Քիչ առաջ Aravot.am-ի խմբագրություն զանգահարեց դատապարտյալ Համլետ Ղազարյանը եւ լացակումած հայտարարեց, որ 29 հատ ասեղ է մտցրել մարմնի տարբեր հատվածներում, ինչի հետեւանքով նրան Հրազդան քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Դատապարտյալի պատմելով՝ Հրազդան քրեակատարողականում նրան պարբերաբար ծեծի են ենթարկում. «Ամեն անգամ, երբ բողոքում եմ եւ լրագրողներին եմ զանգում, ինձ ծեծում են՝ թե ինչու եմ բողոքում: Ստիպում են չբողոքեմ նախարարին, ինձ ավել սռոկ են տվել: Որ բողոքում եմ, Հրազդանի շեֆի հրահանգով ինձ ծեծում են: Չի կարելի էլի, հո անտեր չենք: Հացադուլ եմ արել, ինձ խոնավ ու ցուրտ մեկուսարանում են պահել, թոքախտ են սարքել: Հիմա ասեղները հանել են, բայց 4 հատը չեմ թողնում հանեն, մինչեւ լրագրողները չգրեն, թե ոնց են վարվում ինձ հետ ու մինչեւ նախարարին չասեն իմ մասին: 4 ասեղ կա փայծաղիս ու թոքիս մեջ: Որ կալանավորը բողոքում է կամ զանգում է լրագրողին, ծեծում են»:
Այս առնչությամբ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Aravot.am-ին ասաց, որ դատապարտյալ Համլետ Ղազարյանին դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխել տուբերկուլյոզի կասկածով, նա պետք է մեկուսացվի եւ մոտ 6 ամիս բուժվի: Ինչ վերաբերում է 29 ասեղ մարմնի մեջ մտցնելուն, պարոն Ղլեչյանն ասաց, որ
դատապարտյալը երբեմն նման բան է անում, ընդամենը մաշկի տակ ասեղներ է մտցնում, հետո կամ ինքնուրույն հանում, կամ էլ բժիշկների միջամտությամբ. «Համլետ Ղազարյանը դատապարտվել է խոշոր չափերի խարդախության համար, իրեն Հրազդան քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել իր իսկ խնդրանքով Վանաձորից: Ինչ վերաբերում է հիմնարկում նրան ծեծի ենթարկելուն, դա իրականությանը չի համապատասխանում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև