«Աշխարհում հակավիրուսային ծրագրեր գրում են մի քանի հիմնական ընկերություններ, որոնցից «Կասպերսկին» համարվում է Արեւմտյան պետություններից անկախ եւ համագործակցում է Ռուսաստանի իրավապահ մարմիննների հետ: Այդ պատճառով հակավիրուսային ծրագրի հեղինակը` Կասպերսկին, համարվում է աշխարհի 8-րդ ամենավտանգավոր մարդը»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը:
Նա հայտնեց, որ «Կասպերսկու» վերջին հայտարարության համաձայն՝ Հայաստանը վիրուսային ծրագրերի թիրախ հանդիսանալու տեսակետից 3-րդ պետությունն է. «Բայց դա «Կասպերսկու» սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող է արտահայտել ոչ այնքան իրականությունը, այլ միջոց ծառայել՝ ընկերության վրա տվյալ պետության ուշադրությունը գրավելու հարցում»:
Մասնագետի խոսքով. «Կասպերսկին» հայտարարել է համակարգիչներից նյութեր հափշտակող վիրուսային ծրագրի մասին, որն օժտված է «քնելու» հատկությամբ եւ վերականգնվում է անգամ համակարգչից ջնջվելուց հետո: Ես ստացել եմ պաշտոնական նամակներ, որոնց կցված են եղել Word ֆայլի կտորներ: Սակայն երբ կապվեցի հասցեատերերի հետ, ասացին, որ ինձ նամակ չեն ուղարկել: Կատարվածը, հավանաբար, նմանատիպ վիրուսի ազդեցությունն է: Հետեւաբար, պետք է ուշադիր լինել հակավիրուսային ծրագրերի տեղադրման հարցում եւ օգտագործել տարբեր երկրների արտադրած ծրագրեր, ինչպես նաեւ՝ էլեկտրոնային ստորագրություն, որը մի շարք ընկերություններ տրամադրում են անվճար»:
«ABC դոմեյն» կազմակերպության համակարգչային ադմինիստրատոր Արման Խաչատրյանի փոխանցմամբ՝ «Կասպերսկու Լաբորատորիա»-ի աշխատակիցներից մեկի կողմից հայտնաբերվել է վիրուսային գերբարդ ծրագիր, որը տեղադրվել է աշխարհի բազմաթիվ երկրների պետական գերատեսչությունների համակարգչային ցանցերում ու տևական ժամանակ ապահովել գաղտնի փաստաթղթերի արտահոսք, այդ թվում՝ Հայաստանից (երկրները կարմիրով նշված են լուսանկարում): «Ծրագիրը գործում է հետեւյալ կերպ: Ուղարկվում է նամակ, որի մեջ կա հղում: Վերջինս բացելով՝ տվյալ համակարգիչ է ներխուժում ծրագիրը, որն օգտվում է Word եւ Exsel ծրագրերի խոցելիությունից եւ կորզում անգամ համակարգչին միացված արտաքին սարքերի ինֆորմացիան: Բարդ է պարզել, թե ովքեր են ծրագրի հեղինակները, սակայն այդ ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում: Նախնական տվյալներով՝ կասկածյալների թվում են Չինաստանը, քանի որ Word-ի եւ Exsel-ի խոցելիությունն օգտագործող ծրագիրը ստեղծել են չինացի հաքերները, ինչպես նաեւ՝ Ռուսաստանը, քանի որ ծրագրի բովանդակության մեջ հայտնաբերվել են proga (программа) եւ закладка մասնիկները: Բայց չի բացառվում, որ դրանք իրական լրտեսների «հետքերը վերացնելու» միջոցներ են»,-ասաց Խաչատրյանը: Համակարգչային միջադեպերի անվտանգության և արձագանքման թիմի մասնագետ Կարեն Գասպարյանի խոսքով. «Վիրուսային ծրագիրն ունի կոնկրետ թիրախային համակարգիչներ, որոնք վարակվում են ոչ ավտոմատ կերպով: Ինչ վերաբերում է Հայաստանին, ԱԳՆ եւ կառավարության կայքերը ոչ թե կոտրվել են, այլ նշված վիրուսային ծրագրով վարակվել են համակարգիչները: Իսկ թե կոնկրետ որ համակարգիչները, առայժմ պարզ չէ»:
Կարդացեք նաև
Սաղյանն էլ հավելեց, որ վիրուսային ծրագրով Հայաստանից հափշտակվել է կառավարական եւ դիվանագիտական տեղեկատվություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ