«Նախագիծը ծնունդ է առել երկու տարի առաջ Բուլղարիայում: Ներառված են Հայաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի գրքի եւ գրահրատարակչական ոլորտին բնորոշ տարրեր»,-այսօր «Գրքի հարթակ» նախագծի շնորհանդեսի ժամանակ նշեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը:
Նրա համոզմամբ՝ «Գրքի հարթակ»-ն օգնում է հրատարակիչներին, հեղինակներին, թարգմանիչներին եւ նրանց ասոցիացիաներին՝ ձեռք բերելու նոր հմտություններ գրքի աշխարհը փոխելու մարտահրավերներին դիմակայելու համար:
Հրատարակիչների ազգային ասոցիացիան «Գրքի հարթակ» նախագիծը սկսել է իրականացնել 2012 թվականի հունվարից՝ Ուկրաինայի եւ Վրաստանի գործընկերների հետ համատեղ եւ Բուլղարայի Next Page հիմնադրամի ընդհանուր ղեկավարությամբ:
ՀՀ մշակույթի նախարարության Արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանի պնդմամբ՝ «Գրքի հարթակ» խորհրդաժողովը քննարկում է կարեւոր հարցեր.
Կարդացեք նաև
«Հայ ժողովրդի համար գիրքը դա անանց արժեք է, նրա միջոցով մենք մեզ եւ աշխարհին ներկայանում ենք մշակութային ձեռքբերումներով: Արտերկրում գտնվող մեր գործընկերները կարողանում են մեծապես ճանաչել մեզ: Ընթերցանության զարգացման իմաստով շատ եմ կարեւորում համաժողովը»:
Next Page հիմնադրամի տնօրեն Յանա Գենովայի խոսքով՝ մեկ ու կես տարի անց Հայաստանի հրատարակչական ոլորտում փոփոխություններ տեղի կունենան.
«Ընթերցողների համար գրքերի բազմազանություն կլինի, հրատարակիչները ավելի լավ կկարողանան իրենց դերը կատարել»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ