Հունվարի 16-ին Սեւան քաղաքում, ՀՀ Վարչական դատարանում(դատավոր՝ Հովհաննես Թորոսյան) կայացել է պետական եկամուտների կոմիտեի Տավուշի տարածքային հարկային տեսչության դեմ «Էլագրա» ՍՊԸ հայցով առաջին նիստը: Հայցով ընկերությունը պահանջում է վերացնել վարչական ակտը:
«Էլագրա» ՍՊԸ-ն 2010թ. մայիսից Բագրատաշեն գյուղում չի կարողանում առեւտուր իրականացնել, թեեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիզենզիա: «Էլագրայի» ներկայացուցիչները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ տարածքային հարկային տեսչությունը մերժում է գործունեություն սկսելու մասին իրենց հայտարարությունը եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների հարկային մարմնում գրանցումը: Հունվարի 15-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես է եկել հաղորդագրությամբ, ուր նշված են Բագրատաշենում առեւտուր կազմակերպելու հետ կապված խոչընդոտները եւ ասված է. « ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են «Էլագրա» ՍՊԸ-ի իրավունքները»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև