Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Իմ դերակատարումը Գալուստ Սահակյան է»

Հունվար 16,2013 15:47

«Ղարաբաղցի-հայաստանցի խնդիրը կար ժամանակին, բայց գործող նախագահն այդ խնդիրը լուծեց»,- այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսպես պատասխանեց հարցին, թե երկրորդ նախագահն իր հարցազրույցում նշելով, որ երկու ղարաբաղցի իրար դեմ չեն պայքարի, արդյոք չի՞ տարանջատում ղարաբաղցուն հայաստանցուց:

Aravot.am-ը Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ քանի՞ տարեկան է եւ նախագահ դառնալու հավակնություններ կարո՞ղ է ունենալ այդ տարիքում: «Քանի՞ տարեկան կլինեմ: Քո աչքերով՝ 50, մյուսի համար՝ կարող է 60: Իսկ իրականում 64  եմ: Իմ դերակատարումը Գալուստ Սահակյան է, ես չինովնիկական պայքարի խնդիր չունեմ: Եթե կարիքը կլինի, ամբողջ թիմը կտեսնի»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ բազմաթիվ խնդիրներ կան երկրում, ինչո՞ւ պիտի Սերժ Սարգսյանը դառնա նախագահ՝ նա պատասխանեց. «Մենք երբեւիցե չենք ասում, որ մենք շաաատ լավն ենք: Բայց մեզանից լավը չկա: Երբ լավը կգա…»:

Հարցին՝ քանի՞ ՀՀԿ-ական է արտագաղթել, քանի՞սն են ձերբակալվել՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այդպես չեմ կարող ասել: Իհարկե, եղել են մարդիկ, որոնք լավ աշխատանք են գտել այլ տեղերում, գնացել են: Կուսակցությունը հրեշտակների կուսակցություն չի»:

Հարցին՝ քանի՞ ՀՀԿ-ական է ինքնասպան եղել՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դաժան բան ասեցիք: Դա բացառվում է: Եթե պատերազմի դաշտում զոհվի՝ կարող է»:

Մենք խնդրեցինք բնութագրել նախագահի թեկնածուներին՝ որպես մրցակից: Ըստ Գալուստ Սահակյանի՝ «Ճաշակի հարց չի, որ ես ինչ-որ մեկին ներկայացնեմ: Դեռես քարոզարշավը չկա: Չկան նրանց ծրագրերը: Նայած ինչպես կներկայացնի»:

Անդրիաս Ղուկասյանի հացադուլի հետ կապված նա ասաց, որ «չենք կարող գնահատական տալ, որովհետեւ չենք ճանաչում: Նախ ես պատճառները չգիտեմ եւ չեմ էլ կարող վերլուծել»:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ անընդհատ հարց են տալիս, թե քաղաքական դաշտն ամայացել է, թեկնածուներ չկան. «Ես այդ կարծիքին չեմ: Քաղաքական դաշտի 80 տոկոսը մասնակցում է ընտրություններին»:

Լրագրողները խնդրեցին երեւակայությամբ մի պահ պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը չի հաղթել: Հարցին՝ ինչպե՞ս եք ձեզ պատկերացնում ընդդիմության դերում, ինչպե՞ս եք պայքարելու՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իմ երազելու ժամանակը 20-25 տարեկանից անցել է: Դուք երազների մասին եք խոսում: Պայքարի դասերը անկախության տարիներին տվել ենք: Հետագայի մասին էլ չենք մտածում, որովհետեւ այդ հետագան մեզանից շատ հեռու է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031