Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ.Քոչարյանը փաստեց, որ միասին անցած ճանապարհը իր համար սոսկ դատարկ խոսքեր չեն

Հունվար 16,2013 12:18

Ռ.Քոչարյանը եւս մեկ անգամ փաստեց, որ ընկերությունը եւ գործընկերությունը, միասին անցած ճանապարհը իր համար սոսկ դատարկ խոսքեր չեն: Ճիշտ այնպես, ինչպես գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որ նմանապես երբեք (ո՛չ 2008թ., ո՛չ էլ դրանից առաջ) տուրք չի տվել իր եւ իր վաղեմի զինակից Ռոբերտ Քոչարյանի միջեւ սեպ խրելու, թշնամանք սերմանելու նկրտումներին։

Եվ սա՝ ի հեճուկս շահագրգիռ շրջանակների կողմից համառորեն շրջանառության մեջ դրվող սադրիչ հրապարակումների՝ առ այն, որ Սերժ Սարգսյանի «միահեծան իշխանությունը» վտանգող ամենամեծ սպառնալիքը երկրորդ նախագահն է։

Սա այն դեպքը չէ, երբ տարիների սերտ համագործընկերությունը ավազի վրա կառուցված տնակի պես փլվում է՝ չդիմանալով ժամանակի փորձությանը։ Ու երբեմնի մտերիմ ընկերները, գործընկերները, որոնք տասնամյակներ շարունակ միասին աշխատել են, աղուհաց կիսել, ուս ուսի կռիվ տվել ադրբեջանական ագրեսիայի դեմ, պայքարել հանուն Արցախի եւ Հայաստանի պետականության կայացման, առաջին իսկ «մեղմ զեփյուռից» դարձել են անհաշտ հակառակորդներ։

Միմյանց նկատմամբ ընդգծված հարգալից վերաբերմունքով, կոռեկտ պահվածքով Ռ.Քոչարյանը եւ Ս.Սարգսյանը, ըստ էության, կարողացան կոտրել մեզանում ձեւավորված կեղծ կարծրատիպը, թե «չկան հավերժական բարեկամներ՝ կան միայն հավերժական շահեր»։ Ասել է թե՝ քաղաքականության մեջ ամեն ինչ թույլատրելի է. նպատակն արդարացնում է միջոցները։

Հատկանշական է, որ անգամ գոյություն ունեցող տնտեսական խնդիրների մասին խոսելիս երկրորդ նախագահն ինքնանպատակ չի քննադատում, չի չարախնդում՝ արձանագրում է փաստը, որ «տնտեսությունը սկսել է աճել»։
Միաժամանակ, որպես երկրի ապագայով մտահոգ պետական գործիչ, որն իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել 90-ականներին ավերված տնտեսությունը «շողուլի բերելու» դժվարին գործում, իր մտահոգությունն է հայտնում. «Արդյոք այդ աճը կայո՞ւն կլինի նվազող ներդրումների պայմաններում, եւ որքանո՞վ է այն պայմանավորված լինելու պարտքերի կուտակմամբ»:

Ի հեճուկս առաջին նախագահի, որ պարբերաբար ահաբեկում էր հանրությանն իր չարագուշակ կանխատեսումներով, նաեւ լավատեսորեն նշում է, որ «տնտեսության համար լուրջ դրական գործոն կարող է հանդիսանալ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Աբխազիայով, ինչը հնարավոր է դառնում Վրաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո»:
Եվ ավելացնում. «Կառավարության հանգիստ ու հանդարտ ջանքերով շատ դժվար է լինելու կոտրել այս միտումները: Մեզ շատ ավելին է պետք. այն, ինչը կմոբիլիզացնի հասարակությանը, հավատ կներշնչի եւ կմղի գործողությունների: Հուսով եմ, որ իշխանությունը կհաղթահարի այս մարտահրավերները»:

Այսպիսով՝ Ռ.Քոչարյանը կոտրում է հայրենի «քաղաքական մշակույթի» անբաժանելի մասը դարձած եւս մեկ վնասակար կարծրատիպ, որով առաջնորդվել եւ, ցավոք սրտի, շարունակում են առաջնորդվել հայրենի քաղգործիչները՝ հայտնվելով «իշխանությունից դուրս» վիճակում. «Որքան վատ, այնքան լավ»։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031