«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի համար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը քաղաքականություն վերադառնալու մասին էր:
«Եթե հեռանալու մասին լիներ, ապա իր հարցազրույցը նա կտար անցած տարեվերջին՝ որպես ԲՀԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների տրամաբանական շարունակություն, բայց եթե նախընտրեց սպասել տարեսկզբին ու հանդես գալ հայտարարությամբ, որտեղ շարունակում է քննադատության տակ պահել
երկրի տնտեսական քաղաքականությունն ու առաջարկել ավելի շատին ձգտող կառավարություն, ամեն ինչի մասին ասում է: Նա մեղադրում է պայքարից հրաժարված բոլոր քաղաքական ուժերին մանրածախ քաղաքական առեւտրի մեջ մտնելու համար, որոնք ստացան իրենց տոկոսները խորհրդարանում, բայց հրաժարվեցին իրենց պայքարից:
Սերժ Սարգսյանին էլ անվանում է տիկնիկավար: Իր բառերն եմ կրկնում՝ ներկայիս քաղաքական մրցակցությունը մի փոքր տիկնիկային է»,- այսօր «Սլաք» ակումբում՝ մեկնաբանելով Քոչարյանի հարցազրույցը, ասաց պարոն Սաֆարյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա, Ռ. Քոչարյանը հարցազրույցում ե՛ւ արդարանում էր, ե՛ւ մեղադրում, ե՛ւ ծուղակներ լարում, առաջարկում եւ զգուշացնում է. « Հանուն արդարության պետք է ասեմ՝ այդքան կարճ, այդքան հարուստ, այդքան բազմանշանակ քաղաքական տեքստ երբեւէ չէի սպասում նրանից»:
Պարոն Սաֆարյանը հարցազրույցից հասկացել է նաեւ, որ Քոչարյանը իրեն առաջ է քաշում որպես վարչապետի թեկնածու. «Հարցազրույցի երկրորդ հարցի պատասխանով՝ նա ուղերձ ուղարկեց, թե ներկայումս ինչքան էլ արձանագրվի տնտեսական աճ, տնտեսական զարգացման միտումները դրանով կոտրել հնարավոր չէ, որովհետեւ կառավարությունը հանգիստ ջանքերով է առաջ գնում, անհրաժեշտ կլինեն փոփոխություններ… ինքը, ըստ էության խոսում է ինքնառաջադրվելով՝ վարչապետի հավանական թեկնածու ներկայանալու մասին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ