Լրահոս
Օրվա լրահոսը

Լսել միայն որակյալ երաժշտություն. Հորդորում են մասնագետները

Հունվար 16,2013 19:16

 Գրեթե չկա մեկը, որը չսիրի երաժշտություն, սակայն ոչ բոլորն են գիտակցում դրա ազդեցությունը մարդու առողջության վրա: Ըստ աստղահոգեբան Նունե Թորոսյանի` մաթեմատիկոս Պյութագորասը մաթեմատիկան, աստղաբանությունը և երաժշտությունը  համարում էր ամենակարևորը, սակայն գերմանացի աստղագետ Յոհան Կեպլերն առաջինը բացահայտեց երաժշտության և մոլորակների միջև եղած սերտ կապը: «Բնության մեջ ամեն ինչ հաշվարկված է. 7 գույն, 7 գլխավոր օրգան, 7 նոտա, 7 շաբաթ, 12 հնչյուն, 12 կենդանակերպ և այլն: Յուրաքանչյուր երաժշտական նոտա ունի իր վիբրացիան և համապատասխանում է մի կենդանակերպի, իսկ ամեն հնչյուն, որն անցնում է 12 կենդանակերպի միջով, առաջացնում է մեկ երաժշտական նոտա: Ուստի, ծննդյան պահին մոլորակների դասավորության` կենդանակերպի հիման վրա կարելի է ստեղծել անհատական երաժշտություն», – բացատրեց աստղահոգեբան Ն. Թորոսյանը` շարունակելով, որ առաջին նոտան` դոն համապատասխանում է Մարս մոլորակին, որը պատասխանատու է սեռական օրգանների համար, ռեն համապատասխանում է Վեներային (կոկորդ, միզուղիներ և երիկամներ), մին` Լուսնին (ստամոքս), ֆան` Յուպիտերին (լյարդ, լեղապարկ), սոլը` Արևին (սիրտ, աչք, ողնաշար), լյան` Մերկուրիին (թոքեր), իսկ սին` Սատուրնին (մաշկ, ատամներ):

Հոգեթերապևտ Միհրդատ Մադաթյանի կարծիքով էլ, երբեմն երաժշտությունն ավելորդ խթանիչ է հանդիսանում և դառնում կպչուն` մտավոր ու ֆիզիկական ազդեցություն թողնելով մարդու վրա: «Ասել, թե մարդը միշտ պետք է լսի մեկ ոճի երաժշտություն, սխալ կլինի, սակայն հաճախ երաժշտությունը տրամադրություն է սինթեզում: Կախված մեր տրամադրությունից, օրվա ժամերից և բազմաթիվ այլ գործոններից, մեզ երբեմն դուր չի գալիս նույնիսկ ամենասիրելի երաժշտությունը», – նշեց Մ. Մադաթյանը և ավելացրեց, որ յուրաքանչյուր մարդու մոտ երաժշտական ոճերի ընկալումը տարբեր է. ինչ-որ մեկը սիրում է քնել դասական երաժշտության ներքո, մեկ ուրիշն էլ ցանականում է ծանր ռոքի ակորդներ լսել`արթնանալու համար:

«Եթե երաժշտությունը ներդաշնակ է մարդու հոգեէմոցիոնալ վիճակին, այն դրական ազդեցություն կթողնի նրա վրա: Հակառակ դեպքում այն կարող է ծայրահեղ բացասական հետևանք ունենալ: Կարևոր նշանակություն ունի նաև ազգային-մշակութային պատկանելությունը: Օրինակ՝ եվրոպացին միշտ չէ, որ իրեն հարմարավետ է զգում արևելյան երաժշտություն լսելիս, քանի որ այդպիսի երաժշտության երկարատև ազդեցությունը նրա մոտ որոշ հոգեկան խանգարումներ կարող է առաջացնել», – հավելեց հոգեթերապևտը:

Երաժշտությունը նաև դրական ազդեցություն ունի մարդու վրա: Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ նշանակություն ունի ոչ միայն երաժշտության ռիթմն ու տոնայնությունը, այլ նաև երաժշտական գործիքի առկայությունը: Այսպես, օրինակ՝ դաշնամուրի նվագը հավասարակշռում է հոգեկանը, կանոնավորում երիկամների, միզապարկի աշխատանքը և մաքրում վահանագեղձը, երգեհոնի ձայնը խթանում է ուղեղի աշխատանքը` նորմալացնելով ողնաշարում էներգետիկ հոսքերը, լարային գործիքներ՝ կիթառը, տավիղը, ջութակը և վիոլոնչելը կարգավորում են սիրտանոթային համակարգի աշխատանքը, փողային գործիքները նպաստում են շնչառական համակարգի աշխատանքին` մաքրելով թոքերը, բրոնխները և դրական ազդում արյան շրջանառության վրա, իսկ հարվածային գործիքներն օգնում են վերականգնել սրտի ռիթմը` կարգավորելով լյարդը և արյունատար համակարգը:

«Գիտնականները պարզել են, որ բազմաթիվ դասական գործեր ունեն ֆանտաստիկ ազդեցություն: Օրինակ` Մոցարտի երաժշտությունն օգնում է ակտիվացնել ուղեղի աշխատանքը և նպաստում է ինֆորմացիայի արագ ընկալմանը, Բեթհովենի «Ֆիդելիոն», Օգինսկու «Պոլոնեզը» և Լիստի «Հունգարական ռապսոդիան» օգնում են գլխացավերի ժամանակ, Չայկովսկու, Գրիգի և Սիբելիուսի պյեսները համարվում են լավագույն դեղամիջոցն անքնության ժամանակ, իսկ Վիվալդիի «Տարվա ժամանակների» ռեգուլյար լսումները լավացնում են հիշողությունը», – ասաց Մ. Մադաթյանը` հավելելով, որ մարդու վրա դրական ազդեցություն են գործում նաև ազգային` էթնիկ երաժշտությունները: Իսկ ի՞նչ կարծիքի են աստղագետները: «Առաջ դասական երաժշտությունը ստեղծվում էր մոլորակային սկզբունքի հիման վրա, դրա համար էլ մարդն ավելի առողջ էր: Սակայն այսօր անգամ շատ բժիշկներ հեռացել են դրանից` հրաշքներ ակնկալելով դեղորայքից», – ցավով նշեց աստղաբանը: Նա փորձեց առանձնացնել դասական հանճարների գործերը` բացատրելով դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա, ըստ որի` Մոցարտի երաժշտություններն ավելի հարմար են ջրհոսներին, ինչն օգնում է նաև հիստերիաների դեպքում, իսկ Բեթհովենի տարբեր սիմֆոնիաներ տարբեր կերպ են ազդում յուրաքանչյուրի վրա: «Պետք է հիշել, որ երաժշտությունը միայն մեկ տոն չէ, այլ բազմաշերտ հնչյունային միացություն, որը տարբեր ազդեցություն ունի, – ընդգծեց Ն. Թորոսյանը:

Միհրդատ Մադաթյանի կարծիքով, ազդողը ոչ թե նոտաներն են` առանձին-առանձին, այլ դրանցից կառուցված կոմպոզիցիաները: Նոտաների ազդեցությունը կարող է միայն կախված լինել դրանց ձայնային ալիքի երկարություններից: «Եթե հաշվի առնենք, որ մարդու ականջն ընկալում է 16 հերցից մինչև 22 կիլոհերց ընկած հաճախականությունը և ամենացածր նոտան (սուբկոնտրօկտավայի մի նոտան) ունի 20,61 հերց հաճախականություն, որն արդեն ավելին է քան ուղեղի ամենաարագ՝ բետտա ալիքների վերին հաճախականությունը, կարելի է ենթադրել, որ ոչ թե կոնկրետ նոտաների արձակած ձայնն է ազդում մարդու վրա, այլ դրանց միացությունը», – նշեց հոգեթերապևտը:

Վերջին տարիներին համացանցում տեղադրված և արդեն սպառողներ գտած թմրադեղերին փոխարինող երաժշտական հնչյունների մասին զրուցելիս Մ. Մադաթյանը նշեց, որ այդ աուդիոնարկոտիկները կամ I-Doser-ները ստեղծվել են 2006 թվականին, իսկ 2009թ-ից դարձել շատ հայտնի: «Դրանք երաժշտություններ չեն, այլ հատուկ հաճախականության բինաուրալ ռիթմեր, որոնք մեխանիկորեն, իրենց տատանումների հաճախականության հաշվին, ազդում են մարդու ուղեղի վրա: «Թվային թմրանյութեր» լսելու բացասական ազդեցության մասին կոնկրետ հետազոտություններ չկան, սակայն նկատվել է, որ դրանց օգտագործումը վկայում է պոտենցիալ վտանգավոր փորձեր կատարելու մարդու պատրաստակամության մասին և կարող է նախորդել իրական թմրանյութերի օգտագործմանը»: Միհրդատ Մադաթյանից տեղեկացանք նաև, որ 2009 թ-ին արդեն հաշվվում էր 100-ից ավելի նմանատիպ ձայնային ֆայլ, որոնց անվանումներն ասոցացվում էին ավանդական թմրադեղերի հետ «մարիխուանա», «ԼՍԴ» և այլն: Մյուսներն ունեին վերացական անվանումներ՝ «Աստծո ձեռք», «կյանքի ծարավ»: «Սանկտ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի էքսպերիմենտալ բժշկության ինստիտուտում կատարված որոշ հետազոտությունների համաձայն, այդ ձայների ազդեցությունը բերում է էլեկտրոէնցեֆալոգրամմայի արդյունքի խախտումների՝ պարոքսիզմների: Ենթադրվում է նաև, որ այդ ձայնային տատանումներն ազդում են ուղեղի ռիթմերի վրա` «մարսվելով» դրա կողմից», – եզրափակեց Մ. Մադաթյանը:

Փաստորեն, թվային թմրանյութերի հեղինակները շատ լավ էլ հասկանում են, որ դրանցում գործում է ինքնաներշնչման գործոնը և.. կլորիկ գումարներ կորզում սպառողներից:

 

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031