Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը եվրոպական, այլ ոչ եվրասիական քաղաքակրթության մաս է

Հունվար 16,2013 13:23

Ըստ վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանի՝ հայ ժողովուրդն այդ ընտրությունն արել է չորրորդ դարում՝ մերժելով զրադաշտականությունն ու ընտրելով քրիստոնեություն:

– Պարոն Խարազյան, մեկ ամիս անց Հայաստանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, գործող նախագահը ընտրության է գնում առանց ուժեղ հակառակորդի: Սերժ Սարգսյանի վերընտրությունը ի՞նչ կարող է տալ Հայաստանի հասարակությանը։

– Նույնը, ինչ որ նախագահության առաջին շրջանում՝ առանցքային հարաբերությունների, պրակտիկայի, միտումների խորացում թե՛ ներքին, թե՛ արտաքին գործունեության մեջ։ Ունեցվածքի ու շահերի վերադասավորում հավանաբար եւս կլինի՝ նոր իրավիճակի թելադրանքով կամ դրանից բխող հնարավորություններով։ Չկան դրա նախադրյալները, որովհետեւ չկա մրցակցություն ու ինքնաքննադատություն։ Առավել՝ չկան նաեւ այն ստրատեգիական ուղեգիծն ու ստանդարտները, որոնց օգնությամբ կարելի կլիներ բնութագրել, գնահատել ու կանխատեսել վարչակազմի քաղաքականությունը կամ դրա արդյունավետությունը։ Թվում է, թե Հայաստանն ինքնաթող վիճակում է՝ վառելիքը սպառած մի հին զբոսանավ՝ ժանգոտող շարժիչով, մեկ-երկու կարկատած առագաստով ու դրեյֆի քմահաճույքին, որի հիմնական խնդիրը ոչ թե տեղ հասնելն է, այլ քամիների ու ալեկոծության խաչմերուկներում խուսանավելով՝ մի կերպ ջրի վրա մնալը՝ «մինչեւ տեսնենք՝ ինչ է լինում»։

– Արեւմուտքի ակնկալիքները Սերժ Սարգսյանից որո՞նք են: Նրա նախագահության առաջին շրջանի մեկնարկը նշանավորվեց «ֆուտբոլային դիվանագիտությամբ»: Ի՞նչ եք կարծում, Ս. Սարգսյանի իշխանավարման երկրորդ շրջանը դրականորեն կարո՞ղ է տարբերվել առաջինից, առհասարակ՝ այս իշխանությունը ռեսուրս ունի՞ արտաքին աշխարհի համար հետաքրքիր, շահավետ գործընկեր երեւալու:

– Արեւմուտքի ակնկալիքներն են, իմ կարծիքով՝ ժողովրդավարությունը, կառավարման դրական փորձը ու կուլտուրայի բարելավումը, կոռուպցիայի հաղթահարումը, ինչպես նաեւ հասարակական, տնտեսական, տեխնոլոգիական ու ենթակառուցվածքային արդիականացումը։ Միաժամանակ, Արեւմուտքը կցանկանար տեսնել առաջընթաց ԼՂ հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների խնդիրներում։ Կարծում եմ՝ նաեւ շահագրգռություն կա, որ Հայաստանը շարունակի իր եվրաատլանտյան ինտեգրացումն ու զարգացնի տարածաշրջանում ավելի հանձնառու, պատասխանատու դերակատարության իր ներուժը։

Բոլորն էլ հասկանում են Հայաստանի ստրատեգիական սահմանափակումներն ու նեղ հնարավորությունները, սակայն տարակուսանքի տեղիք է տալիս Հայաստանի անկարողությունը՝ հաղթահարելու առնվազն իր այն խնդիրները, որոնք Ղարաբաղի կամ Թուրքիայի հետ որեւէ կապ չունեն, այլ բացառապես արդյունք են հայաստանյան այն իրականության, որից բոլորն օձիք են թափ տալիս, օրինակ՝ կոռուպցիա, գավառականություն, անհաղորդություն, արդիականացման ցանկության իսպառ բացակայություն եւ համառ, անհասկանալի դիմադրություն արտաքին աշխարհի հետ մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ ինտեգրացման բոլոր լուրջ փորձերին։ Արտաքին աշխարհի հետ հետաքրքիր, շահավետ գործունեության ռեսուրս Հայաստանն, իհարկե, ունի, սակայն տեսնո՞ւմ է երկրի ղեկավարությունն այդ ռեսուրսը՝ այս հարցը պետք է ուղղել նախագահին։

– Պարոն Խարազյան, Եվրասիական միության եւ Մաքսային միության շուրջ որոշակի գործընթացներ են ծավալվում, Հայաստանում հավատարմագրված եվրոպացի դիվանագետները բավական կտրուկ հայտարարություններ արեցին Հայաստանի՝ այս հարցում ընտրության վերաբերյալ՝ նկատելով, որ պետք է առաջնորդվել կամ ԵՄ-ի, կամ Եվրասիական միության ընտրությամբ: Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ իշխանություններին կհաջողվի՞ մանեւրել եւ չենթարկվել ՌԴ իշխանությունների ճնշումներին, թե՞, այնուամենայնիվ, հարցը այդպիսի սրությամբ չի դրվի իշխանությունների առջեւ, եւ ականատես կդառնանք Արեւմուտքի լոյալ դիրքորոշմանը, ինչպես օրինակ՝ ՀԱՊԿ-ի դեպքում են ըմբռնումով մոտենում:

– Գիտեք՝ մանեւրելը տակտիկական հնարք է եւ չի փոխարինում ռազմավարությանը։ Հայաստանի պրոբլեմը ռազմավարության անհստակությունն է։ Տպավորությունս այն է, որ Հայաստանի ղեկավարությունն ինքը չի կողմնորոշվում՝ ինչ անել, ուր գնալ, ուր տանել երկիրը։ Առանց այս հարցում լիդերության՝ մանեւրելը Հայաստանին ի վերջո կհրի դեպի Ռուսաստան՝ այստեղ կասկած չունեմ։ Արժանի՞ ենք մենք այդ հանգուցալուծմանը ու դրա՞ համար ենք քսանհինգ տարի պայքարել՝ թող ժողովուրդը որոշի։ Իմ կարծիքով՝ այդ, այսպես կոչված, Եվրասիական միությանը միանալը կնշանավորի Հայաստանի երրորդ հանրապետության անփառունակ մայրամուտը, եւ դրա պատասխանատվությունը հավասարապես կկրեն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, որոնցից եւ ոչ մեկը, չնչին բացառություններով, համարձակություն դեռեւս չի ունեցել հայտարարելու, որ Հայաստանը եվրոպական, այլ ոչ թե եվրասիական քաղաքակրթության մաս է, եւ որ այդ ընտրությունը հայ ժողովուրդը կատարել է դեռեւս չորրորդ դարում՝ մերժելով զրադաշտականությունն ու ընտրելով քրիստոնեություն։

– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի եւ եվրոպական կառույցների, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մակարդակը, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները անցնող տարում, Սերժ Սարգսյանի իշխանավարումը այդ հարաբերություններում ի՞նչ ավելացրեց:

– Եվրոպական ու եվրաատլանտյան կառույցների հետ Հայաստանի հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել, թեեւ առջեւում լուրջ աշխատանք կա։ Այդ հարաբերությունների ապագա եզրագիծը, ծավալն ու որակը, կարծում եմ, կախված են Հայաստանի ցանկությունից ու հաջողություններից՝ առավել, քան այդ կառույցների ծրագրերից, քանի որ վերջիններս անհամեմատ ավելի տարողունակ են, քան Հայաստանի՝ մինչեւ այսօր օգտագործված հնարավորությունները։ Ցանկալի է, որ Հայաստանը ձգտի եւ ի վերջո հասնի թե՛ Եվրամիության եւ թե՛ ՆԱՏՕ-ի ստանդարտներին՝ անկախ անդամակցությունից, ինչը միանգամայն այլ խնդիր է։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Հայաստանը, կարծում եմ, արել է եւ պետք է շարունակի անել հնարավոր ամեն ինչ՝ այդ հարաբերությունների զարգացման ու սերտացման համար։ Հարաբերությունների մեթոդաբանությունը, թերեւս, կարիք ունի կատարելագործման, եւ Հայաստանի հաջորդ նախագահին ցանկանում եմ արիություն եւ իմաստություն՝ այդ հարցի կարեւորությունը գիտակցելու եւ դրա շուրջ հասարակական լայն աջակցություն վայելող ռացիոնալ, ծանրակշիռ քաղաքական ուղեգիծ մշակելու նպատակով։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031