Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախընտրական շտաբի պետ Խաչիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ անկախության 20 տարիներից ի վեր, առաջին անգամ Հայաստանում հնարավորություն է ստեղծվել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու եւ ՕԵԿ-ն ի նպաստ դրա անելու է ամեն ինչ:
Aravot.am-ը ՕԵԿ-ական պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչը կամ ով էր խանգարում, որպեսզի անցած 20 տարիների ընթացքում տեղի ունեցած ընտրությունները անցնեին ազատ, արդար ու թափանցիկ: ՕԵԿ-ական պատգամավորն ասաց, որ տեղին չի համարում մյուս ընտրությունների հետ զուգահեռներ տանելը, միայն նկատեց, որ նախորդ ընտրություններում էլ միջազգային դիտորդները առաջընթաց էին գրանցել: Բանախոսը նկատի ուներ 2008-ի նախագահական ընտրությունները, որոնք, ի դեպ, ուղեկցվեցին սպանություններով եւ քաղաքական հալածանքներով:
Խաչիկ Հարությունյանի կարծիքով, ժողովրդի սպասելիքները ընտրությունների արդյունքում երբեք չի արդարացել, բայց հիմա լինելու են այնպիսի ընտրություններ, որոնք կգոհացնեն եւ ժողովրդին, եւ միջազգային դիտորդներին:
Aravot.am-ի հաջորդ հարցին՝ ժողովրդի սպասելիքը մեկն է. ապրել սոցիալապես ապահով եւ իրավական Հայաստանում, այս ընտրությունների արդյունքում այդ խնդիրը լուծվելո՞ւ է, ՕԵԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ եթե ընտրությունները լավը լինեն եւ ժողովուրդն էլ ազատ, արդար արտահայտի իր կամքը, բարեփոխումներ էլ կլինեն:
Կարդացեք նաև
ՕԵԿ-ական պատգամավորն այս ընտրություններում լուրջ մրցակցություն չի տեսնում, անգամ ընդդիմության միավորման պարագայում: Իսկ կմիավորվի՞ ընդդիմությունը, թե՞ ոչ, իրեն չի հուզում՝ իրենց խնդիրն է:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ վիրավորական չե՞ն դիտարկում այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իբրեւ իր չառաջադրվելու փաստարկ բերել էր այն, որ ինքն ու Սերժ Սարգսյանը ղարաբաղցի են եւ վաղեմի գործընկերներ: «Ոչ, վիրավորական չեմ համարում»,- ասաց Խաչիկ Հարությունյանը՝ զերծ մնալով Քոչարյանի հարցազրույցի այլ մեկնաբանություններից. «Ոչ առաջին, ոչ երկրորդ եւ հետագայում ոչ էլ 5-րդ նախագահներին չեմ պատրաստվում անդրադառնալ: Նրանց գործունեությանն ու ասածներին գնահատական կտան ժամանակն ու ժողովուրդը»:
Իսկ թե ինչի համար հանրությունը պետք է ձայն տա Սերժ Սարգսյանին հարցին Խաչիկ Հարությունյանը պատասխանեց, թե այն, որ Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կարողացավ սոցիալական կայուն վիճակ պահպանել, արդեն իսկ ձեռքբերում է»:
Իսկ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի՝ սեփական թեկնածուով ընտրություններին չմասնակցելը ՕԵԿ-ական պատգամավորը նույնպես չցանկացավ մեկնաբանել, քանի որ, իր կարծիքով, տվյալ որոշումները կայացվել են այդ կուսակցությունների ներքին խնդիրներից ելնելով եւ իրենք բազմիցս մեկնաբանություններ տվել են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ