«Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը ոչ իրավաչափ գործողություններ է կատարել, որի արդյունքում ծնվել է այս քրեական գործը: Քննիչը թելադրել է այն ամենը ինչ ես գրել եմ, որի հիման վրա մեղադրանք է առաջադրվել»,-«Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, որ հաշվի առնելով իր քաղաքական դիրքը նաև խոստացել են, որ դատախազը գործը չի հաստատի և դատարան չի ուղարկի խնդրելով, որ այդ մասին Սուրենյանցը մամուլին չտեղեկացնի:
Սուրենյանցի խոսքով՝ վերջինս ընդունել է այս խաղի կանոնները, քանի որ Արաբկիրի ոստիկանությունը հակված է եղել գործին նման ընթացք տալու: Վերջինիս կարծիքով իր և տուժող Ղասաբյանի հարաբերությունները բացառապես քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություններ են: Եվ եթե նույնիսկ իր արարքներում կա հանցակազմ, դա որևէ կերպ չի կարող ձևակերպվել 178-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով:
«Արաբկիրի ոստիկանապետ Մեհրաբյանը դեռ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցում էր տվել, որ ինձ ձերբակալեն»,- նշում է Սուրենյանցը՝ հավելելով, որ այս անգամ հրաշալի առիթ է եղել, որ մեկ այլ հարթության մեջ Մեհրաբյանը իրեն փակուղու մեջ գցի: Սուրենյանցը պատահական չի համարում, որ ներկայիս ոստիկանպետ Գասպարյանը սկսեց իրականացնել բարեփոխումներ և որ առաջին թիրախներից մեկն էր Արաբկիրի ոստիկանությունը, այդ ոստիկանությունում պրակտիկա է դարձել որոշ գործեր կոծկելը, իսկ որոշներին էլ ավելորդ ջանասիրություն ցուցաբերելը, Արաբկիրի նախկին ոստիկանապետ Մեհրաբյանը այսօր ոչ միայն չի պաշտոնավարում այլ նաև կադրերի տրամադրության տակ է գտնվում»,- նշում է Սուրեն Սուրենյանցը:
Կարդացեք նաև
Վերջինս համոզված է նաև, որ այս գործում քաղաքական պատվեր չկա:
Ըստ Սուրենյանցի, եթե Արաբկիրի ոստիկանությունը պատշաճ վերաբերմունք ցուցաբերեր, ապա այս գործը կամ քաղաքացիական դատարանում կքննվեր կամ առաջադրված կլիներ շատ ավելի մեղմ մեղադրանք: Ինչպես նշեց Սուրենյանցը, հունվարի 16-ի դատավարությունից հետո 48 ժամվա ընթացքում ինքը կվերադարձնի Ղասաբյանի պարտքը:
Ինչ վերաբերում է հունվարի 8-ի դատարանի որոշմանը, որ եթե հաջորդ դատական նիստին չներկայանա, ապա բերման կենթարկեն, Սուրենյանցին նշեց, որ ինքը հրապարակային քաղաքական գործիչ է և երբեք չի խուսափել դատաքննությունից, «եթե ունեմ մեղքի բաժին, ապա պատրաստ եմ պատասխան տալ, եթե չունեմ, ապա պետք է պատասխան տան այն քննիչներն ու վերադասները, ովքեր արհեստականորեն հրահրել են նման դատավարության մեկնարկը»: