Մատաղիս գյուղում 2004-ին սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի հորեղբայր Արթուր Եղիազարյանն օրերս ասուլիսում պնդում էր, որ իր եղբորորդուն և նույն զորամասի զինծառայող Հովսեփ Մկրտումյանին սպանել են գործով արդարացված Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը:
Արթուր Եղիազարյանի դիրքորոշումը մարդասպանների հարցում ի սկզբանե այլ է եղել. նա իր ցուցմունքներում պնդում էր, որ մարդասպանը հրամանատար Իվան Գրիգորյանն է: Եվ երբ լրագրողներից մեկը օրերս կայացած ասուլիսում նկատում է, որ նախկինում Արթուր Եղիազարյանը այլ կարծիք է ունեցել և միայն վերջին տարիներին է փոխել տեսակետը, թալինցի Եղիազարյանը հերքում է և հարցով դիմում լրագրողին. «Քուրիկ ջան էդ տեղեկությունը ձեզի որտեղի՞ց»: Այնուհետև հավելում է. «Մարդասպանների մեխանիզմը էնքան ուժեղ է աշխատում, էնքան ուժեղ…սրանք ամեն ինչի ընդունակ են: Կեղծ ինֆորմացիա է, էդպիսի բան չի եղել»: Մեկ այլ լրագրող էլ փորձում է ավելի հստակեցնել, հարցնելով՝ Արթուր Եղիազարյանը ի սկզբանե կարծել է, որ մարդասպանները երեք տղանե՞րն են եղել, վերջինը պատասխանում է. «Ոչ թե կարծում եմ, այլ…1000 տոկոսանոց համոզված եմ, որ այդ երեքն են եղել մարդասպանները»:
Սակայն փաստերը վկայում են, որ Արթուր Եղիազարյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում: Panorama.am-ի տրամադրության տակ է «Մատաղիսի գործ»-ի 2 տասնյակից ավելի հատորներից մեկը, որտեղ սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի հորեղբայրը գործի նախաքննության փուլում ցուցմունքներ է տվել այն մասին, որ մարդասպանը Իվան Գրիգորյանն է:
«Հարգելի քննիչ Հակոբյան, քանի որ ես անմիջապես եղել եմ դեպքի վայրում և ներկա եմ եղել սպանված երեխաների փնտրտուքի հետ կապված ամեն մանրամասներին, ուզում եմ իմ ցուցմունքով օգնել գործի քննությանը և գտնում եմ, որ գուցե դուք և քննությանը մասնակցող մյուս անդամները կկանգնեն ճիշտ ճանապարհի վրա, քանի որ այդ փաստերը արժանի են ուշադրության: Ես, Արթուր Եղիազարյանս, կարող եմ միանշանակ ասել, որ պարոն Իվանը և պարոն Միշիկ Արզումանյանը (հրամանատար) այդ օրերին` հունվարի 5-10-ը ժամանակահատվածում, մեզ բազմիցս շեղում էին ճիշտ ճանապարհից, չնայած իմ բոլոր պնդումներին՝ երեխաներին փնտրել ջրի մեջ:
Եվ վերջապես, երբ պարոն Միշիկը հրաման ստացավ ջրասուզակներ գցելու մասին, ես ամենայն ուշադրությամբ հետևում էի պարոն Իվանի պահվածքին: Նա Հովսեփի դին հանելու պահին և երեխային հանելուց հետո նոր միայն ներկայացավ դեպքի վայր: Կրկնակի իմ պնդումներով են երկրորդ անգամ ջրասուզակ պահանջել: Քանի որ ես համակ ուշադրությամբ հետևում էի և ջրասուզակներին, և Միշիկին, և Իվանին, նկատեցի, որ երկրորդ անգամ, երբ ջրասուզակները եկան, անմիջապես դեպքի վայրում կանգ չառան, այլ բարձրացան պարոն Միշիկի մոտ և բավականին ուշացան և հետո միայն ներքև իջան: Նրանք կանգնեցին կամրջի վրա և մի թել էլ կապեցին նույն ուղղությամբ, ջրասուզակը մտավ կամրջի տակ և դուրս գալով ասաց, որ երեխան կամրջի տակ է: Ինչու եմ այդպես մանրամասն ներկայացնում, որովհետև երբ առաջին անգամ ջրասուզակները Հովսեփի դին էին փնտրում նրանք ման էին գալիս միայն տարածության մեջ, առանց կամրջի կողմը թեքվելու:
Կարդացեք նաև
Նրանք այդ օրը ժամը 3-ի, 4-ի սահմաններում ընդհատեցին իրենց գործը և հայտարարելով, որ այդ տեղանքում 100 տոկոսով ուրիշ դիակ չկա, գնացին: Իսկ մենք այնքան էինք հուզված և գլուխներս կորցրած էինք, որ չպնդեցինք փնտրելու ուրիշ տեղ` կամրջի տակ և այլն: Ինձ թվում է, որ Արզումանյան Միշիկի հրամանից հետո նոր միայն ջրասուզակները գտան եղբորս որդուն, նա ճշգրտորեն տվել էր երեխայի գտնվելու վայրը և դա էր պատճառը, որ ջրասուզակը միանգամից կանգնեց երեխայի դիակի վրա:
Այդ օրը Իվանը նորից դեպքի վայրում հայտնվեց դիակի հանելուց հետո, և երբ ես ցավից մոտեցա, ձեռքով բռնելով նրա շորերից, անվանեցի դավաճան և պահանջեցի երեխային, նա անձայն հեռացավ Միշիկի մոտ: Իվանի հետ եղած ժամանակ, երբ երեխային էինք ման գալիս տարբեր ուղղություններով, նա տարբեր պատմություններ էր պատմում իր ներկայից ու անցյալից ու չեմ հիշում մի դեպք, որ նա դժգոհեր իր հիշողությունից: Չնայած իմ մտքում ես անընդհատ մտմտում էի, որ նրա մատը անպայման խառը կլինի այս գործին, բայց նա կարողանում էր իրեն հանգիստ պահել, բացառությամբ, երբ անցնում էինք գետի վրայով. ես բազմիցս նկատել եմ, որ նա անպայման մի ակնթարթ նայում էր գետին, այն կողմը, որտեղից հանեցին երեխաներին», -2004-ի մարտի 19-ին ցուցմունքում նշել է Արթուր Եղիազարյանը:
Անդրադառնալով Իվան Գրիգորյանի պահվածքին, Արթուր Եղիազարյանը ցուցմունքում նկատել էր. «Իվանի դեմքի արտահայտությունը, նրա փախուստը մեզանից. բոլորս էլ նկատեցինք որ նա հայացքը փախցնում էր մեզանից և ամենակարևորը` հիշողության կորուստը: Այնտեղ, որտեղ նրան ձեռնտու չէր նա չէր հիշում` պատճառաբանելով սկլեռոզը… Այս տեղեկությունները հայտնելով Ձեզ, ես գտնում եմ, որ որոշակիորեն օգնում եմ Ձեզ ձեր քննության ընթացքին և հավատացած եմ, որ ճիշտ և արդար որոշում կկայացնեք Ձեր խղճի ներքո և հանցագործները կպատժվեն օրենքի խստությամբ»:
Արթուր Եղիազարյանը ասուլիսում վկայակոչում էր մի տեսագրություն, որտեղ արդարացված Ռազմիկ Սարգսյանը ինքնախոստովանական ցուցմունք է տալիս: Սակայն պետք է նկատել, որ նյուն քրեական գործի նյութերից պարզվում է, որ գործում եղել է ևս մեկ ցուցմունք, որը տվել է զինծառայող Արման Գրիգորյանը՝ սպանությունը կատարելու գործում մեղադրելով Իվան Գրիգորյանին:
Ռոմանի համածառայակից Հովսեփ Մկրտումյանի մայրը՝ Գրետա Մնացականյանը,զարմացած էր Արթուր Եղիազարյանի այն հայտարարությունից, որ իրենք «8 տարի մասնակցել են Մատաղիսի դատավարությանը»: «Հազիվ մի քանի անգամ եկած լինեն լավ է: Հազիվ էին գալիս դատարան, երբ գործը տեղափոխվեց Շիրակի մարզի դատարան: Մենք ամեն անգամ Երևանից հասնում էինք Գյումրի, իսկ մյուս տուժածները գրեթե չէին գալիս», -Panorama.am-ի հետ զրույցում ասում է տիկին Գրետան:
Ինչևէ, Արթուր Եղիազարյանը, համաձայն չլինելով վճռի հետ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 18-ին կայացրած վճիռը արդեն բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը արդարացրել էր Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին և որոշել էր, որ պետք է գործով նոր քննություն կատարվի ու նոր մեղադրյալ ներգրավվի:
Նշենք, որ այս շարքի նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք Ռոման Եղիազարյանի մոր՝ Գոհար Մելքոնյանի դիմումը ուղղված այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որտեղ տիկին Գոհարը ևս պնդում էր, որ սպանությունը կատարել է Իվան Գրիգորյանը:
Հասմիկ Համբարձումյան
Panorama.am