Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 15-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի ընդլայնված նիստում ընդունվել է Կանանց խորհրդի նախագահ Գոհար Ենոքյանի հրաժարականը:
168.am-ի տեղեկություններով` նրան ազատել են այդ պաշտոնից: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հրաժարականի դիմումը, Գ. Ենոքյանը պատասխանեց.
«Ես հրաժարվել եմ միայն նախագահի պաշտոնից: Էստեֆետը հանձնել եմ երիտասարդներին, և գտնում եմ, որ դա շատ ճիշտ է: Ես բավականին մեծ տարիք ունեմ և հազիվ եմ հասցնում զբաղվել իմ բիզնեսով: Իսկ այդ լրացուցիչ աշխատանքը շատ մեծ ժամանակ և ուժ էր խլում ինձնից, որը, դժբախտաբար, արդեն չունեմ: Որևիցե այլ պատճառ չկա, խնդրում եմ` ուրիշ «պադաբլոկներ» ման չգալ դրա տակ` ես նորից մնում եմ Կանանց խորհրդի վարչության անդամ, մնում եմ կուսակցության մեջ և կշարունակեմ ակտիվ աշխատել այնքան, ինչքանով թույլ կտան իմ ուժերը»:
Դիտարկմանը, թե՝ շարունակո՞ւմ եք հոգով-սրտով ԲՀԿ-ական լինել, Գ. Ենոքյանը պատասխանեց. «Պարտադիր: Ինձ ո՞ւմ տեղն եք դրել: Ես էս պալատից էն պալատը չեմ թռնում: Ես մինչև իմ կյանքի վերջը մնալու եմ ԲՀԿ-ական: Ուրիշ կերպ չի կարող լինել»: Ինչ վերաբերում է նրան ազատելու մասին լուրին, վերջինս նշեց, որ դա բացարձակ սուտ է, և նույնիսկ անհարմար է խոսել այդ թեմայով: Նա նաև նշեց, որ ինքը վաղուց էր որոշել հրաժարվել Կանանց խորհրդի նախագահի պաշտոնից:
Կարդացեք նաև
«2 տարի առաջ էի որոշել: Այն ժամանակ պատգամավոր էի, և բիզնեսով զբաղվելու իրավունք չունեի: Իմ բիզնեսով զբաղվում էր ուրիշ մարդ: Իսկ հիմա ես ունեմ իմ սեփական գործը, և, ինչպես գիտեք, «Գարուն» միավորումն ինձ է պատկանում: Ես շատ գործ ունեմ անելու, բացի այդ, առողջական խնդիրներ ունեմ, տարիքով արդեն մեծ եմ»,- նշեց Գ. Ենոքյանը:
Հարցին, թե արդեն կա՞ թեկնածու՝ Կանանց խորհրդի նախագահությունը ղեկավարելու համար, վերջինս պատասխանեց. «Ո՞նց կարող է չլինել: Հայաստանում այսքան էներգիայով լի երիտասարդ կանայք, աղջիկներ կան: Անպայման կլինի, նախագահը կմտածի և եղածների միջից հարմար թեկնածու կընտրի-կնշանակի: Դա նախագահի որոշելու հարցն է: Այն ժամանակ, երբ ինքն ինձ նախագահ նշանակեց, կարո՞ղ է կողքից մարդ ասաց դրա համար: Ինքը նպատակահարմար գտավ և նշանակեց»:
Իսկ հարցին, թե՝ ի՞նչ հասցրեցիք անել Ձեր նախագահության ժամանակ, ինչի մասին կուզեիք հանրությունն իմանար, Գ. Ենոքյանը պատասխանեց. «Հաշվետվությունը տվել ենք իրեն, և գոհունակության ենք արժանացել: Որպես սկսնակ կուսակցական կազմակերպություն` շատ մեծ աշխատանք ենք կատարել: Ես խորին շնորհակալություն եմ հայտնել իմ գործընկերներին, ում հետ աշխատել եմ, իսկ պարոն Ծառուկյանն էլ իր շնորհակալությունն է հայտնել»:
Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչո՞վ էր պայմանավորված, որ նախ` պատգամավորության մանդատ չտվեցին իրեն, հիմա էլ ստանձնած պաշտոնից հրաժարականի դիմումով դուրս է եկել, Գ. Ենոքյանը պատասխանեց. «Դուք տեսե՞լ եք իմ ծննդյան թիվը: Հիմա ես ասեմ, որ դուք այդ հիմար հարցերը չտաք` 1942թ. ծնված մարդ եմ, ամբողջ կյանքում աշխատել եմ, վաստակել եմ, իսկ վաստակի հաշվին` 65 տարեկանում, ինձ առաջարկել են, և ես գնացել եմ պատգամավոր, որովհետև առաջին անգամ կուսակցություն են ստեղծում, գուցե ես պե՞տք էի մարդկանց: Հունվարի 25-ին կլինեմ 71 տարեկան, և կարող եք նախապես շնորհավորել ինձ: Հիմա դուք ո՞նց եք մտածում` 71 տարեկան կինը կարո՞ղ է կուսակցության Կանանց խորհրդի նախագահի պաշտոնը շարունակել և ունենալ այն էներգիան, որն ունի 30-40 տարեկանը»:
Իսկ մեր դիտարկմանը, թե կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնը ստանձնած Ռոզա Ծառուկյանը նույնպես իր սերնդակիցն է, իր հասակակիցը, Գ. Ենոքյանն պատասխանեց. «Ռոզա Ծառուկյանն ընդամենը պատվավոր նախագահն է: Աշխատողն ուրիշ մարդ է: Նրա հետ հաճելի է տարբեր հարցերի շուրջ զրուցել, բայց նա գործող նախագահը չէ»:
Իսկ երբ նկատեցինք, որ չնայած ինքը նշեց իր տարիքը, բայց շարունակում է զբաղվել բիզնեսով, գործարար կինը նշեց. «Բիզնեսն ավելի թեթև է, քան թե մեծ պատասխանատվությունն ամբողջ կուսակցության առջև: Այս թեմայով պետք չէ այդքան զբաղվել»: