Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիսատեսի հետ պետք է լեզու գտնել

Հունվար 16,2013 13:45

Իսկ մարզերում՝ առավել եւս

Ազգային թատերական ստեղծագործական միավորման (ԱԹՍՄ) նախաձեռնությամբ 2008թ. սկիզբ առած դրամատուրգիական ընթերցումները, որ 2009-ին վերաճեցին միջազգային փառատոնի, ի սկզբանե նպատակ ուներ ի մի բերելու ժամանակակից դրամատուրգիական երկերը, ընդ որում՝ ոչ միայն հայ հեղինակների, դարձնելով դրանք հրապարակային քննարկման նյութ: Թվում էր, որ այս նախագծի միջոցով մեր թատրոնները ուշադրություն պետք է դարձնեին արդի դրամատուրգիական դրսեւորումներին, իրենց խաղացանկը հարստացնելով հայ հեղինակների գործերով: Այդուհանդերձ, հայկական թատրոնների խաղացանկը գոնե մինչ օրս ակնհայտորեն աղքատ է մեր դրամատուրգների երկերով: Այս շրջանակը սահմանափակվում է ընդամենը մի քանի անուններով՝ Կարինե Խոդիկյան, Նելլի Շահնազարյան, Գուրգեն Խանջյան եւ էլի մեկ-երկու դրամատուրգ:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ թատերագետ, ԱԹՍՄ նախագահ Արա Խզմալյանը նշելով, որ 2012թ. դեկտեմբերի 22-23-ը Վանաձորում կայացած դրամատուրգիական ընթերցումները տարբերվում էին նախորդներից, ասաց, թե տեղի Ստ. Զորյանի տուն-թանգարանում 7 հայ դրամատուրգ են ներկայացրել իրենց ստեղծագործությունները, ինչին հաջորդել են դրանց քննարկումները: Մեր զրուցակիցը կարեւորեց միջոցառման ընթացքում ճանաչված բեմադրիչներ Ռուբեն Բաբայանի, Նարինե Գրիգորյանի՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում եւ թատերական ստուդիայում անցկացրած վարպետության դասերը, Գրողների միության Լոռու բաժանմունքում կազմակերպված «Անտարես» հոլդինգի կողմից անցյալ տարի հրատարակված գրքերի շնորհանդեսը:

Հարցին, թե ինչ հետաքրքիր մոտեցումներ եղան դրամատուրգիական ընթերցումների ժամանակ, պարոն Խզմալյանը պատասխանեց. «Ուշագրավ էր հատկապես վանաձորցի երիտասարդ դերասան, գրող Էլֆիք Զոհրաբյանի «Թեթեւ տարեք» տրագիկ կոմեդիայի «ընթերցումը» մի ողջ դերասանախմբի մասնակցությամբ ու երաժշտական ձեւավորմամբ: Իհարկե, քննարկման ժամանակ հեղինակին արվեցին մի շարք դիտարկումներ, առաջարկություններ, այդ թվում՝ պիեսի ծավալի եւ խոսքի լակոնիզմի հետ կապված»: Դիտարկմանը, թե թատերական աշխարհում ասում են, որ Վանաձորում կայացած միջոցառումը պետք է լինի ավանդական, մեր զրուցակիցը նախ հաստատեց, հետո էլ ասաց, որ ինչպես նախկինում, այս տարի էլ մշակույթի նախարարությունը դարձյալ աջակցել է իրենց, միայն կուզենար, որ միջոցառման կողքին տեսներ Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմիններին:

Հայաստանյան թատրոններում մեր հեղինակների ստեղծագործությունների պակասը Ա. Խզմալյանը բացատրեց հետեւյալ հանգամանքով. «Հանդիսատեսի հետ պետք է լեզու գտնել: Ի վերջո, ներկայացումը բանակցություն է հանդիսականի հետ, որը, ցավոք, հաճախ մնում է միակողմանի: Իսկ որ ամենակարեւորն է, արդի թատրոնը պետք է գտնի հասարակայնության հետ հաղորդակցվելու կոդը»:

Կապվեցինք դերասան, գրող Էլֆիք Զոհրաբյանի հետ, ով 1995թ. բեմ է բարձրանում Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ 2009թ. վերականգնել է 40 տարվա պատմություն ունեցող թատերական գործիչների Լոռու մարզային բաժանմունքին կից ստուդիան: Նրա հեղինակային գրվածքներից Շուշիի եւ Վանաձորի թատրոններում բեմադրվել է միայն «Ախ այդ վհուկը», իսկ այս տարի էլ կտպագրվի «Հոգեվիճակ 13» արձակ երկերի ժողովածուն: Հետաքրքրությանը, թե մյուս թատրոններից ստացե՞լ է սեփական գործերի բեմադրության առաջարկ, մեր զրուցակիցն ընդամենն ասաց. «Այդ մասով ես չեմ շտապում, իսկ անցյալ տարի կոնկրետ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն առաջարկել է պիես ներկայացնել երիտասարդական թեմայով»: Երիտասարդ արվեստագետից հետաքրքրվեցինք իր մարզի թատերական եւ գրողական կյանքով: «Արվեստագետը լիովին գոհ ու բավարարված լինել չի կարող, ես էլ բացառություն չեմ: Միայն կասեմ, որ թատերական ու գրողական կյանքը մեզ մոտ բավարար է»,- հակիրճ պատասխանեց Էլֆիք Զոհրաբյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում՝  Արա Խզմալյանը (ձախից) վկայագիր է հանձնում Էլֆիք Զոհրաբյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031