Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

1 միլիոն դոլարի նվեր ՀՀ կառավարությունից

Հունվար 16,2013 20:14

Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում համաձայնել է Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում ավելի քան 1000քմ մակերեսով հողամասը նվիրաբերել «Երևան, իմ սեր» հիմնադրամին` բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ինքը նշել է, որ նվիրաբերվող գույքի շուկայական արժեքը 400 միլիոն դրամ է (շուրջ 1 միլիոն դոլար)։

Նշվում էր, որ նախատեսվում է կառուցել երեք ցածրահարկ շենք, որոնցից մեկում գործելու է կարիքավոր ընտանիքների լսողության խնդիր ունեցող երեխաների կենտրոն, մյուսն անվճար հատկացվելու է միայնակ մայրերի և երեխաների կարիքներին, երրորդը՝ իբրև Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու օժանդակ շինություն, տրամադրվելու է եկեղեցու սպասավորների և համայնքի կարիքներին։

Այս լուրը կարդալիս միգուցե շատերի մոտ հարց առաջացած լինի՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այս հիմնադրամը, և ո՞վ է կանգնած նրա թիկունքում, որ կառավարությունն այսքան շռայլ է գտնվել։

Իրականում հատուկ հետաքննություն անցկացնելու կարիք չկա։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախկին վարչապետ, Eurasia House International կազմակերպության նախագահ Արմեն Սարգսյանն է (այդ մասին պաշտոնապես հայտարարվել է)։

Իսկ ի՞նչ է արել այս հիմնադրամը մինչ օրս, ի՞նչ պատմություն ունի, որ ՀՀ իշխանություններն այսքան վստահում են նրան։ Ըստ էության՝ ոչինչ, բացի մեծ շուքով իր մեկնարկը նշելուց։

«Երևան, իմ սեր» ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2011 թվականի հունիսին՝ ավելի, քան 1.5 տարի առաջ։ 2011թ. հունիսի 15-ին Լոնդոնում տեղի ունեցավ շքեղ դրամահավաք-միջոցառում։ Նորին Թագավորական մեծություն Ուելսի Արքայազն Չարլզը և թագավորական ընտանիքի անդամները Բուքինգհեմյան պալատում հյուրընկալել էին անգլո-հայկական բարեգործական միջոցառման հյուրերին`բարձրաստիճան անձանց, պաշտոնյաների, հայտնի քաղաքական, մշակութային և հասարակական գործիչների: Բուքինգհեմյան պալատում հյուրընկալվածների թվում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Կարեն Կարապետյանը, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, Շառլ Ազնավուրը, Ջիվան Գասպարյանը և այլք:

Նշվում էր, որ գոյացած նյութական միջոցները պետք է հատկացվեն չորս շինությունների վերականգնմանը. երկուսը՝ Երևանի Կոնդ թաղամասում, մյուս երկուսը` քաղաքի կենտրոնում:  Երևանի կենտրոնում վերականգնվելիք երկու շենքերում, ինչպես նշվում էր հաղորդագրության մեջ, պետք է տեղակայվեր ազգային նվագարանների երաժշտական դպրոց՝ որբ երեխաների ու պատանիների համար։ Ավելին, նշվում էր, որ դպրոցը կղեկավարի աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ով ինքն էլ որբ է եղել ու մեծացել` իր ժամանակի երաժիշտների ու արվեստագետների հոգածության ու հովանավորության ներքո:

Ի դեպ, բացի երևանյան ծրագրից, Բուքինգհեմյան պալատի միջոցառումը միջոցներ էր հանգանակել նաև անգլիական՝ Շոտլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Դամֆիս դղյակի պահպանման համար։

Դրանից հետո՝ հուլիսի 1-ին, պաշտոնապես ազդարարվեց բարեգործական ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկը` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման ժամանակ:

Թե որքան գումար էր հավաքվել լոնդոնյան միջոցառման արդյունքում, և դրա որ մասն է ծախսվել, այդ մասին չի հաղորդվում։ Սակայն, եթե հայտնի չէ, թե շոտլանդական Դամֆիս դղյակի պահպանման համար որքան է ծախսվել և ինչ է արվել, ապա գոնե հայտնի է, որ «Երևան, իմ սեր» ծրագրով 1.5 տարվա ընթացքում, ըստ  էության, ոչինչ չի արվել՝ բացի նախագծային աշխատանքներից։

Իսկ Ջիվան Գասպարյանի դպրոցի մասին առայժմ չեն խոսում։ Ի դեպ, թերևս՝ հասկանալով, որ դուդուկահարների դպրոցի կառուցումը մոտ ապագայի բան չէ, և հայտնի դուդուկահարը դժվար թե հասցնի այն ղեկավարել, նախաձեռնության հեղինակները սկսեցին լուրեր տարածել, որ Ջիվան Գասպարյանն ինքն է իր անունը կապում այդ դպրոցի հետ։

Հեղինակ` 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031