«Մենք չենք ասում՝ շատ լավն ենք, բայց մեզանից լավը չկա», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին։
«ՉԻ» – Քանի որ խոսքը նախագահական ընտրությունների մասին է, ակնհայտ է, որ «մենք» ասելով՝ Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանին է նկատի ունեցել։ Դեռ լավ է, որ Գալուստ Գրիգորիչը հենց ասուլիսի ժամանակ չի սկսել երգել Թաթայի հանրահայտ «Ամենալավը դու ես» երգը (ի դեպ, շատ հարմար երգ է Սերժ Սարգսյանի քարոզարշավի համար): Չնայած՝ ամանորյա քեֆերի «ընթացակարգը» հուշում է, որ Գալուստ Գրիգորիչը նախապատվությունը տալիս է գեղարվեստական ասմունքին, այնպես որ՝ կարող էր նաեւ արտասանել «Չկա քիզի նմանե»
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Գալուստ Սահակյանը փաստորեն բաց տեքստով ասում է, որ Սերժ Սարգսյանին ընտրելով՝ հասարակությունն ընտրելու է «չարյաց փոքրագույնը»։ Թեկնածուների ֆիզիկական պարամետրերի տեսանկյունից այս պնդումր գուցեեւ ճիշտ է, բայց ամեն դեպքում՝ ցանկալի կլիներ, որ հասարակությունը հնարավորություն ունենար ընտրել ոչ թե «չարյաց փոքրագույնը», այլ «բարյաց մեծագույնը»։
«Չորրորդ ինքնիշխանություն»