Aravot.am-ի հարցին, ինչ կապ կա Էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի եւ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալիկ Աբրահամյանի որդու միջեւ, որն աշխատում է «Միտք» վերլուծական կենտրոնում, Սեդրակյանը պատասխանեց. «Ձեր նշած երիտասարդն այստեղ է, իրենք ունեն երիտասարդական հասարակական կազմակերպություն, եւ ես արդեն երեք տարի է՝ նրանց համար սեմինարներ եմ անցկացնում: Մեծամիտ չհնչի, բայց ես նրանց սովորեցնում եմ էպոսներ կարդալ, ուսումնասիրել, եւ ոչ միայն հայկական էպոսներ, այլեւ կրոններ: Մենք միասին նույնիսկ Ղուրանն ենք ուսումնասիրել, որովհետեւ գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեր հարեւաններից երեքի կրոնը իսլամն է: Իմ եւ նրա կապը ուղիղ այնքան է, որքան ասացի»:
Հիշեցնենք, որ Ա. Աբրահամյանը ինքնաթիռների վերանորոգմամբ, առուվաճառքով է զբաղվում, Սեդրակյանն էլ նախկին հրամանատարի որդուն կարծես թե համոզել է, որ ինքը փոքր Մհերն է, հետեւաբար լուրեր են տարածվել, որ հենց Աբրահամյաններն են Սեդրակյանի հովանավորները: Դիտարկմանը՝ ճիշտ են, արդյոք, հովանավորության հետ կապված լուրերը, էպոսագետը ասաց. «Հարցը լուրջ չէ քննարկման համար, որովհետեւ դժվար թե այդ մարդը ինձ գումար տար, որ ես իմ համար առանձնատներ կառուցեի: Մի քիչ խորը մտածեք…»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ