Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի ցանկանում մեկնաբանել նախագահի թեկնածուների արձագանքն իր առաջարկությանը՝ միասնական վայր դնել թեկնածությունը:
«Հիմա էական նշանակություն չունի՝ ինչ ասաց Հայրիկյանը, Արմեն Մարտիրոսյանը: Էականն այն է, որ ես իմ պատրաստակամությունն էի հայտնել միասնական մյուս թեկնածուների հետ հանել իմ թեկնածությունը: Բոլորիս համար տեսանելի է, որ Հայրիկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Բագրատյանի համար այդ առաջարկը՝ նախաձեռնել քաղաքացիական շարժում եւ առաջնորդել, ընդունելի չէ: Ինչ պատճառներով ընդունելի չէ, ինչպես դրան արձագանքեցին, արդեն կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ այդ քաղաքական գործիչները նպատակ ունեն մասնակցել ընտրություններին, չեն վիճարկում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից առաջադրված թեկնածուի բարոյական, քաղաքական, իրավական իրավունքը այդ ընտրություններում մասնակցելու: Ըստ էության դրանով լեգիտիմացնում են անցյալ ընտրություններում տեղի ունեցած ընտրախախտումները: Այսինքն դրանով հաստատում են, որ բոլոր այն քննադատությունները, թե Հայաստանում ընտրություններն ազատ չեն, չեն արտահայտում հանրության կամքը՝ կես կոպեկ չարժեն»,- ասաց պարոն Ղուկասյանը:
Նա նաեւ հավելեց, որ նախապես գիտեր՝ ինչպես կվարվի, եթե իր առաջարկությունն ընդունեն եւ ինչպես կվարվի՝ մերժելու դեպքում. « Ինձ համար նրանց որոշումը առաջ շարժվելու տեսակետից որեւէ խոչընդոտ չի հանդիսացել»:
Նա կրկին պնդեց հացադուլի մասին իր որոշումն իրականացնել, եթե ԿԸՀ-ն չբավարարի իր դիմումը ու մինչեւ քարոզարշավի սկիզբը իշխող կուսակցության թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր չճանաչի:
Կարդացեք նաև
Պարոն Ղուկասյանն ասաց նաեւ, որ իր հետագա անելիքների մասին կխոսի առաջիկայում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ