«43 տոկոս քվե ունեցող քաղաքական ուժերը դիմում են բոյկոտի: Թե ինչու չեն մասնակցում եւ ինչու են ընտրել պասիվ բոյկոտի ձեւ, լավ, ի՞նչ եղավ, այդ առյուծ պահող տղան, որ բիցեպսներով զարմացնում էր բոլորին, լավ տրամադրությամբ գնում է Բրյուսել, նորին գերազանցություն Ֆյուլեն նրան անվանում է արժանի նախագահացու, եւ հանկարծ ի՞նչ եղավ, որ վերադառնալով Հայաստան, հրաժարվում է: Իսկ հետո պապանձվում է 2 ամիս ու իր ընտրողներին ոչինչ չի ասում»,- այսօր «Հայելի» ակումբում նախագահական ընտրությունների ստեղծված իրավիճակն այսպես վերլուծեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նրան հարցեր են տանջում, թե ինչո՞ւ այդպես վարվեց պարոն Ծառուկյանը. «Ինչ է, սպառնացել են քառատե՞լ, ազգուտակով, գերդաստանով վերացնե՞լ: Ես չգիտեմ: Ես վերլուծաբան եմ, վերլուծում եմ: Երկու տարբերակ կա: Մեկն այն է, որ նրան իսկապես տեռորի են ենթարկել, ահաբեկել են, երկրորդն այն է, որ նրա հետ կա պայմանավորվածություն»:
Երկար վերլուծությունից հետո Հմայակ Հովհաննիսյանը հանգեց եզրակացության ու գտավ «ճիշտ պատասխանը»՝ եթե պասիվ բոյկոտն են ընտրել, նշանակում է վախեցել է:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ բա Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը: Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Նրա վախը բռնե՞լ են, ինչ է: Ամեն դեպքում երկրում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ դատաիրավական մահակն օգտագործվում է: Երբ հնարավոր չի ոստիկանապետին հանդիպել ու բացատրություն պահանջել: Այս մթնոլորտում ի՞նչ ընտրություններ: Իսկ ի՞նչ է, Մարտի 1-ը, դրան հետեւած զանգվածային ձերբակալությունները հիմք չէ՞ր, որ նա վախենա: 68 տարեկանը պատճառաբանություն չի ընդհանրապես: Համապետական ընտրություններին խորհրդարանական նա մասնակցեց, երբ արդեն 68 տարեկան էր: Երբ նա այցելեց միասնական շտաբ, դուք տեսաք, թե նա ինչ փայլուն մտավոր եւ ֆիզիկական մարզավիճակում էր: Այս մի քանի ամիսներին ի՞նչ պատահեց»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ