Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ կառավարողին խանգարող հանգամանքների մասին

Հունվար 17,2013 12:19

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին քննադատություններ հաճախ են հնչել և հնչում են։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ նախկին նախագահը զգայուն է հատկապես այն քննադատությունների նկատմամբ, որոնք վերաբերում են տնտեսությանը։

Ռ. Քոչարյանն անձամբ կամ իր գրասենյակի միջոցով անմիջապես պատասխանում է այն հրապարակումներին կամ ելույթներին, որոնք, իր կարծիքով, ստվեր են գցում իր կառավարման օրոք գրանցված երկնիշ տնտեսական աճի վրա։ Օրինակ՝ ամիսներ առաջ Ռ. Քոչարյանն անդրադարձել էր տնտեսության թեմային՝ նշելով, որ մարդիկ լավ պայմաններից չեն արտագաղթում։

«Մեդիամաքս» գործակալությանը տված նրա վերջին հարցազրույցը ևս բացառություն չէր։ Քոչարյանի կարճ հարցազրույցի մի զգալի մասը նվիրված էր հենց տնտեսությանը (375 բառից 118-ը տնտեսության մասին էր): Հիշեցնենք, թե ինչ էր ասել նախկին նախագահն իր այդ հարցազրույցում. «Հիմնարար գործոնները, ցավոք, այսօր էլ լավատեսություն չեն ներշնչում։ Հայաստանից բնակչության արտահոսքի տեմպերը չեն կրճատվում, և սա արդեն նման չէ աշխատանքային միգրացիայի։ Ցածր ծնելիության և ծերացող բնակչության պարագայում սա չափազանց վտանգավոր միտում է։ Պատահական չէ, որ միգրացիան երկրի առողջական վիճակի կարդիոգրամա է համարվում։ Տնտեսությունը սկսել է աճել, բայց արդյո՞ք այդ աճը կայուն կլինի նվազող ներդրումների պայմաններում, և որքանո՞վ է այն պայմանավորված լինելու պարտքերի կուտակմամբ։ Չէ՞ որ նույնիսկ ՀՆԱ-ի 2012թ. սպասվելիք 7% աճի պարագայում մենք համադրելի թվերով չենք հասնելու 2008թ. մակարդակին (9.8%), հատկապես ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի ավելի քան եռակի աճի պայմաններում (այն էլ՝ պարտքի կառուցվածքի վատթարացմամբ): Ի դեպ, տնտեսության համար լուրջ դրական գործոն կարող է հանդիսանալ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Աբխազիայով, ինչը հնարավոր է դառնում Վրաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո»։

Այս տողերում զգացվում է թե՛ ներկա իշխանության տնտեսական քաղաքականությունը քննադատելու, թե՛ սեփական տնտեսական քաղաքականությունն արժևորելու ցանկությունը։ Ընդ որում, վերջին ցանկությունը, թերևս, ավելի մեծ է, քանի որ 2009թ. ճգնաժամից հետո Քոչարյանի երկնիշ աճի ժամանակաշրջանի իրական օգուտը դրվեց կասկածի տակ։ Անգամ իշխանությունները թափանցիկ կերպով ակնարկում էին, որ Հայաստանում ստեղծվել է ոչ դիվերսիֆիկացված, հիվանդ, խոցելի տնտեսություն։ Ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ շինարարության խթանման հաշվին։ Ռոբերտ Քոչարյանն էլ այդ մեղադրանքներին պատասխանում է՝ բավականին ցավոտ փաստեր դնելով ներկայիս իշխանությունների առաջ՝ արտագաղթ, արտաքին պարտք, և այլն։

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանն ավելի զգայուն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է տնտեսական քաղաքականությանը։ Ամենահավանական բացատրությունը հետևյալն է. մարդը քննադատության դեպքում ավելի զգայուն է այն ժամանակ, երբ համոզված է, որ ինքը ճիշտ է գործել։ Օրինակ, երբ նշվում է, որ Ռ. Քոչարյանի օրոք մարդու իրավունքների վիճակն ավելի վատ էր, նման զգայուն արձագանք չկա։ Սակայն նախկին նախագահն իրո՛ք համոզված է, որ իր օրոք տնտեսությունն ավելի լավ վիճակում էր։ Եվ երբ նրան քննադատում են մի բանի համար, որն ինքը դրական է գնահատում, դա իրոք զայրացուցիչ կարող է լինել։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031