«Աղ ու հացը չի վաճառվում, չեն վաճառվում նաեւ մեր սրտերը, ձայնասկավառակն անվճար է` 3000 օրինակ կա, իսկ ում չհասնեն երգերը, ապա տվյալ անձը անվճար դրանք կարող է ներբեռնել խմբի պաշտոնական կայքից»,-այսօր «Ռեինկարնացիա» խմբի նոր ձայնասկավառակի` «Աղուհաց»-ի շնորհանդեսի ժամանակ նշեց մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը:
Մեներգչի համոզմամբ՝ քաղաքականությունից, գումարներից եւ ստից բացի կա երգ, երաժշտություն.«Սկավառակում ընդգրկված է 7 երգ, այսուհետ մեր բոլոր ալբոմները 7 երգով են լինելու: Երգերը հայ իդեալների մասին են, քանզի իդեալներ մնացել են շատ քիչ: Մեր երաժշտության միջոցով կհասկանանք, թե ով ենք եւ ուր ենք հասնելու ի վերջո»:
Նրա խոսքով Երեւան քաղաքը շատ թանկ է իր համար, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք իրեն հուզում են. «Ճակատիս գրված է, որ չպետք է այստեղից գնամ, որովհետեւ գործ ունեմ անելու: Պետք է թեթեւ ապրել առանց շահերի ու հետին նպատակների, մարդիկ միշտ տխուր են, կյանքը բարդացնում են, անվերջ խոսում, բամբասում, կարծես բոլորս ժյուրիներ լինենք: Մենք «եսիմինչականներ» չենք, ասում ենք այն, ինչ հուզում է մեզ»:
Մեներգիչը հույս ունի, որ ձայնասկավառակը կստանձնի հայելու դերը, քանզի անհրաժեշտ է իմանալ, թե ով ենք իրականում:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի