Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ծնունդների պաշտոնական տվյալները չեն համապատասխանում

Հունվար 15,2013 21:39

 

 

Հայաստանի ծննդատներում եւ արդարադատության նախարարության  քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմնում, ժողովրդի լեզվով ասած՝ ԶԱԳՍ-ում գրանցված ծնունդների պաշտոնական թվերն իրար չեն համապատասխանում: Առողջապահության նախարարության կայքէջի տվյալներով՝ 2012-ին Հայաստանում ծնվել է 42 832 երեխա, իսկ ԶԱԳՍ-ի տվյալներով՝ ծնված երեխաների թիվը 170-ով պակաս է.այստեղ գրանցված երեխաների թիվը՝ 42 662: Այսինքն՝ 170 երեխա այսպես ասած՝ «օդի մեջ է»:

Առողջապահության նախարարության գրանցած ծնունդների «ավելցուկը» Aravot.am-ի հետ զրույցում նախարարության մայրական վերարտադրողական բաժնի պետ Գայանե Ավագյանը նորմալ համարեց. «Այդ տարբերությունը շատ չէ, միշտ էլ լինում է»:

Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ 170-ով ծնունդների տարբերություն կա, մեր այս հարցին, տիկին Ավագյան ասաց. «Մեր ծննդատներում ծննդաբերում են նաեւ այլ երկրների քաղաքացիներ, Ռուսաստանից, Ջավախքից, Ղարաբաղից, որոնք մեր ԶԱԳՍ-երում չեն գրանցում իրենց երեխայի ծնունդը, իրենց երկրում են գրանցում: Դրա համար էլ այդ տարբերությունը բնական է»:

2 գերատեսչությունների՝ ծնունդների թվի անհամապատասխանության մեկ այլ պատճառ էլ կա: Ըստ տիկին Ավագյանի, մեր օրենսդրությունը չի պարտադրում, որ երեխայի ծնունդից հետո անմիջապես ԶԱԳՍ-ում գրանցեն, պարզապես նշված է՝ դա պետք է կատարվի ողջամիտ ժամկետում, ուստի  հնարավոր է՝ որոշ ծնողներ դեռեւս չեն գրանցել երեխայի ծնունդը. «Բացի այդ, մենք դեկտեմբերի 31-ին էլ ենք ծնունդ գրանցել, բայց քանի որ առաջիկա մեկ շաբաթը աշխատանքային չէր, ԶԱԳՍ-երն էլ փակ են եղել, հնարավոր է, որ ծնողները այդ պատճառով էլ չեն գրանցել»:

Մեր այն հարցին` կա՞ն տվյալներ, թե քանի օտարերկրացիներ են Հայաստանում ծննդաբերել, առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ նման տվյալներ չեն առանձնացնում. «Ընդհանուր վիճակագրության մեջ չենք առանձնացնում օտարերկրյա ծննդկաններին, բայց գրանցվում են մոր անձնագրի տվյալները, գրանցման վայրը: Օրինակ՝ մի կին ունեինք, որը երկքաղաքացիություն ուներ, եւ, ճիշտ է, վերջնական չհասկացանք, երեխային Ռուսաստանո՞ւմ, թե՞ Հայաստանում կգրանցի, բայց ամենայն հավանականությամբ Ռուսատանում կգրանցի: Այնպես, որ 170-ով ավելի ծնունդների թիվը, կարող ենք ասել, որ օտարերկրյա քաղաքացիներն են: Մեզ մոտ Ջավախքից էլ շատ են գալիս ծննդաբերելու, քանի որ իրենց մոտ պայմանները շատ վատ են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031