Մի քանի օր առաջ տեղի ունեցած վարչության նիստում ՕԵԿ-ը ձեւավորել է նախընտրական շտաբ, որը ղեկավարելու է ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Այսօր այդ մասին «Ազդակ» ակումբում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Խաչիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը հայտարարել է գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին: ՕԵԿ շտաբի պետը ասաց, որ նախընտրական շրջանում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունենալու հանրապետության մարզերում եւ Երեւանի համայնքներում՝ կուսակցական համակիրներին ներկայացնելով իրենց դիրքորոշումը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ նախընտրական քարոզարշավը ՕԵԿ-ի համար առիթ է կուսակցության վերակազմավորումից հետո կուսակցական ակտիվի հետ հանդիպելու, լսելու առաջարկություններն ու դիտողությունները:
Խաչիկ Հարությունյանն արդեն իսկ համոզված է, որ ՕԵԿ նախագահի հանդիպումները անցնելու են մարդաշատ, բուռն եւ ջերմ մթնոլորտում: Հիշեցնենք, որ տարբեր առիթներով ՕԵԿ-ի հանրահավաքների ժամանակ լրատվամիջոցներում մշտապես եղել են դիտարկումներ այն մասին, որ միեւնույն ավտոբուսներով եւ միեւնույն մարդկանց տեղից տեղ են տեղափոխում՝ ապահովելով հավաքի մարդաշատությունն ու ջերմությունը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ