Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության կադրերի դարբնոցը

Հունվար 17,2013 10:25

Սերժ Սարգսյանը նախօրեին խորհրդակցության էր հրավիրել կրթության և գիտության նախարարին, բուհերի ռեկտորներին և քննարկել համակարգի խնդիրները: Այս փաստը ուշագրավ է ոչ միայն այն տեսակետից, որ Հայաստանում կրթական համակարգի իրական և արդյունավետ բարեփոխման հրամայականը շարունակում է արդիական մնալ, այլ նաև այն տեսակետից, որ առաջիկա շաբաթներին արդիական է նախընտրական քարոզարշավը, նախագահի ընտրությունների կազմակերպումն ու քվեարկությունը:

Բանն այն է, որ հայաստանյան այս գործընթացում ավանդաբար մեծ դերակատարում ունեցող համակարգերից մեկը հենց կրթական համակարգն է իր հաստատություններով` դպրոցից մինչև բուհեր: Եվ բնական է, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին Սերժ Սարգսյանը ոլորտի պատասխանատուներին հրավիրում է խորհրդակցության: Նրանք պետք է պատասխանատվությամբ մոտենան իրենց առաքելությանը, հատկապես ներկայիս ընտրական գործընթացներում, քանի որ այդ գործընթացներում Սերժ Սարգսյանն ունի խնդիր ապահովել արդյունք՝ միաժամանակ թույլ չտալով աղմուկ: Եվ այս խնդրի լուծման գործում կրթական համակարգն իր, այսպես ասած, կազմակերպչական ռեսուրսներով Հայաստանում ունի էական նշանակություն: Սա է համակարգի բուն առաքելությունը, ինչպես պետական ցանկացած այլ համակարգի պարագայում:

Այլ՝ ի բնե ռազմավարական խնդիրներ այդ համակարգերի, նաև մասնավորաբար կրթական համակարգի վրա դրված չէ` միայն նպաստել և հնարավորինս մոբիլիզացվել նախագահական և խորհրդարանական ընտրություններում իշխանությունների վերարտադրության գործին: Նաև դա է պատճառը, որ Հայաստանի կրթական համակարգը անցած տարիների ընթացքում ոչ միայն զարգացում չի ապրել, այլև ձևի առումով ենթարկվելով տարբեր տրանսֆորմացիաների՝ բովանդակության տեսանկյունից ընդամենը վերածվել է ներկայիս իշխանական համակարգի կցորդի, այն դեպքում, երբ կրթական համակարգը` հատկապես բուհականը, ըստ էության, պետք է իր որակով, իր առաջադեմ գաղափարներով, մտածողությամբ և վարքով լինի բոլորովին այլ աշխարհ, հանդիսանա բոլորովին այլ միջավայր:

Սակայն այսօր Հայաստանում լրիվ հակառակ պատկերն է, և կրթական համակարգը հանդիսանում է ընդամենը իշխանական համակարգի արժանի հետնորդների, կադրերի դարբնոց, որտեղ առաջադիմությունը, նորարարությունը, նոր մտածողությունը ոչ թե բովանդակություն են, այլ ցուցանակ, որով ծածկվում են Հայաստանում իշխող համակարգի կնճիռները:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031