Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը հունվարի 21-ից փետրվարի 16-ը իր 380 տեղանոց դահլիճը պատրաստ է տրամադրել ՀՀ նախագահի թեկնածուներին` նախընտրական հանդիպումներն իրականացնելու համար:
Հ.Ղափլանյանի անվան Երեւանի դրամատիկական թատրոնն էլ քարոզչական հանդիպումների համար նույն օրերին 340 տեղանոց դահլիճ է պատրաստել:
Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք էջից, վարչական շրջանների ղեկավարները ՀՀ նախագահի թեկնածուների համար առանձնացրել են այն օբյեկտները, որտեղ թեկնածուներն անվճար հիմունքներով, կարող են կազմակերպել իրենց նախընտրական հանդիպումները:
Թեկնածուները հունվարի 21-ից փետրվարի 16-ը իրենց համակիրների հետ կարող են հանդիպել Նոր Նորք մշակույթի կենտրոնում, որի դահլիճը 250 տեղանոց է:
Կարդացեք նաև
Նախընտրական հանդիպումների համար իր ծառայություններն է առաջարկում նաեւ Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, «Աջափնյակ» գեղագիտական կենտրոնը, Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցը, Նուբարաշենի երաժշտական դպրոցը, Երեւանի զբոսաշրջության եւ սպասարկման սննդի արդյունաբերության հայ-հունական քոլեջը, Նուբարաշեն վարչական շրջանում` Մարզամշակութային կենտրոնը, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցն իր 300 տեղանոց դահլիճով, Արաբկիրում` «Ակադեմիկոս Ա.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ը, Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցը, Էրեբունի վարչական շրջանում` թիվ 3 մանկապատանեկան կենտրոնը` 360 տեղանոց դահլիճով: Կենտրոն համայնքում՝ Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի դահլիճը` նախատեսված 90 մարդու համար, Մալաթիա-Սեբաստիայում՝ թիվ 91 դպրոցը՝ 110 տեղանոց դահլիճով, եւ թիվ 113 դպրոցը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ