Այսօր «Յուքոմ» ընկերության կենտրոնական գրասենյակում ընկերության տնօրեն Հայկ Եսայանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոսեցին այս տարի իրականացվելիք համատեղ ծրագրից: Հայկ Եսայանը հայտնեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ «Յուքոմը» ինտերնետ է մատակարարում ՀՀ բոլոր դպրոցներին. «Այս տարի Երեւանում մատակարարվող ինտերնետի արագությունը կավելանա 4-5 անգամ. մատուցվող ծառայությունը կհամակցվի օպտիկամանրաթելային ցանցով: Արդեն Աբովյանում ունենք ծածկույթ, իսկ հետագայում աշխատանքներ կտարվեն այլ քաղաքները եւ գյուղերը արագ ինտերնետով սպասարկելու ուղղությամբ»: Եսայանը հավելեց, որ ընկերւթյունն անելու է հնարավորը` կրթության ոլորտին աջակցելու համար:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փաստեց, որ «Յուքոմը» հատուկ ուշադրություն է ցուցաբերում կրթական ոլորտի հանդեպ. «4-5 անգամ արագ ինտերնետ կապը ընկերությունը կմատուցի նույն սակագներով: Ծառայության շնորհիվ բազմաթիվ կրթական կայքեր եւ պորտալներ ավելի լավ կաշխատեն: Պետք է օգտագործել հնարավորությունը` էլեկտրոնային կրթական հայալեզու միջավայր ստեղծելու համար: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաներն արագ են զարգանում եւ դպրոցները համապատասխան տեխնիկայով հագեցնելու հարցը դառնում է խիստ արդիական: Ուրախ ենք, որ պետական միջոցների հաշվին կարող ենք առավել բարձր որակի ծառայություններ ստանալ»:
Աշոտյանի խոսքով. «Մասնավոր հատվածը պետք հասկանա, որ կրթությունը պահանջում է ոչ թե ծախսեր, այլ ներդրումներ, որոնց բեռը պետք է կիսել պետության հետ: Կրթությունը ոչ միայն հանրային բարիք է, այլեւ որակյալ աշխատուժ, ինչն էլ լավ տնտեսության հիմքն է»:
Նախարարն ասաց, որ նախորդ տարի ինտերնետ կապի հնարավորություն է ստացել լրացուցիչ 450 դպրոց. «Մնացել է մեկ-երկու դպրոց, որոնց աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս դրանց ինտերնետով ապահովել: Կան համայնքներ, որոնց դպրոցները ինտերնետի միակ աղբյուրն են: Այդպես դպրոցները նաեւ սոցիալական ֆունկցիա են կատարում: Բացի այդ, դպրոցներում ընդլայնվում է համակարգչային հագեցվածությունը: Այսօրվա դրությամբ յուրաքանչյուր 22 աշակերտի հասնում է 1 համակարգիչ: Խնդիրը պետք է շարունակաբար լուծվի, քանի որ տեխնիկան ժամանակի ընթացքում շարքից դուրս է գալիս: Նախորդ տարի դպրոցներին է հատկացվել 2200 նոր համակարգիչ: Ներկայումս ունենք ժամանանակից տեխնիկա եւ ինտերնետ կապ»:
Կարդացեք նաև
Նախարարը պարոն Եսայանի ուղեկցությամբ ծանոթացավ նաեւ ընկերության աշխատանքային գործընթացին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ