Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց Սուրեն Սուրենյանցի ցուցմունքը

Հունվար 16,2013 18:47

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մեղադրող Նելլի Աշրաֆյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է քաղաքացի Գրիգոր Ղասաբյանից առանձնապես խոշոր չափի՝ 508 հազար դրամ գումար խարդախությամբ հափշտակելու համար:

Դատարան էին ներկայացել Սուրեն Սուրենյանցը, նրա պաշտպանը՝ Կարապետ Գալստյանը, տուժող Գրիգոր Ղասաբյանը եւ ուշացումով՝ նրա աղջիկը՝ Պերճուհին, որին դատական նիստից ուշանալու համար նախազգուշացրեց դատավոր Արմեն Խաչատրյանը:

Տուժող Գրիգոր Ղասաբյանը հայտարարեց, որ ինքը իր լավագույն ընկեր Սուրեն Սուրենյանցից ոչ մի պարտք ու պահանջ չունի, նա եղել եւ մնում է իր լավագույն ընկերը: Ապա հայտնեց դատարանին, որ դիմել է Սուրենին, որպեսզի նա օգնի՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն ավարտած իր աղջկան աշխատանքի տեղավորի Արտաքին գործերի նախարարությունում: Այդ նպատակով նա 110 հազար դրամ գումար է տվել ամբաստանյալին, որպեսզի Ամերիկյան համալսարանում իր աղջիկը մասնակցի դասընթացների, իսկ հետո տվել է 71 եվրո գումար, քանի որ Սուրենն ասել էր, թե կօգնի, որպեսզի աղջիկը մեկնի Ֆրանսիա՝ դասընթացների մասնակցելու համար: Մինչ այդ, ըստ տուժողի, Սուրենն իրենից ստացել է 1000 դոլար գումար, որը չի կարողացել վերադարձնել: Տուժողը նախ ասաց, որ 1000 դոլարը ինքը տվել է Սուրենին, մեկ՝ որպես պարտք, ապա փոխեց ցուցմունքը, ասաց, որ համատեղ բիզնես պետք է ձեռնարկեին, իսկ երբ դատախազը եւ դատավորը փորձեցին ճշտել, թե ի՞նչ համատեղ բիզնեսի մասին էր խոսքը եւ յուրաքանչյուրն ինչ պարտավորվածություն ուներ, տուժողն ասաց, որ ինքը միայն գումար տվողն է եղել:

Տուժողի ցուցմունքում հակասություններ նկատելով, միջնորդեց, որպեսզի հրապարակվի նրա՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքը: Նախաքննության ժամանակ տուժողը հայտնել էր, որ «թղթի գործի համար» իրենից 1000 դոլար է վերցրել Սուրեն Սուրենյանցը: Ապա նա հայտնել էր, որ իր գումարը ոչ թե 508 հազար դրամ է, այլ 480 հազար, քանի որ 20 հազար Սուրենը ծախսել է իրեն հյուրասիրելով, իսկ 6000-ն էլ տաքսիով ճանապարհել էր Հրազդան:

Պերճուհի Ղասաբյանը հայտնեց դատարանում, որ ընդհանրապես չի ճանաչում Սուրեն Սուրենյանցին, չի լսել նրա մասին եւ որ առաջին անգամ տեսել է դատարանում: Նա չէր իմացել հոր կողմից Սուրենին դիմելու, նրան տրամադրած գումարների մասին:

Մեղադրողը միջնորդեց, որպեսզի հրապարակվի նաեւ այս վկայի ցուցմունքը, որը տրվել էր նախաքննության մարմնին՝ անցյալ տարվա օգոստոսին: Պարզվեց, որ նախաքննության ժամանակ այս վկան իմացել էր, որ հայրը դիմել էր Սուրենյանցին՝ իրեն Արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի տեղավորելու, ապա ուսումնառության նպատակով Ֆրանսիա ուղարկելու, Ամերիկյան համալսարանում դասընթացների մասնակցելուն օգնելու համար: Վկան ասաց, որ պնդում է նախաքննության ժամանակ տված ցուցմունքը, քանի որ որոշ բաներ մոռացել է:

Սուրեն Սուրենյանցը ցուցմունք տվեց, նա ասաց, որ իրականում ինքը փորձել է զբաղվել թերթի թղթի ներմուծմամբ, այդ նպատակով պետք է մեկներ Վրաստան: Դիմել է մի քանի հոգու, որպեսզի գումար հայթայթի եւ իրեն ընդառաջել է միայն Գրիգոր Ղասաբյանը: Նա ասաց, որ իրականում իր թափթփվածությունն է եղել պատճառը եւ նաեւ անձնական որոշակի խնդիրները, որ չի կարողացել վերցրած պարտքը մարել:

Նա ասաց, որ առանց ծանուցագրի, հեռախոսազանգով է հրավիրվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք եւ բառացիորեն գրել է այն, ինչ թելադրել է քննիչը: Նա ասաց, որ ոստիկանության Արաբկիրի արդեն իսկ նախկին բաժնի պետի՝ Մեհրաբյանի եւ իր հարաբերություններում եղել է սուբյեկտիվ վերաբերմունք, քանի որ 2008-ի մարտի 1-ին նրա ցուցումով էր ձերբակալվել: Նա ասաց, որ Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատաոճին անդրադարձել են նաեւ հանրապետության ղեկավարները եւ իր գործը դրանցից մեկն էր:

Սուրենյանցին հարցաքննեց նրա պաշտպան Կարապետ Գալստյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031