Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսներ՝ ոմն Արտակ Սարգսյանի շարժիչով

Հունվար 17,2013 10:14

Կառավարությունը Երևանում 2,9 հա տարածքը 1 քմ Դ34,5-ով տարեկան վարձավճարով հանձնել է գերմանական անհայտ MED. A. K GmbH ընկերության, որը խոստացել է ավտոբուսներ հավաքել՝ յոթ տարում ներդնելով $7 մլն:

Երեկվա նիստին կառավարությունը Պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևանում Միկոյան 18 հասցեում (Նորքի 5-րդ զանգված) գտնվող շարժական և անշարժ գույքը՝ շենքեր, կայաններ, տաղավարներ և այլն, 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել MED. A. K GmbH–ին: Կառավարության որոշմամբ՝ վարձակալն ունի վարձակալած գույքը գնելու նախապատվության իրավունք:

Նշված գույքի վարձավճարն առաջիկա յոթ տարում կազմելու է Դ1 մլն, կամ 1 քմ-ն՝ Դ34,5: Վարձակալության նման գինը մի քանի հարյուր անգամ էժան է շուկայականից: Ընդ որում՝ տարածքը ամայի տեղում չէ. Միկոյան 18 հասցեում գտնվող տարածքում առկա են շինություններ, մասնավորապես՝ 471 քմ մակերեսով վարչական շենք, 3,7  հազ. քմ մակերեսով նորոգման արհեստանոց, 500 քմ մակերեսով ավտոլվացման տեղամաս։

Իհարկե, գերմանական ընկերությունը խոստացել է այդ տարածքում կազմակերպել մեծ տարողության մեքենաների (ավտոբուսների) արտադրություն՝ յոթ տարվա ընթացքում ներդնելով $7 մլն՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ: Ներդրումների ծավալը վկայում է, որ իրականում տեղի է ունենալու ոչ թե ավտոբուսների արտադրություն, այլ ավտոբուսների հավաքում, և այդ ընկերությունն ավելի շատ նման է լինելու հավաքման արտադրամասի։ Ուշագրավ է, որ նման ընկերության մասին համացանցում գրեթե տեղեկատվություն չկա։ Միակ տեղեկությունը, որ հնարավոր է համացանցում գտնել MED. A. K GmbH ընկերության մասին, այն է, որ ընկերությունը գրանցված է Գերմանիայի Մյունխեն քաղաքում, և այդ կազմակերպության միակ կոնտակտային անձը ոմն Արտակ Սարգսյան է:

Տրանսպորտի և կապի նախարարության առաջարկությամբ՝ 2012թ. դեկտեմբերի 20-ին կառավարությունը որոշում ընդունեց «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից հանել Երևանի Նորքի 5-րդ զանգվածում գտնվող 2,9 հա հողատարածքը և գույքը ու այն հանձնել Պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
Անշարժ գույքի մնացորդային արժեքը գնահատվել է Դ2,5  մլն կամ 1 քմ-ի դիմաց միջինը՝ Դ385, այն դեպքում, երբ Նորքի 5-րդ զանգվածում 1 քմ տարածքի գինը երկրորդային շուկայում Դ200  հազ. է։

Ի դեպ՝ երեկ երեկոյան տրանսպորտի և կապի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.
«Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և համաշխարհային համբավ վայելող հնդկական Ashok Leyland կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նախատեսվում է Հայաստանում ավտոբուսների արտադրություն հիմնել, որը կթողարկի միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ։

ՀՀ կառավարության այսօր տեղի ունեցած նիստում թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող գույքը 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել MedAK GmbH գերմանական ընկերությանը՝ ավտոբուսների արտադրություն կազմակերպելու համար։

Որոշմամբ սահմանվել է, որ նշված գույքի տարեկան վարձավճարն առաջիկա 7 տարվա համար կազմում է ֌1 մլն, որն ուղղվելու է ՀՀ պետբյուջե։

Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան կազմակերպել միջին և մեծ տեղատարողության մեքենաների /ավտոբուսների/ արտադրություն՝ 7 տարվա ընթացքում ներդնելով 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Գործարանին անհրաժեշտ սարքավորումները և պահեստամասերը կներմուծվեն հնդկական կողմից, Հայաստանում կիրականացվի ավտոբուսների հավաքման ընթացքը։ Գործարանի գործարկման առաջին տարում նախատեսվում է արտադրել մինչև 200 ժամանակակից, բարձրակարգ ավտոբուս։ Դրանք անաղմուկ են, հարմարավետ նստարաններով, ունեն օդորակման համակարգ։
Արտադրության կազմակերպմամբ ավելի քան 100 նոր աշխատատեղ կստեղծվի։ Մեր մասնագետները կվերաորակավորվեն ընկերության գործարաններում։

Այս նախաձեռնությանը հիմք է դրվել դեռևս 2 տարի առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և Ashok Leyland կազմակերպության գործադիր տնօրեն Պիեռ Գուստավի հանդիպման ընթացքում։

Իսկ արդեն 2012թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսներին նրանց հանդիպման ժամանակ քննարկվել են գործարանի հիմնադրման և արտադրության կազմակերպման մանրամասները։

Հայաստանում արտադրվող ավտոբուսները զգալի էժան կլինեն մինչ օրս ներմուծվող ավտոբուսներից։ Գործարանի շինարարությունը կմեկնարկի 2013թ. առաջին եռամսյակում։ Մինչ այդ հանրությանը կներկայացվեն արտադրվող ավտոբուսների նմուշները։
Ashok Leyland կազմակերպությունը հիմնվել է 1948թ.։ Այն տրանսպորտ արտադրող խոշորագույն կազմակերպություններից է, որի արտադրանքն արտոնագրված է Միացյալ Թագավորության կողմից»:

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031