Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի եւ Արցախի երիտասարդները պատրաստ են միանալ Համահայկական բնապահպանական ճակատին (Տեսանյութ)

Հունվար 16,2013 12:53

Այսօր «Ուրբաթ» ակումբում բնապահպանների նախաձեռնող խումբը հայտարարեց Համահայկական բնապահպանական ճակատ ստեղծելու մասին:

«Փաստելով, որ ՀՀ-ում ներկայումս տեղի է ունենում էկոգաղութացում եւ բնական ռեսուրսների անխնա օգտագործում, նկատի ունենալով, որ ՀՀ իշխանությունները բնապահպանական աղետը կանխող քայլեր չեն ձեռնարկում, հաշվի առնելով ժողովրդի այն հատվածին, որը հայտնվել է բնական ռեսուրսները թալանող կապիտալի մեջ եւ ի զորու չէ կանգնեցնել իրավիճակը, անհրաժեշտություն ենք համարում Համահայկական բնապահպանական ճակատ` ՀԲՃ ստեղծելը: Ճակատի նպատակն է` Հայաստանի բնական միջավայրի պահպանությունը, տնտեսական բնականոն զարգացման ապահովումը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը նպաստելը: ՀԲՃ-ն կգործի բաց հաշվետվության սկզբունքով, կկազմի խորհրդատվական մարմին` բաղկացած հայտնի գիտնականներից եւ հանրային գործիչներից,- ասաց բնապահպան, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը, ապա հավելեց,- Կստեղծվեն նաեւ խմբեր, որոնք կզբաղվեն, օրինակ, փոքր ՀԷԿ-երով, անտառների վերահսկողությամբ, հանքերով, կրթական ծրագրերով: Խմբերից յուրաքանչյուրը կունենա համապատասխան մասնագետ-խորհրդատու»:

Ամերիկահայ բնապահպան Վաչե Թովմասյանն ասաց, որ ներկայացնում է ամերիկահայ բնապահպանների խումբը. «Մենք հետեւում ենք Հայաստանի բնապահպանական խնդիրներին եւ ակտիվիստների աշխատանքին: Երբ առաջին անգամ լսեցինք Թեղուտի եւ Թռչկանի մասին, միջոցառումներ եւ դասախոսություններ ձեռնարկեցինք մեր համայնքներում եւ կապ հաստատեցինք Հայաստանի ակտիվիստների հետ: Կարեւոր է այն հանգամանքը, որ սփյուռքը սրտացավ է Հայաստանի բնապահպանական խնդիրներով եւ պատրաստ է աջակցել»:

Բնապահպան Մարիամ Սուխուդյանը հայտնեց, որ վերջերս եղել է Արցախում, որտեղ շահագործման լիցենզիա է ստացել շուրջ 300 հանք. «Արցախում չկա պայքարող ուժ, որը կկարողանար կանխել ազատագրված տարածքների ավերումը: Հանդիպեցինք տեղի ակտիվիստ-երիտասարդների հետ, ովքեր նույնպես պատրաստ են միանալ ՀԲՃ-ին»:

Բնապահպան Եղիա Ներսիսյանի խոսքով. «Ճակատը պատրաստ է ընդունել խնդրով մտահոգվածներին: Մեր պայքարը պետք դուրս գա Երեւանի սահմաններից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031