Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Հովհաննիսյան. «Դատավորը գիշերը մնալու է խորհրդակցական սենյակում»

Հունվար 15,2013 22:43

 

Արտակ Նազարյանի մահվան գործով  դատավարության հունվարի 15-ի նիստում քննարկվեց դատական նիստերը արտագնա՝ Երեւանում անցկացնելու  վերաբերյալ  պաշտպանական եւ տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունը: Վերջիններս  ասացին, որ նիստերը Երեւանում անցկացնելը հնարավորություն կտա դատավարությունը ողջամիտ ժամկետներում ավարտել: Հակոբ Մանուկյանի  պաշտպան Արմինե Ղասաբողլյանն ասաց, որ Երեւանից սառած  ճանապարհներով Իջեւան հասնելը վտանգավոր է,  իրենք երկու անգամ ավտովթարի են ենթարկվել` բարեբախտաբար, վնասվածքներ չստանալով: Միջնորդության մեջ նշվեց, որ ամբաստանյալները Երեւանից` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից են Իջեւան  տեղափոխվում, նրանց տեղափոխող մեքենայի անսարքության պատճառով դատական շատ նիստեր ուշացումով են սկսվել: Դատավոր Ս. Մարդանյանը որոշեց միջնորդությունը մերժել,նշելով, որ ինքն Իջեւանում նաեւ այլ քրեական գործերով է դատեր վարում,  բացի այդ`  լինելով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ, նա  իրականացնում է դատարանի բնականոն աշխատանքն ապահովելու  գործառնույթներ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդեցին դատարանում սուտ ցուցմունք տալու համար քրեական գործ հարուցել որպես վկա հարցաքննված, Ա. Նազարյանի հետմահու դատաբժշկական փորձաքննության եզրակացության հեղինակ, փորձագետ Վիգեն Ադամյանի նկատմամբ:  Դատավորը մերժեց  միջնորդությունը: Ամբաստանյալներ Ադիբեկ  Հովհաննիսյանի, Հարութիկ Կիրակոսյանի եւ Մխիթար Մխիթարյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը միջնորդեց քրեական  գործով  վկաներ Արման Մնացականյանի, Արթուր Մկրտչյանի, Գարեգին Սայադյանի, Արտակ Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքները  համարել անթույլատրելի ապացույց եւ  դրանք մեղադրանքի ծավալից հանել: Պաշտպան Մնացականյանը նշեց, որ վկաները այդ ցուցմունքները տվել են  ռազմական ոստիկանությանում ապօրինի կալանքի տակ, վկաները գտնվել են նույն խցում, ինչն անթույլատրելի է, նրանք եղել են  հոգեբանական ճնշման տակ, ցուցմունքները գրվել են քննիչի բառերով, նրա թելադրանքով: Մյուս պաշտպանները եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը միացան միջնորդությանը: Մեղադրող Հարություն Հարությունյանն առարկեց  միջնորդությանը, համարելով, որ  վկաները ռազմական ոստիկանությունում գտնվել են օրինական, որ նրանց կալանքի ենթարկելու որոշման  վերաբերյալ քրեական  գործի հարուցումը մերժվել է: Դատավոր  Մարդանյանը որոշեց միջնորդության մեջ արծարծված հարցերին անդրադառնալ խորհրդակցական սենյակում, վերջնական դատական ակտ կայացնելու ժամանակ:

Այնուհետեւ Ա. Մնացականյանը միջնորդություն ներկայացրեց  իր պաշտպանյալների նկատմամբ քրեական գործը մերժելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը փոխելու, նրանց ազատ արձակելու  վերաբերյալ: Պաշտպան Մնացականյանն ասաց, որ իր պաշտպանյալների դեմ վկաների ցուցմունքները հակասական են: Նաեւ նշեց, որ եթե նույնիսկ համարենք,որ իր պաշտպանյալներն Արտակ Նազարյանի նկատմամբ ինչ-ինչ գործողություններ  են կատարել, ապա` դրանք չեն  կարող որակվել որպես  զինվորական ծառայության կանոնակարգի  խախտումներ , այդ գործողությունները միջանձնային հարաբերությունների հետեւանք են: Ա.Մնացականյանն  ասաց, որ իր պաշտպանյալները  նույն արարքի համար երկու  անգամ են պատժի ենթարկվել, ինչը օրենքի խախտում է: Պաշտպանի միջնորդությունը համեմված էր Վճռաբեկ դատարանի եւ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով: Դատավորը հայտարարեց, որ միջնորդության մասին որոշում կայացնելու համար ինքը  հեռանում է խորհրդակցական սենյակ, ինքը այնտեղից կվերադառնա եւ  միջնորդության վերաբերյալ  որոշումը կհրապարակի հունվարի 16-ին, ժամը 12-ին: Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, դժգոհ էր, որ դատավորը մերժել է  նիստում ներկայացված միջնորդությունները, դահլիճում հայտարարեց.«Գիշերը մնալու է խորհրդակցական սենյակում: Մնացեք այնտեղ, իբր,որ դուրս եք գալիս, ի՞նչ եք անում » :

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031