Երեկ ՊՆ-ում, որտեղ հավաքվել է ողջ իշխանական վերնախավը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադաձավ ԼՂՀ հիմնախնդրին և Ադրբեջանի վերջին շրջանի պահվածքին: Մասնավորապես Ս. Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանի ժողովուրդը դեռ երկար ժամանակ անպատրաստ է լինելու խաղաղ գոյակցության և Ադրբեջանի հասարակության մեջ հայատյացության սերմանումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար: Այնուհետև ՀՀ նախագահը զգուշացրեց ու հիշեցրեց. «Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի համակերպվել Ստալինի դաված ապօրինությանը, ղարաբաղցին երբեք իրեն չի համարել Ադրբեջանի քաղաքացի, երբեք չի համակերպվել Ադրբեջանին բռնակցվելու որոշմանը»:
Aravot.am-ի հետ զրույցում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ դրական համարեցին Ս. Սարգսյանի խիստ ելույթն ու նրա հայտարարությունները Ադրբեջանի վարած քաղաքականությանը համարժեք պատասխան որակեցին:
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այս կապակցությամբ ասաց. «Ինչ ասել է Սերժ Սարգսյանը՝ դեռ քիչ է, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը բազում անգամներ է նշել, թե ինչպիսին պիտի լինեն հայկական կողմի քայլերը: Սերժ Սարգսյանը կարծում եմ ճիշտ է վարվել այն առումով, որ Ալիևի վարած հռետորաբանությունը հայատյացության քաղաքականություն է, այդ հռետորիկայով հանդես գալով նա հասարակությանը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի է պատրաստում: Լավ է, որ հիմա է ասում Սերժ Սարգսյանը, բայց «Ժառանգությունը» և Րաֆֆի Հովհաննիսյանը տարիներ առաջ ասում էին, որ անհրաժեշտ է մադրիդյան սկզբունքներից հրաժարվել, ճանաչել ԼՂ անկախությունը, որ ԼՂ-ն վերադառնա բանակցային սեղանի շուրջ, որ մեր անվտանգության գլխավոր երաշխավորը հենց մենք ենք: Ցավոք, այս ամենը հիմա է ասվում: Լավ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշ տեսակետներին ժամանակի ընթացքում և մոտենում են, և օգտագործում են այն եզրույթները, որոնք օգտագործել է նա:
Դրական եմ նայում Սերժ Սարգսյանի այս քայլին, անկախ նրանից, որ իշխանությունն է օգտագործում: Նախագահի մակարդակով հենց իրավիճակին և հայկական շահին համապատասխան պետք է խոսքեր հնչեին: Այնպես որ, երբ նախագահն այդպիսի խոսք է ասում, դա ցանկացած դեպքում դրական է»:
Կարդացեք նաև
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ նշեց. «Ադրբեջանը վերջին տասնամյակում ընդգծված հայատյաց քաղաքականություն է վարում: Մամուլը հեռուստատեսությունը լծվել են մի աշխատանքի, որտեղ պախարակում են հային: Ժամանակին նրանց կովկասի թաթարներ էին անվանում: Հիմա արդեն այդ հիմարների ախորժակը բացվել է, Երևանը ադրբեջանական են սարքում և այլն: Այսօր հայ- իրանական սահմանում թռչում են իսրայելական արտադրության անօդաչու փոքրիկ ինքնաթիռներ՝ երկրից կառավարվող: Լուսանկարահանումներ են կատարում և ուսումնասիրում են մեր սահմանը: Արդեն սրիկաները որերորդ երիտասարդին են գնդակահարում սահմանի վրա: Սակայն մեր պատասխանները համարժեք չեն լինում: Նույն նախագահ Ալիևը բանուգործը թողած իր ներքին խնդիրները լուծելու համար հայերին պախարակելով է զբաղված: Սա ՀՀ ընտրությունները չեն, որ ասեմ կեղծվել են, կաշառք է բաժանվել: Սա արտաքին քաղաքականության մեջ միգուցե առաջին ադեկվատ քայլն է: Սա ֆուտբոլային դիվանագիտություն չէ, որտեղ մենք ջախջախիչ պարտություն կրեցինք, արձանագրությունները չեն, որ թուրքերի ոտքերի տակ ծնկաչոք եղանք: Հիմա գնդակը մեր դաշտում է, բայց որը Եվրոպայի գնդակն է փշով ծածկված և եթե ձեռք տանք այն կպայթի: Սա պատասխան է մի մարդու, որը լկտի է պահում: Ի վերջո ամեն լկտի պահվածքին պետք է մի հատ գոնե մի բան ասես: Ես ողջունում եմ այդ քայլը»:
Այս համատեքստում Գ. Եղիազարյանը կոչ է անում կողմնորոշվել, թե դեպի ուր ենք գնում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ