Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից սովորաբար առանձնացնում են «երկու ղարաբաղցիների» մասին դրվագը, ինչի վրա էլ, որպես կանոն, հիմնվում են մեկնաբանություններն ու վերլուծությունները: Ինչ խոսք, ձեւակերպումն անհաջող էր, բայց դրա իմաստը ոչ այնքան «տեղայնական-կլանային», որքան հենց քաղաքական էր: Երկրորդ եւ երրորդ նախագահների պայքարը կնշանակեր միեւնույն աղբյուրի, միեւնույն վարչական եւ նյութական ռեսուրսի տրոհում: Դա տեսականորեն հնարավոր է, բայց նորմալ, «դասական» վիճակում այդ ռեսուրսը կարող է ծառայել կամ մեկին, կամ մյուսին, այսինքն՝ իշխանության «միասնական» թեկնածուի: Կարծում եմ՝ երկրորդ նախագահը հենց դա էր ուզում ասել:
Համեմատաբար ավելի քիչ է խոսվում Ռոբերտ Քոչարյանի բերած երկու այլ պատճառաբանությունների մասին. «Չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ, վստահ եմ, երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը»: «Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առեւտրի»: Եթե վերանանք այն հանգամանքից, թե ով է դա ասում, ինքնին այդ դատողությունները միանգամայն ճիշտ են եւ ողջունելի: Մասնավորապես, «երեք նախագահների»՝ իսկապես տհաճ ֆորմատը ենթադրում է, որ նրանք իրար հասցեի պիտի փիս-փիս բաներ ասեն, իսկ նրանց ասածները բոլոր դեպքերում նշաձող են դնում մնացած քաղաքացիների համար, անկախ նրանից՝ այդ քաղաքացիները ատում են ներկա եւ նախկին նախագահներին, թե սիրում: Բայց պետության համար այդ վնասակար ձեւաչափը սկիզբ է առել հենց 98 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ Քոչարյանի պրոպագանդիստները սկսեցին խոսել «նախորդ հանցավոր ռեժիմի», «ռեւանշիզմի» եւ նման բաների մասին՝ այդ համատեքստում հիշատակելով առաջին նախագահին: Երբ Տեր-Պետրոսյանը 2007-ի սեպտեմբերին վերադարձավ քաղաքականություն, հիշյալ ֆորմատն ամբողջացավ: Ինձ թվում է՝ բոլոր նրանք, ովքեր կարող են ազդել հասարակական կարծիքի վրա, պիտի որոշակի նրբանկատություն դրսեւորեն նախկին նախագահների նկատմամբ (բնականաբար, քննադատելով նրանց սխալները), իսկ վերջիններս էլ պիտի որեւէ մեկի եւ հատկապես իրար հետ չմտնեն քաղաքական «բլիժնի բոյ»-ի մեջ, որպեսզի հասարակությունը նրանց, փոխաբերական իմաստով, «կապտուկները» չտեսնի: Տեսարաններն, անշուշտ, չեն բարձրացնում քաղաքացիների հարգանքը պետության նկատմամբ:
Ինչ մնում է քաղաքականության մեջ «մանրածախ առեւտրին» (որը երբեմն «ռեալ-պոլիտիկ» են անվանում), ապա դա նույնպես տհաճ երեւույթ է: Բայց ես, ճիշտն ասած, երբեմն կգերադասեի, որ այդ առեւտուրը լիներ: Օրինակ՝ 2008-ի փետրվարին կամ նույնիսկ ավելի շուտ: Ավելի լավ կլիներ, որ իշխանությունը զբաղվեր քաղաքական առեւտրով, բանակցեր, սակարկեր, քան որոշեր «չորով» գնդակահարել մարդկանց:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ