Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանին զարմացրել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գործունեությունը վերահսկելու հայկական պառլամենտարիզմի կենտրոնի (ՀՊԱԿ) նախաձեռնությունը:
«Իսկ, ներողություն, ի՞նչ է այդ կենտրոնը, ես տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում»,- Aravot.am-ին ասաց պարոն Մուկուչյանը:
Մեր հարցին ի պատասխան՝ կա՞ անհրաժեշտություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության աշխատանքը վերահսկելու, պարոն Մուկուչյանն ասաց. «Այս այն հարցերից մեկն է, որ ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Եթե որեւէ մեկը մտածում է, որ պետք է ստանձնի առաքելություն յուրաքանչյուրի գործունեությունը վերահսկելու, դա լրիվ այլ խնդիր է: Կան դիտորդներ, նրանց գործառույթները խիստ հստակ են, պարտականությունները, իրավունքները հստակ ամրագրված են, եւ նրանք իրականացնում են իրենց գործառույթները: Չեմ պատկերացնում, որ մեկ հասարակական կազմակերպություն կարող է վերահսկել մեկ այլ կազմակերպության գործունեությունը, ինձ նման մոդել աշխարհի որեւէ երկրում, ծանոթ չէ»:
Պարոն Մուկուչյանը չմեկնաբանեց նախագահի թենածու Արամ Հարությունյանի պնդումները, թե արտասահմանցի դիտորդները Հայաստան են գալիս գաստրոլների. «Դա իր տեսակետն է, նրանից պարզաբանումները ստացեք: Դիտորդական առաքելությունների իրականացումը միշտ էլ կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ ներկայացված առաջարկությունները միշտ էլ նպաստում են ընտրական համակարգի կատարելագործմանը: Բարձր եմ գնահատում նրանց դերն ու նշանակությունը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ