Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել «ՔԵՆԴԼ» նախագծի իրականացման ընթացքին, զարգացման հեռանկարներին և ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին: Սինքրոտրոնային լույսի օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոնի մասնագետների հավաստմամբ, «ՔԵՆԴԼ» ծրագիրը միտված է 3-րդ սերնդի արագացուցչային-կուտակիչ համալիրի վրա հիմնված լուսային ճառագայթման աղբյուրի ստեղծմանը: Համալիրն ուլտրամանուշակագույնից մինչև ռենտգենյան ալիքի երկարության լայն տիրույթում հզոր, յուրօրինակ լուսային հոսքի մոտ 40 կայանի հնարավորություն կունենա: Այն հնարավորություն կտա ուսումնասիրել ցանկացած տեսակի նյութի կառուցվածք՝ բջջից մինչև ատոմային մակարդակը, այսինքն` ժամանակակից գիտական հետազոտություններ կատարել հիմնարար և կիրառական ուսումնասիրությունների ողջ տիրույթում` ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, բժշկության, շրջակա միջավայրի, նյութագիտության, դեղագործության, նանոէլեկտրոնիկայի և միկրոարտադրության բնագավառներում:
ՀՀ Նախագահի
աշխատակազմ