Հայկական նոր բրենդ՝ ՔԵՆԴԼ
21-րդ դարի հայկական ամենահավակնոտ գիտական ծրագիրը՝ ՔԵՆԴԼ երրորդ սերնդի արագացուցչային համալիրը հետազոտությունների լայն դաշտ է բացելու բնագիտության բոլոր ոլորտներում՝ ֆիզիկայից մինչեւ նանոտեխնոլոգիաներ: 2012-ին մեկնարկեց նախագծի առաջին փուլը՝ Արիալ գծային արագացուցչի կառուցումը, որի համար 6.5 մլն եվրո է ծախսվելու: Շենքի շինարարության ու բարձր գերզգայունության լազերի ձեռքբերման գումարը՝ 1 մլն եվրոն, պետությունն է տրամադրել, իսկ 5.5 մլն եվրոյի սարքավորումները գործընկեր-պետությունների նվիրատվությունն են Հայաստանին: «2013-ի գարնանը Արիալը կամբողջանա, եւ մայիսին արդեն արագացուցչի վրա առաջին փորձերը կարվեն,- ասում է Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:- Դեռ շինարարության փուլում ենք, բայց արդեն մի շարք երկրներից ունենք խոշոր պատվերներ»:
Ուղիղ հարված սրտանոթային
եւ ուռուցքային հիվանդություններին
2012-ին նյութականացավ ժամանակակից միջուկային բժշկության կենտրոն ունենալու գաղափարը: Ազգային մրցունակության հիմնադրամի՝ 35 մլն եվրո արժողությամբ գաղափարը խոստանում է ուղիղ հարված հասցնել երկրում մահացության 70%-ի պատճառ դարձող քաղցկեղային եւ սրտաբանական հիվանդություններին: Հոկտեմբերից Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տարածքում մեկնարկել է ծրագրի առաջին փուլը՝ ռադիոիզոտոպների արտադրամասի եւ ախտորոշման կենտրոնի կառուցման փուլը: Շինարարները խոստանում են գործն ավարտել, ինչպես նախատեսված է՝ 2013-ի հոկտեմբերին: Մինչ այդ բելգիական IBA ընկերությունում կամբողջանա ցիկլոտրոն արագացուցիչը, որն էլ կլինի կենտրոնի «շարժիչը»: Բելգիական կառավարության 4.8 մլն եվրո վարկով կառուցվող այս սարքավորումը կարտադրի ռադիոիզոտոպներ, որ կօգնեն վաղօրոք հայտնաբերել ուռուցքային գոյացությունները: Ախտորոշումը ծրագրի առաջին փուլի հիմնական արդյունքն է. ամիսներ անց կկառուցվի ստացիոնար եւ ամբուլատոր բուժման կլինիկա:
Տեխնոպարկ՝ Գյումրիի
տեխնոլոգիական հպարտությունը
2012-ը լռեցրեց բոլոր տեսակի խոսակցությունները, թե Գյումրիում տեխնոպարկ կառուցելու գաղափարը միայն թղթի վրա է ու իրական հարթակ այդպես էլ չի տեղափոխվելու: Մանկավարժական ինստիտուտի` հունիսից վերանորոգվող նախկին շենքի հետ ուրվագծվում է Գյումրիի տեխնոլոգիական նկարագիրը: 1919թ.-ին կառուցված, այժմ թարմացվող այս շինությունն էլ հենց քաղաքի տեխնոպարկն է լինելու` 300 աշխատակցով տեխնոլոգիական հպարտությունը: Գրասենյակներ, դահլիճներ, լաբորատորիաներ, ճաշարան, հյուրանոցային հատված. 1 մլրդ 670 մլն դրամ պետական ֆինանսավորմամբ շենքը վերջնական տեսքի կգա 2013-ի նոյեմբերին: Մինչեւ շենքը պատրաստ լինի, տեխնոպարկի բովանդակային հատվածը` 7 սկսնակ ընկերությունները եւ D-Link ընկերության հետազոտական ու թեստավորման կենտրոնը ժամանակավոր տանիք են գտել քաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտի տարածքում:
Սոցիալական տուն. տանիք
կարիքավորներին
Մարալիկում կառուցված համալիրով 2012-ին մեր երկրում հիմք դրվեց սոցիալական բնակարանաշինության մշակույթին: Սոցիալական բնակարանը անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրվող տուն է` առանց սեփականության իրավունքի: 11 մլն 388 հազար դրամ պետական ֆինանսավորում, եւ 3 շենք արդեն կազմ-պատրաստ է: Միայնակ ծերեր, բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներ, մանկատան շրջանավարտներ. 59 ընտանիք` ընդհանուր առմամբ 103 մարդ, այլեւս ազատվել է դրսում մնալու վախից:
Սոցիալական փաթեթ՝
պետական ծառայողներին
2012թ.-ից սկսեց գործել սոցիալական փաթեթը հանրային ոլորտի 120 հազար աշխատողների համար: 132 հազար դրամ գումար, որը կարելի է ուղղել հանգստին, հիպոթեկի մարմանը կամ ուսման վարձին: Փաթեթի 52 հազար դրամն էլ պետության աշխատակիցները պարտավոր են ուղղել բժշկական ապահովագրությանը: Այսպես` պետությունն իր աշխատակիցներին ապահովագրում է բարդ ու թանկարժեք բուժում պահանջող հիվանդություններից, ինչպիսին, օրինակ` սրտի վիրահատությունն է: 120 հազար ապահովագրվածներից ամեն հինգերորդն արդեն գործ է ունեցել համակարգի հետ. ապահովագրական ընկերությունները սպասարկել են 30 հազար դեպք, այդ թվում՝ հարյուրավոր սրտի վիրահատություններ: Բացի այդ, սոցփաթեթն ընդլայնել է ապահովագրական շուկայի առողջության ապահովագրության հատվածը մոտ 4 անգամ: Ըստ «Արմինֆո» գործակալության ՀՀ ապահովագրական ընկերությունների ռենկինգի` դաշտի 7 ընկերությունները բժշկական ապահովագրության սեկտորում հավաքել են 2.4 մլրդ դրամ շահույթ՝ 61%-ով ավելին նախորդ ցուցանիշից:
Ձեռքը՝ արտակարգ
իրավիճակների զարկերակին
911. այս հեռախոսահամարն արդեն մեկ տարի է՝ ընդունում է ահազանգեր հանրապետության բոլոր ծայրերից: Արտակարգ իրավիճակների նախարարության «թեժ գիծ» կարելի է զանգել ցանկացած խնդրով՝ առողջականից մինչեւ կենցաղային հարցեր: 10 օպերատոր, 4 հերթափոխ. ընդհանուր առմամբ՝ 40 մարդ շաբաթվա բոլոր օրերին, օրվա բոլոր ժամերին պատրաստ է լսել ահազանգերը: «Օրական ստացվող մոտ 7000 զանգերի մեծ մասը կենցաղային բնույթի են,- ասում է Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:- Արդեն 1.5 մլն զանգ ենք սպասարկել՝ 2 անգամ ավելի, քան հանրապետության մյուս ծառայությունները միասին»:
911-ը գործում է արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման նորաստեղծ կենտրոնում: Տեխնիկապես զինված այս կառույցը 2012-ին նախարարության ամենամեծ ձեռքբերումն է: Այդպիսով՝ Հայաստանն արդեն ունի ամեն տեսակի ճգնաժամերի կառավարման ժամանակակից կենտրոն: 128 աշխատակիցները 4 հերթափոխով օրուգիշեր ձեռքը հնարավոր արտակարգ իրավիճակների զարկերակին են պահում:
Մշակութային խճանկար. Օպերայից
մինչեւ մարզային գրադարաններ
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմն իր աշխատանքային 50-ամյա կենսագրության մեջ առաջին անգամ ոտքից գլուխ նորոգվում է: «Անցած դարի 60-ականներից տեխնիկական առումով գրեթե ոչինչ չէր փոխվել,- ասում է Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:- Բեմի շահագործումը մարդու կյանքի համար դարձել էր վտանգավոր»: 2011-ի վերջին կառավարությունը 6 մլն եվրո վարկ ստացավ Ավստրիայից, որն էլ 2012-ին ուղղվեց բեմական սարքավորումների ձեռքբերմանն ու տեխնիկական վերազինմանը: Բեմն ու այն գործողության մեջ դնող ամբողջ համակարգն այսօր մեծ շինհրապարակ են: 2013-ի հունվարի վերջին լուսաձայնային ամենաժամանակակից տեխնիկայով զինված, 21-րդ դարի շնչով բեմն արդեն պետք է պատրաստ լինի: Առաջին միջոցառումը սպասվում է մարտին:
Խմբավար դառնալու երազանքով մարդկանց սպասում է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը՝ ռիթմի ու տեմպի սեփական զգացողությունը փորձելու վիրտուալ դիրիժոր խաղում: Տեխնիկական ու տեխնոլոգիական թարմ համեմունքներով տուն-թանգարանը դռները բացեց մոտ երկու ամիս առաջ: Ավելի քան 31 մլն պետական ֆինանսավորմամբ այն նոր շունչ է ստացել: Տեխնիկական նոր դիմանկարով եւ նոր գույքով այսուհետ ընթերցողներին կընդունեն նաեւ Հայաստանի ազգային գրադարանը, Խնկո-Ապոր ազգային մանկական գրադարանն ու 10 մարզային գրադարանները: 2012թ. մշակույթի նախարարությունն այս նպատակով 460 մլն դրամ է ծախսել:
ԿԱՐԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Տնտեսական բարեփոխումների
վերլուծական-տեղեկատվական կենտրոն
Հ. Գ. «Հրապարակում» հեռուստածրագիրն այն հարթակն է, որտեղ երկրի կարեւորագույն իրադարձությունները խոշորացույցի տակ են: Որո՞նք են լինելու առաջիկա տարվա տնտեսական, սոցիալական, հասարակական օրախնդիր իրադարձությունները՝ փնտրեք «Հրապարակում» ամեն երեքշաբթի եւ ուրբաթ՝ ժամը 18.30-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում: Մենք նաեւ համացանցում ենք՝ hraparakum.livejournal.com, ակտիվ քննարկումների, կարծիքների ու առաջարկների էլ սպասում ենք ֆեյսբուքյան մեր էջում
«Առավոտ» օրաթերթ