Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրական 20 գրամ ալկոհոլը կարող է օգտակար լինել օրգանիզմի համար». սրտաբան

Հունվար 16,2013 15:52

Աշխարհում սրտանոթային հիվանդությունները մահացությամբ շարունակում են առաջին տեղում մնալ: Ալկոհոլը եւ սթրեսները իրենց վնասակար ազդեցությունն են թողնում մարդու սրտանոթային համակարգի վրա: Այսօր «Երկու երես» ակումբում այս մասին ասաց սրտաբան Տիգրան Պողոսյանը:

Սրտաբանի խոսքով` սրտանոթային հիվանդությունները աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում, երիտասարդացել են:

«Եթե տարիներ առաջ 35 տարեկան մարդու մոտ սրտանոթային հիվանդության առկայությունը զարմանք էր առաջացնում, ապա հիմա երիտասարդների մոտ սրտանոթային հիվանդությունները հաճախակի ու սովորական են դարձել»,- իր մտահոգությունը հայտնեց սրտաբանը` նշելով, որ ալկոհոլի չարաշահումը, ժառանգականությունը, սխալ ապրելակերպը կարող են նույնպես իրենց դերն ունենալ սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման գործում:

Ըստ սրտաբան Տ. Պողոսյանի` Կանադայում կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ալկոհոլային խմիչքներից մարդու օրգանիզմի համար ամենաօգտակարը, թերեւս, կարմիր չոր գինին է:

«Հիվանդներն, ովքեր դեղորայք են ընդունում, ընդհանրապես ալկոհոլ չպիտի օգտագործեն, որովհետեւ ալկոհոլն ու դեղորայքը ուղղակի անհամատեղելի են»,- ընդգծեց բժիշկը` հավելելով, որ ֆիզիկական ակտիվությունը` սպորտով զբաղվելն ու զբոսնելը, կարող են օգտակար լինել սրտի աշխատանքի համար:

Ասուլիսին ներկա մյուս բանախոսի` ընտանեկան բժիշկ, արեւելյան բժշկության մասնագետ Անահիտ Ղազարյանի կարծիքով` մարդու առողջության կայացման գործում մեծ տեղ է գրավում սնունդը:

«Մարդն իր առողջությունը լիարժեք պահպանելու համար օրական շուրջ 90 միկրո եւ մակրոէլեմենտներ, կենսաբանական ակտիվ նյութեր պիտի օգտագործի իր սննդի մեջ: Ես այդպիսի մարդ չգիտեմ, դա ուղղակի անհնար է: Մենք շատ ենք մեր հիվանդներին խորհուրդ տալիս շատ բանջարեղեն ու մրգեր օգտագործել, բայց չէ՞ որ այդ նույն մրգերն ու բանջարեղենը աճեցվում են մարդու օրգանիզմի համար վնասակար քիմիական տարրերի միջոցով»,- նշեց ընտանեկան բժիշկը ու ավելացրեց, որ աշխարհի բնակչության միայն 5 տոկոսն է համարվում լիարժեք առողջ:

Aravot.am-ի այն հարցին, թե տնային պայմաններում պատրաստված օղին ու մյուս ալկոհոլային խմիչքները արդյոք ավելի օգտակա՞ր են, քան խանութից գնվածները, սրտաբանը պատասխանեց. «Տնական օղին այնքանով է օգտակար, որ մարդ իր ձեռքով է պատրաստում եւ որ մի քիմիական կամ այլ հավելումներ չի օգտագործում, այս տեսանկյունից այն ավելի օգտակար է, մյուս կողմից տնական պայմաններում պատրաստված խմիչքները մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031