Երեւանի մամուլի ակումբն իրականացրել է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում 2013թ-ի նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկում՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵՄ աջակցությամբ: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա նշեց, որ հետազոտության «օբյեկտ» է հանդիսացել համազգային 6 հեռուստաալիք՝ «Հ1», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Հ2», «Շանթ», «Արմնյուզ»:
Հետազոտության առաջին փուլի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Հայաստանի ԶԼՄ-ները քաղաքական ուժերի կամ ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուների հանդեպ խտրականություն եւ կողմնակալություն չեն դրսեւորել: Սակայն կարելի է ասել, որ ԶԼՄ-ները ընտրողներին ըստ պատշաճի չեն օգնել կողմնորոշվելու հարցում, ինչի պատճառը ստեղծված ներքաղաքական իրավիճակն է:
Ուշագրավ է, որ ուսումնասիրության երկրորդ փուլի արդյունքների համաձայն՝ հնարավոր թեկնածուներին եթերում խոսքի տրամադրման հաճախակիության առումով առաջատար է «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում անունն ի վերջո չի հայտնվել ցուցակում: Հնարավոր թեկնածուների` եթերում բոլոր հիշատակումների 43,0 տոկոսը բաժին է ընկել այն ութ թեկնածուներին, ովքեր ի վերջո կմասնակցեն նախահագական աթոռի համար պայքարին»:
Նավասարդյանի խոսքով. «Քաղաքական ուժերի եւ հնարավոր թեկնածուների հանդեպ ամենամեծ ուշադրությունը ցուցաբերել է «Արմնյուզ» հեռուստաալիքը, իսկ ամենաքիչը` «Շանթը» եւ «Արմենիան»:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, հայաստանյան հեռարձակվողների ուշադրության կենտրոնում է հայտնվել հինգ քաղաքական ուժ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», իսկ «Օրինաց Երկիրը» քիչ ուշադրության է արժանացել: Ընդհանուր առմամբ, հետազոտության ողջ ժամանակահատվածում հնարավոր թեկնածուներից առավել հաճախ հիշատակվել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ