Քիչ առաջ ավարտվել է, ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստը, որը, նկատի ունենալով վերջին օրերին «Ժողովրդավարական հայրենիք» եւ «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարներ՝ Պետրոս Մակեյանի եւ Սոս Գիմիշյանի` ՀԱԿ առաջնորդի եւ ՀԱԿ համակարգողի ու, ընդհանրապես, ՀԱԿ-ում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու հայտարարությունները, ակնկալվում էր, որ սկանդալային է լինելու: Սակայն, Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ոչ Պետրոս Մակեյանը, ոչ էլ Սոս Գիմիշյանը նիստին ներկա չեն եղել, իրենց առաջարկները պաշտոնապես չեն ներկայացրել, հետեւաբար, այդ իմաստով, քննարկելու առիթ էլ չի եղել:
ՀԱԿ քաղխորհրդի նիստում հիմնական խոսակցության թեման եղել է այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված Սասուն Միքայելյանի հոդվածը: Ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սասուն Միքայելյանի հրապարակումները չեն մեկնաբանվելու` անկախ նրանից, թե ինչ տեսակետ կարտահայտի Միքայելյանը: ՀԱԿ-ում այդ պայմանավորվածությանը հանգել են, նկատի առնելով այն, որ Սասունը իրենց հարազատ մարդ է եւ իր բոլոր դրսեւորումներում անկեղծ է եղել: ՀԱԿ-ում համարում են, որ Սասունի այս պոռթկումն էլ անկեղծ է եղել ու քննադատության արժանի չէ:
Մեզ հետ զրույցում Պետրոս Մակեյանը հաստատեց, որ ներկա չի եղել ՀԱԿ քաղխորհդի նիստին` իր մտերիմներից մեկի հուղարկավորությանը մասնակցելու պատճառով: Մակեյանն ասաց, որ իրենց կուսակցության քաղխորհրդի` ՀԱԿ կառուցվածքային փոփոխությունների մասին փաթեթը դեռ պաշտոնապես չի ներկայացրել քաղխորհրդի քննարկմանը: Այն դեռ լրացուցիչ քննարկումների ու համաձայնությունների կարիք ունի:
Պատասխանելով Սասուն Միքայելյանի հոդվածի մասին Aravot.am-ի հարցին էլ Մակեյանն ասաց. «Ինչ որ Սասունը գրում է, նույնը ես եմ ասել: Ինքն ավելի մեղմ էր գնահատել, ես ավելի կոշտ եմ ասում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ