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ «ինքնամաքրվելուց» եւ «պարզաջրվելուց» հետո մնում է միայն ջիհադ հայտարարել:

– Պարոն Շահնազարյան, նախ համառոտ՝ 2012-ի քաղաքական տարին ինչո՞վ էր առանձնահատուկ:

– 2012-ը առանձնահատուկ տարի էր մեր անկախության պատմության մեջ: Լուրջ մարտահրավեր նետվեց ՀՀ պետականությանն ու ինքնիշխանությանը: Նկատի ունեմ՝ ՌԴ-ի նոր քաղաքականության, այսպես կոչված՝ «ինտեգրացիոն» գործընթացների շրջանակներում Հայաստանը Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը ներգրավելու նպատակները: Այս վտանգը, թերեւս, ավելի մեծ է, քան ՀՀ տարածքային ամբողջականության խաթարմանն ուղղված 2001-ի սպառնալիքը, երբ Քոչարյանն ու Օսկանյանը պաշտոնապես ստանձնել էին ՀՀ տարածքներ զիջելու պատրաստակամություն: 2012-ին մեր պետականության համար վտանգավոր հարթակ ստեղծվեց նաեւ Հայաստանում: Ընդդիմադիր դաշտում ձեւավորվեց քրեաօլիգարխիկ առանցքով դաշինք, որի նպատակն էր մայիսի 6-ի ընտրություններում ամեն գնով նվաճել մեծամասնություն ԱԺ-ում, ձեւավորել կառավարություն եւ Հայաստանը տանել դեպի Մաքսային միություն ու Եվրասիական միություն:

– Մեր քաղաքական դաշտում արեւմտամետների եւ ռուսամետների տարանջատման խնդիր գոյություն ունի՞:

– Ձեր նշած տարանջատումը ողջ սրությամբ առաջ է քաշվել ՀԱԿ-ի «քաղաքագիտական վերլուծությունից» եւ հատկապես ԱԺ ընտրություններից հետո: Իրականում Հայաստանում չկան արեւմտամետ կուսակցություններ ու քաղաքական գործիչներ՝ այն իմաստով, որով ցանկանում են ներկայացնել ուժերը, որոնք կուզենային Հայաստանը վերջնականապես վերածել ՌԴ-ի քաղաքական եւ տնտեսական կցորդի: Հայաստանում կան ուժեր, որոնք ուղղակի սպասարկում են ռուսական շահեր, երկրորդ՝ ուժեր, որոնք անկեղծորեն համարում են, որ մեր երկրում ժողովրդավարության եւ եվրոպական արժեքների հաստատումը իրատեսական չէ, եւ ՀՀ արտաքին բոլոր հարաբերությունները պետք է ստորադասվեն ՌԴ-ի շահերին (ի դեպ, այս ուժերն անկեղծ են՝ ի տարբերություն նշածս նախորդ ուժերի), եւ քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք համարում են, որ Հայաստանում համամարդկային, այսինքն՝ եվրոպական արժեքային համակարգի անշրջելի հաստատումը այլընտրանք չունի: Հայաստանը ՌԴ-ի հետ որպես գործընկեր պետք է ունենա արդյունավետ հարաբերություններ (այդ թվում՝ նաեւ անվտանգության ոլորտում): Դրանք պետք է լինեն միջազգային իրավունքի երկու սուբյեկտների հարաբերություններ, եւ ՌԴ-ն պարտավոր է հարգել մեր պետականությունն ու ինքնիշխանությունը: Միաժամանակ ՀՀ-ն պետք է վարի հավասարակշռված եւ բազմակողմանի արտաքին քաղաքականություն, մասնավորապես՝ ընդարձակի ու խորացնի իր համագործակցությունը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանի համար շատ կարեւոր է ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի ստորագրումը, որը էապես կարող է փոխել Հայաստանի տնտեսական վիճակը ու խթան հանդիսանալ գոնե թուլացնելու օլիգարխիայի կործանարար դերը:

– ԱԺ երեք ընդդիմադիր ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, չեն մասնակցում նախագահական ընտրություններին, չեն սատարում որեւէ թեկնածուի։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ ուժերի որոշմանը:

– Ըստ էության, Միասնական շտաբ կազմող ուժերը բոյկոտեցին ընտրությունները, դեռեւս պարզ չէ՝ ակտի՞վ է այդ բոյկոտը, թե՞ պասիվ: ԲՀԿ-ն թեկնածու չառաջադրեց, որովհետեւ հստակ զգուշացվեց, որ նախագահական ընտրություններում իշխանությունն արդեն հնարավորություն չի տալու կիրառել այն մեթոդները, որոնք այդքան ձայներ էին ապահովել մայիսի ԱԺ ընտրություններում: Նկատի ունեմ՝ ձայներ գնելը, քաղաքական բարեգործությունը, ճնշումները՝ ընտրողների եւ թեկնածուների նկատմամբ եւ այլն: Կարծում եմ, որ ԲՀԿ-ն հաշվի առավ նաեւ այն իրողությունը, որ ՀԱԿ-ն այլեւս ի վիճակի չէ շարունակել ԲՀԿ-ին ներկայացնել ոչ միայն որպես միակ փրկիչ եւ «հայաստանածին կուսակցություն», այլեւ ընդհանրապես որպես քաղաքական ուժ եւ նրա օգտին զոհաբերել իր համակիրների ձայները, քանի որ ՀԱԿ-ն արդեն հասարակական վստահության լուրջ խնդիր ունի:

Բայց նույնիսկ այս իրավիճակում չեմ կարծում, թե այս ուժերը վերջնականապես դուրս են մնացել քաղաքականությունից: Առայժմ Միասնական շտաբ կազմող ուժերը կոնսերվացված, ճահճացած են, բայց չեմ բացառում, որ հետագայում, եթե ինչ-որ հրաշքով Հայաստանում դրական զարգացումներ սկսվեն՝ փորձեն ստեղծել «Միասնական շտաբ-2», շարունակեն մեր պետականության ու ինքնիշխանության դեմ սեփական պայքարը եւ նորից դա փորձեն ներկայացնել որպես իշխանության դեմ պայքար։ Մի առիթով այդ ուժերին անվանել եմ հինգերորդ շարասյուն: Նրանց խնդիրն է եղել նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը ռուսական շահերի դաշտում պահելը, բայց դա արդեն ձախողվել է: Քաղաքացիական հասարակության զգալի հատվածն իրատես է եւ արդեն հստակորեն տարանջատում է պետության շահերը իշխանության եւ քաղաքական ուժերի շահերից: Քաղաքացիական հասարակությունը պետք է աչալուրջ լինի, որպեսզի որեւէ չափով չհայտնվի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության «գծի մեջ»:

– Պարոն Շահնազարյան, Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 14-րդ համագումարում դրական էիք գնահատել «Ա1+»-ի հետ զրույցում, ինչը քննադատությունների ու շահարկումների առիթ հանդիսացավ, Ձեզ մեղադրեցին իշխանությանը սատարելու մեջ: Ս. Սարգսյանի ելույթում հատկապես ո՞ր դրույթն եք դրական համարում, հավատո՞ւմ եք «Առաջ, դեպի ապահով Հայաստան» կարգախոսին:

– Այո՛, Ս. Սարգսյանի այդ ելույթը դրական եմ գնահատում, հատկապես արտաքին քաղաքական զարգացման դրույթները: Այլ հարց է, թե Ս. Սարգսյանի ելույթի նկատմամբ որքան վստահություն կա թե՛ մեր հասարակության, թե՛ քաղաքական ուժերի կողմից, եւ դրա քանի տոկոսը կիրականանա՝ հաշվի առնելով այն անվիճելի իրողությունը, որ այսօր ներքաղաքական ամենավտանգավոր մարտահրավերը օլիգարխիկ համակարգն է (չշփոթել համակարգն անձերի հետ), եւ սա առավել վտանգավոր եմ գնահատում, քան նշածս արտաքին սպառնալիքները: Այստեղ է խնդիրը, որովհետեւ Ս. Սարգսյանի իշխանությունը այս հինգ տարիների ընթացքում որեւէ ոլորտում հաջողություն չի արձանագրել, բոլոր նախաձեռնությունները տապալվել են, եւ իշխանությունը մինչեւ այսօր չի ասել, թե ինչ է արել, առայժմ լսում ենք բացառապես խոստումներ, բառեր, բառեր, բառեր… Եկեք ընդունենք մի իրողություն. բարեփոխումներ իրականացնելու հնարավորություն, ցավոք, ունի միայն այսօրվա իշխանությունը: Բայց իրականացման անգամ չնչին երաշխիք չկա: Որեւէ երաշխիք անգամ չկա նաեւ արտաքին խնդիրների հարցով, որ այս ընտրություններից հետո իշխանությունը չի միանա հինգերորդ շարասյանը եւ ստիպված չի լինի համաձանել ՀՀ-ի անդամակցությանը Մաքսային ու Եվրասիական միություններին: Ի դեպ, նշեմ, որ ՀՀԿ համագումարի ելույթից ընդամենը մի քանի օր անց, երբ Ս. Սարգսյանը ելույթ էր ունենում Մոսկվայում՝ ռուսական հեռուստատեսությամբ, խոսք անգամ չասաց Հայաստանի եվրոպական քաղաքականության առաջնահերթության մասին, որը ներկայացրել էր ՀՀԿ համագումարում:

Ս. Սարգսյանը ՀՀԿ համագումարի ելույթում կարեւորել է «ապահով Հայաստան»-ի թեզը: Բայց այսօր Հայաստանում ի՞նչ ապահովության մասին կարող է խոսք լինել… Միաժամանակ, կասկած չունեմ, որ վիճակը հիմա շատ ավելի վատթար կլիներ, եթե այսօր Միասնական շտաբը կառավարություն լիներ Հայաստանում: ԲՀԿ-ՀԱԿ ընդդիմությունը հանդես էր գալիս այն դիրքից, որ Հայաստանի միակ խնդիրը Ս. Սարգսյանն է եւ ոչ թե օլիգարխիան, եւ առաջ քաշելով «կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» կարգախոսը՝ պայքարում էր Ս. Սարգսյանի դեմ: Նրանց խնդիրը ոչ թե Հայաստանում օլիգարխիայի՝ որպես համակարգի, վերացումն է, այլ ընդամենը այդ համակարգի ղեկավարի պաշտոնը վերցնելը: Այս գիծը փաստացի պաշտպանվում էր ՌԴ-ի կողմից:

Իշխանության մասին. Հանրապետական կուսակցության մի հատվածը եվրոպական կառույցների հետ միասին Ս. Սարգսյանին ներկայացնում են որպես օլիգարխիայի դեմ պայքարող եւ բարեփոխիչ: Շատ հստակ գիտակցելով, որ իրականում Ս. Սարգսյանի եւ օլիգարխիայի միջեւ որեւէ տարբերություն ու տարանջատում գոյություն չունի, այնուամենայնիվ՝ ես Ս. Սարգսյանի նշյալ ելույթը գնահատում եմ դրական, քանի որ համարում եմ, որ այն որպես ծրագրային փաստաթուղթ համարժեք է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական ներկայիս մարտահրավերներին:

Քննադատությանը նորմալ եմ վերաբերվում, ըմբռնումով, բայց երբեք կողմնակից չեմ եղել «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքին: Ինչ վերաբերում է բամբասանքային մակարդակով տարածված անհեթեթ մեղադրանքներին, ապա բավականաչափ քաղաքական փորձ ունեմ դրանց բանի տեղ չդնելու համար: Լավ գիտեմ, թե որ շրջանակների պատվերն են կատարում քչփչացողները, մի մասը՝ գիտակցաբար, մյուսները՝ կույր հավատով: Վերջիններին անկեղծ խղճում եմ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն համոզմունքին, թե քաղաքական դաշինքները եւ համագործակցութունը պետք է թելադրված լինեն «բացարձակ պրագմատիզմով»:

– Ներքին քաղաքականությունում «բացարձակ պրագմատիզմը» դա նույն Realpolitik-ն է, կարծում եմ՝ այն անընդունելի է: Ներքին քաղաքականությունում դա հանգեցնում է արժեքային համակարգի խեղաթյուրման եւ բերում մի իրավիճակի, երբ միջոցներն են սկսում ձեւավորել նպատակները, որոնք արդեն քաղաքական ու տրամաբանական հիմնավորումներ ունենալ չեն կարող: Եվ բնական է, որ փաստարկների բացակայության պայմաններում այլ բան չի մնում, քան «ինքնամաքրվելուց» եւ «պարզաջրվելուց» հետո այլ տեսակետ ունեցողներին ջիհադ հայտարարելը, ընդդիմախոսներին պիտակավորելը եւ «խառնակիչներ» ու «գործակալներ» անվանելը: Այն, ինչ տեղի ունեցավ 2012-ին, ցայտուն վկայությունն է այն իրողության, թե ինչ է լինում, երբ ընդդիմությունը ներքին քաղաքականությունում առաջնորդվում է միայն Realpolitik-ով: Նույնիսկ արտաքին քաղաքականությունում, եթե ընդդիմություն ես, այլ ոչ իշխանություն, Realpolitik-ը միշտ չէ, որ կիրառելի է:

– Հուլիսին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում նշել էիք, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության ընթացքում բանակցային ոչ ճիշտ քաղաքականություն իրականացվեց ՀԱԿ-ի կողմից: Դուք չմասնավորեցրիք, թե ինչ նկատի ունեիք, նշելով՝ գուցե հետագայում խոսեք այդ մասին: Այսօր կմասնավորեցնե՞ք. որո՞նք էին իշխանություն-ՀԱԿ բանակցություններում թույլ տրված սխալները: Ի դեպ, Ձեզ նաեւ մեղադրում են, որ երկխոսության հիմնական ջատագովն էիք:

– Պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել: Այո՛, համարեք, որ երկխոսություն սկսելու պատասխանատուն ես եմ: Դա համարել եւ համարում եմ ճիշտ քաղաքական քայլ, այդ մասին հրապարակայնորեն հանդես եմ եկել եւ հիմա չեմ կրկնվի: Երկխոսությունն արդեն իրավական առումով ամրագրեց հետեւյալ իրողությունը, որ Հայաստանի քաղաքական դաշտն ուներ երկու բեւեռ՝ իշխանություն ու ընդդիմություն՝ ի դեմս ՀԱԿ-ի: Երկխոսության առաջին փուլում հաջողվեց ձեւավորել ՀԱԿ-ի առաջարկած օրակարգը, որը ցանկացած բանակցություններում կարեւորագույն խնդիր է: Իսկ երկխոսության տապալման առիթը Տիգրան Առաքելյանի ազատազրկումն էր, առիթը, բայց՝ ոչ բուն պատճառը: Երկխոսության օրակարգը ձեւավորելուց հետո ՀԱԿ-ը փաստացի գնաց երկխոսությունը դադարեցնելու ուղով, ինչն էլ հանդիսացավ երկխոսության տապալման իրական պատճառ: Այս մասին ավելի մանրամասն կխոսեմ հետագայում: Հատկանշական է, որ երկխոսության տապալումից կարճ ժամանակ անց ՀԱԿ-ը հայտարարեց իր նպատակների եւ քաղաքականության փոփոխությունը եւ մեկ այլ իշխանական ուժի զիջելով քաղաքական դաշտի իր տեղը՝ տեղափոխվեց քաղաքական համակարգի հետադիմական, քրեաօլիգարխիկ հատված: Երկխոսության տապալման եւ «քաղաքագիտական վերլուծության» ի հայտ գալու միջեւ ուղղակի եւ օրգանական կապ եմ տեսնում:

– Պարոն Շահնազարյան, առաջիկա նախագահական ընտրություններում որեւէ թեկնածուի սատարելո՞ւ եք:

– Վաղաժամ է այդ մասին խոսելը: Քվեարկելը մի բան է, քաղաքական սատարումը՝ այլ, որովհետեւ եթե որեւէ թեկնածուի պաշտպանում ես, ապա քաղաքական պատասխանատվություն ես ստանձնում այդ թեկնածուի քաղաքական հետագա գործունեության համար՝ ինչպես հաղթելու, այնպես էլ չհաղթելու դեպքում: Դեռեւս ամբողջովին չեն ներկայացվել թեկնածուների ծրագրերն ու մոտեցումները, հստակ չեն նաեւ թեկնածուների կողմից հետապնդվող նպատակները: Միամտություն է կարծել, թե այս ընտրություններով լուծվելու է ժողովրդավարության եւ բարեփոխումների հարց: Կարծում եմ, որ նախագահական ընտրություններից հետո քաղաքական ակտիվ զարգացումներ կարող են ծավալվել: Կարեւորագույն խնդիրը Հայաստանում այնպիսի քաղաքական համակարգի կազմավորումն է, որը կկարողանա դիմակայել ներքին ու արտաքին մարտահրավերներին: 2013-ը շատ կարեւոր, ռազմավարական առումով վճռորոշ քաղաքական տարի է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031