Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրված ընդլայնված նիստում Սերժ Սարգսյանը հանդես է եկել մի աննախադեպ երկար ելույթով, որով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության համար կարեւորագույն մարտահրավերներին եւ հատկապես դարաբաղյան խնդրին։
Թեեւ իր խոսքի սկզբում Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է անցկացվում նման ձեւաչափով հանդիպում՝ իբրեւ թե ամփոփելու համար զորավարժությունների արդյունքները, այդուամենայնիվ այդպես էլ պարզ չէր, թե՝ զորօրինակ, այդ զորավարժությունների հետ ինչ կապ ուներ Նաիրա Զոհրաբյանը կամ ասենք՝ Հերմինե Նաղդալյանը։ Գուցե այդ տիկնանց ներկայությունը անհրաժեշտ էր, որպեսզի Սերժ Սարգսյանն իր ելույթում հնարավորություն ունենար հավաքվածներին դիմելու տիկնայք եւ պարոնայք դիմելաձեւո՞վ։ Իրոք, դա շատ, անչափ կարեւոր է։ Հատկապես Սերժ Սարգսյանի փի-առով զբաղվողների տեսանկյունից, որոնք իրենց կարծիքով ամենայն մանրամասնությամբ հաշվարկել էին երեկվա ակցիայի յուրաքանչյուր մանրուք։
Իսկ այն, որ երեկվա հավաքը պարզապես փի-առ ակցիա էր, կարծում ենք, որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Արդեն իսկ նշված չափազանց երկարաշունչ ելույթում Սերժ Սարգսյանը բացի բոլորին հայտնի ճշմարտություններից, ըստ էության, որեւէ նոր բան չասաց։ Թե՛ հայ- թուրքական հարաբերությունների, թե՛ Հայաստան-Սփյուռք միասնականության եւ թե՛ Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցների մասին նրա դատողությունները, գուցե փոքր-ինչ այլ ձեւակերպումներով, սակայն բազմիցս արդեն հնչել են տարբեր առիթներով։
Եվ նման համապարփակ ելույթը, որով Սերժ Սարգսյանը՝ որպես ՀՀ նախագահի արդեն գրանցված թեկնածու, ըստ էության, սկսեց ընտրապայքարը, թերեւս տեղին կլիներ Ազգային ժողովում։ Սակայն երկրի ողջ քաղաքական էլիտային հավաքելով ՀՀ պաշտպանության նախարարությունում եւ ելույթի զգալի հատվածը նվիրելով Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու հավանականությանը, Սերժ Սարգսյանն ու նրա փի-առշչիկները պարզապես նպատակ ունեին կերտել Սերժ Սարգսյան՝ գերագույն գլխավոր հրամանատարի եւ համայն հայության առաջնորդի կերպարը։ Իսկ այդքան երկարաշունչ ելույթի հիմնական ասելիքը կարելի էր ներկայացնել նրա ելույթում առկա ընդամենը մեկ նախադասությամբ. «Մենք պետք է ամեն օր, ամեն պահ պատրաստ լինենք պատերազմ քարոզող ռեժիմի կողմից նոր ռազմական արկածախնդրության»։ Ասել է թե՝ ընտրություններից առաջ պետք էր թարմացնել արտաքին թշնամու կերպարը ու նրա կողմից հնարավոր առաջիկա «ռազմական արկածախնդրությունը»։ Առայժմ դա արվեց ելույթի միջոցով, սակայն անհրաժեշտության դեպքում, չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք թշնամու կերպարի թարմացման այլ դրսետրումների, ինչպիսիք եղան, օրինակ, 2008թ.-ի մարտին։
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»