Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը խոսեց արտաքին քաղաքական զարգացումներից՝ ներկայացնելով իր տեսակետը տարածաշրջանում առկա խնդիրների մասին: Սեդրակյանը կրկին անցանկալի համարեց ՌԴ նախագահի եւ Վրաստանի վարչապետի այցերը Հայաստան: Ըստ նրա, դա նորմալ չէ: Բացի այդ՝
«Հայաստանը մտել է քարոզարշավի փուլ, հետեւաբար ցանկացած պաշտոնական այց արտերկրից, դիտարկվում է իբրեւ աջակցություն: Նույն կերպ էլ կարող եմ ես հանդիպել արտերկրից ինչ որ կազմակերպության ներկայացուցչի, ղեկավարի հետ, դա արդյոք նորմալ կդիտարկվի: Կամ՝ ասենք նախագահական ընտրությունների ժամանակ Իրանի նախագահը գա Հայաստան, Սերժ Սարգսյանի հետ չհանդիպի, բայց գա իմ տուն եւ իմ հետ խորոված ուտի, դուք դա ինչպես կդիտարկեք»-, հարցնում է Սեդրակյանը, հավելելով, որ նախագահ դառնալուց հետո ինքն աշխատանքներ կտանի, որ անպայման օրենք ընդունվի եւ այս հարցերը կարգավորվեն:
Սեդրակյանը նաեւ հավաստիացրեց, որ ընտրվելու դեպքում ստեղծելու է ռազմաքաղաքական նոր դաշինք, որի մեջ մտնելու են Հայաստանը, Իրանը Հնդկաստանը, Ռուսաստանը, այն իր մեջ տնտեսական հզոր բաղադրիչ է պարունակելու, իսկ դոմինանտ դերը ստանձնելու է Հայաստանը:
Բացի այդ՝ Սեդրակյանը պատրաստվում է Աբխազիայի անկախությունը ճանաչելուց եւ Ջավախքը Հայաստանի հետ վերամիավորելուց հետո Հայաստան-Աբխազիա ցամաքային սահման ստեղծել: Սեդրակյանը վստահ է՝ «Սիրիայի ոչնչացումից հետո Արեւմուտքը կփորձի վերացնել Հայաստանը վրացիների աջակցությամբ, այդ իսկ պատճառով դաշինքի ստեղծումը խիստ անհրաժեշտ է»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ