Այսօր «Հայելի» ակումբում լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին խնդրեցին հստակեցնել Սերժ Սարգսյանի մարտավարությունը՝ այս ընտրություններին: Նախորդ ընտրություններին ՀՀԿ-ականները չէին ներգրավվում: Հարցին՝ դա ինչի՞ց է, չի՞ վստահում ձեզ եւ արդյոք այս ընտրություններին նույն մարտավարությունն է լինելու՝ Գալուստ Սահակյանը չհամաձայնեց, որ իրենց չեն վստահում. «Այդ մարտավարությունը կիրագործենք նաեւ այս ընտրություններին: Նախագահն է տանելու այն, բայց մենք խմբեր ունենք, որոնք տարածք առ տարածք, գյուղ առ գյուղ քարոզչությամբ են զբաղվելու՝ ինձանից սկսած: Քարոզչություն համարում եք, եթե Գալուստ Սահակյանի քարոզչությունը չտեսաք էկրանում, ուրեմն քարոզչության նա չի՞ մասնակցում: Մենք տարբեր քարոզչական խմբեր ենք ունենալու, որոնք աշխատելու են գյուղերում, մարզերում:»:
Հարցին՝ ընդհանուր առմամբ ՀՀԿ-ում ինչպիսի՞ տրամադրվածություն կա, շատ հանգի՞ստ են՝ նա հերքեց. «ՀՀԿ-ում շատ անհանգիստ տրամադրություն է: Արդյունավետությունը մեզ համար ամենակարեւոր խնդիրն է, թերությունների վերացում, որ այնպիսի դաշտ ստեղծվի, որ դրանք ճիշտ գնահատականներ ստանան»:
Հարցին՝ բանավեճեր լինելո՞ւ են, որովհետեւ Հրանտ Բագրատյանն ասել է, որ մենակ Սերժ Սարգսյանի հետ կբանավիճի՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Թող դիմեն՝ կքննարկենք: Հետո բանավիճողները այդ կատեգորիայի, այդ քաշի մարդ պիտի լինի: Այս պահին նման քաշի մարդ չկա: Տրամաբանորեն այդպիսի մարդ չպետք է լիներ էլ՝ ընտրազանգվածի առումով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ