Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդին զինվորը «ուլ» էր ասել, նա էլ պատռել էր ասողի շրթունքը

Հունվար 16,2013 13:27

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Գ.Հարությունյանի նախագահությամբ, անցյալ տարվա սեպտեմբերին որոշում էր ընդունել Շանթ Ղիմոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Շ. Ղիմոյանը հանձնվել էր հրամանատարության հսկողության տակ:

Դատարանի որոշման դեմ բողոք է բերվել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան:

Շարքային, ՊՆ հետախուզական վաշտի 1-ին դասակի վարորդ Շանթ Ղիմոյանը մեղադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրական եզրակացության, նա անցյալ տարվա հունիսի 2-ին հետախուզական վաշտի զորանոցի դիմաց անհիմն վիճաբանության մեջ էր մտել նույն վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Ռոբերտ Ռոստոմյանի հետ: Վիճաբանությունն ավարտվել էր նրանով, որ վարորդը բռունցքով հարվածել էր Ռ. Ռոստոմյանի դեմքին, հարվածից Ռոստոմյանի շրթունքը վնասվել էր:

2012 թվականի հուլիսի 24-ին Շանթ Վրեժի Ղիմոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է հրամանատարության հսկողության հանձնելը:

Ըստ գործի նյութերի, Շանթ Ղիմոյանը դատաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, որ ճաշելուց հետո իրենք մի փոքր ուշ են դուրս եկել ճաշարանից, քանի որ սեղանի սպասքն են հավաքել: Կատակելով հասել են զորանոցի շենքի մոտ, Շանթին կատակով Ռոբերտը «ուլ» է անվանել: Հետո, ըստ Շանթի, անսպասելիորեն ձեռքը դիպել է Ռոբերտ Ռոստոմյանի շրթունքի շրջանին: Վերջինի շրթունքը պատռվել է եւ սկսել արյունահոսել:

Շանթը Ռոբերտից ներողություն է խնդրել կատարվածի համար:

Տուժող Ռոբերտ Ռոստոմյանն էլ ցուցմունք էր տվել, որ դեպքի օրը դուրս գալով ճաշարանից, Շանթի հետ կատակելով՝ շարժվել են զորանոցի ուղղությամբ: Երբ հասել են զորանոցի շենքի մոտ, ամբաստանյալ Ռոստոմյանին «ուլ» է անվանել, վերջինս ձեռքը դրել է Շանթ Ղիմոյանի ուսին, որն էլ անսպասելիորեն շրջվել է եւ ձեռքը դիպել է Ռոբերտ Ռոստոմյանի շրթունքի շրջանին:

Ի դեպ, զորանոցում տուժողին հանդիպել է հետախուզական վաշտի հրամանատար, կապիտան Գնել Թադեւոսյանը եւ տեսնելով, որ զինվորի շրթունքն արյունահոսում է, տեղափոխել է զորամասի բուժկետ, որտեղ Ռոբերտ Ռոստոմյանին առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Գործով որպես վկա հարցաքննված կապիտան Գնել Թադեւոսյանն ասել է, որ Ռոբերտը ներկայացել է վաշտ, այդ ժամանակ էլ ինքը նկատել է, որ նրա շրթունքը պատռված է, իսկ վրան բժշկական «սկոչ» է կպցված: Շարքային Ռոստոմյանն իրեն ասել է, թե աստիճաններից է ընկել: Նույնն ասել է նաեւ զորամասի հրամանատարի աշխատասենյակում: Կապիտանը հետագայում է իմացել, որ Ռոբերտ Ռոստոմյանին հարվածել է Շանթ Ղիմոյանը: Առանձնազրույց է ունեցել երկուսի հետ: Նրանք ասել են, որ Շանթի ձեռքը միամիտ է դիպել Ռոբերտի շուրթին, եւ որ իրենք լավ հարաբերությունների մեջ են:

Ըստ դատաբժշկական փորձագետի թիվ 99/Զ եզրակացության, շարքային Ռոբերտ Ռոստոմյանի ստացած մարմնական վնասվածքը՝ ձախից վերին շրթունքի ուռածության եւ սալջարդ վերքի ձեւով, պատճառվել է բութ, կոշտ առարկայի ներգործությամբ, որոնք պատճառել են առողջությանը թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշման նկարագրական մասում հղում էր արել Սրապիոն Հովհաննիսյանի վերաբերյալ գործին (կայացվել է 2012թ. հունիսի 08-ին): Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման. «Զինվորական ծառայության մեջ ընդգրկված լինելու փաստը հիմք չէ արձանագրելու, որ զինծառայողը յուրաքանչյուր պահի զինվորական ծառայության կոնկրետ պարտականություններ է կատարում: Ծառայության մեջ գտնվելու ժամանակաշրջանում զինծառայողները գտնվում են ոչ միայն զինվորական ծառայական հարաբերությունների, այլ նաեւ զինվորական օրենսդրության նորմերով չկարգավորվող այլ իրավահարաբերությունների մեջ»:

Հետեւաբար, ըստ ընդհանուր իրավասության դատարանի. «Ամբաստանյալ Շանթ Ղիմոյանի արարքը չի կարող որակվել որպես զինվորական հանցագործություն, ուստի այն պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն»:

Իսկ դա նշանակում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, եւ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն էլ՝ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ:

Ամբաստանյալ Շանթ Ղիմոյանն ու տուժող Ռոբերտ Ռոստոմյանը հաշտվել էին:

Դա էլ առիթ էր դարձել, որպեսզի հետապնդումը Շանթի նկատմամբ դադարեցվի:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031