Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները «գավառամիտ» են եւ չարդարացված սպասելիքների արդյունք

Հունվար 16,2013 13:56

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում մի շարք հայտարարություններ է արել, մասնավորապես իր՝ նախագահական ընտրություններին չմասնակցության պատճառներից է համարել  այն, որ իր համար «երկու ղարաբաղցիների պայքարն անընդունելի էր»:

Aravot.am-ը «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց՝ կարելի՞ է արդյոք երկրորդ նախագահի այս հարցազրույցը համարել ազդանշան, որ նա կմասնակցի 2018-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Միանշանակ  2018-ի համար հայտ համարել, մի քիչ վաղաժամ կարելի է համարել: Համենայնդեպս, նրա ասածից կարելի է եզրակացնել, որ նա ամենեւին էլ իրեն ակտուալ քաղաքականությունից դուրս չի համարում: Իսկ մինչեւ 2018-ը դեռ ապրել է պետք»:

«Երկու ղարաբաղցիների» մրցակցության մասին հնչեցված դիրքորոշման առիթով էլ պարոն Մեհրաբյանը փոխանցեց հետեւյալը. «Եթե Սերժ Սարգսյանը ղարաբաղցի  չլիներ, չնայած  ղարաբաղցի էլ չի, Սյունիքի մարզի Տեղ գյուղից է, այլ լիներ ապարանցի, մենք պիտի Ռոբերտ Քոչարյան թեկնածո՞ւ ունենայինք: Դա ի՞նչ բացատրություն է: Դա ուղղակի վկայում է, թե ինչ գավառամիտ վերնախավ է գլխավորել ՀՀ-ն անցած տասը տարիներին: Ուղղակի ցավալի է: Այսինքն՝ ստացվում է, որ ինքը այդ սկզբունքո՞վ է առաջնորդվել ՀՀ-ն կառավարելիս: Այն սկզբունքով, որ ղարաբաղցիները չեն հակադրվում, մնացածը հակադրվում են: Դա ուղղակի ծայրահեղ գավառամտություն եմ համարում, որը պետականության ընկալումների հետ որեւէ կապ չունի: Դա հակապետական, հակազգային մտածելակերպ է: Այդպես մտածում են ոչ թե պետության մեջ, այլ գետտոյում»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը եւս անընդունելի է համարում ՀՀ տարբեր հատվածների բնակիչների միջեւ  տարբերակում դնելը եւ կարծում է, որ ճիշտ չէ այդ գաղափարի շրջանակներում քաղաքականություն վարել: Մեզ հետ զրույցում նա նշեց. «Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած պատճառները նրա՝ ՀՀ նախագահական ընտրություններին չմասնակցելու հիմնական պատճառները չեն: Կարծում եմ՝ պատճառն ավելի անձնական ընկալումների դաշտում է: Բավական վաղ է խոսել 2018-ի մասին, քանի որ տեսնում ենք, որ քաղաքական իրավիճակը բավականին արագ է գործում ՀՀ-ում եւ հաշվարկել 2018-ին՝  ինչ պիտի լինի, այնքան էլ ճիշտ չի լինի: Մեսիջներ չեմ որոնում այս հարցազրույցի մեջ: Ակնհայտ է, որ Քոչարյանի սպասելիքները չարդարացան: Այս հարցազրույցը լուրջ քաղաքական քննարկումների թեմա դարձնելու ժամանակը չէ, քանի որ սպասվում են նախագահական ընտրություններ, եւ կարծում եմ, որ շարժիչ ուժը լինելու են հենց նախագահական ընտրությունները»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031