Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ցուցմունք տվեցին դատական կարգադրիչները, դատական նիստերի քարտուղարը, լրագրողը

Հունվար 15,2013 18:30

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր սկսվեց «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարելու համար դատապարտված Ստեփան Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է այդ գործով  2012 թ. հուլիսի 26-ի դատական նիստի ժամանակ մեղադրող Սամվել Հարությունյանի նկատմամբ  բռնություն կիրառելու համար: Տուժող դատախազը գրություն էր ուղարկել դատարան, որ գործով ծանրաբեռնված լինելու պատճառով չի կարող ներկա գտնվել դատական նիստին, խնդրել էր դատաքննությունը արագացված ընթացակարգով կատարել, միեւնույն ժամանակ հայտնել էր, թե պնդում է նախաքննության ժամանակ տված ցուցմունքները: Դատաքննության ժամանակ այդ օրվա մասին ցուցմունքներ տվեցին դատական նիստերի քարտուղար  Ռուզան Ավետյանը, Կենտրոն դատարանի դատական կարգադրիչների պատասխանատու Արթուր Փիլոսյանը, դատական կարգադրիչ Մուրադ Գրիգորյանը եւ տողերիս հեղինակը՝ այդ օրը դատական նիստը լուսաբանած լրագրողս:

Ռուզան Ավետյանը հայտնեց, որ ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանի անկանոն գործողությունները սկսվեցին այն ժամանակ, երբ «Մոսկվա» կինոթատրոնի գողության գործով մեղադրվող  Վահրամ Քերոբյանի պաշտպանները միջնորդեցին, որ հարցաքննեն Վահրամի մորը: Դատախազը բավարարեց միջնորդությունը եւ, ըստ վկայի, այդ ժամանակ Ստեփանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը ինքնավնասում է կատարել: «Խառնաշփոթ իրավիճակ էր, Ստեփանը բարձրախոսը վերցրել էր եւ փորձում էի նրա ձեռքից բարձրախոսը խլել: Նա ոտքով հարվածեց դատախազին, անկանոն շարժումներ էր անում»: Դատական նիստերի քարտուղարը նաեւ հայտնեց, որ մեկ տարուց ավելի ընթացող դատական նիստերի ժամանակ Ստեփանը եղել է միշտ հավասարակշռված, եւ նրա այդ օրվա պահվածքը դատախազի կողմից միջնորդությունը բավարարելու հետ էր կապված:

Դատական կարգադրիչների պատասխանատու Արթուր Փիլոսյանը հայտնեց, որ այդ օրվա նիստին երեք կարգադրիչներով սպասարկել են թիվ 1 դահլիճը: Նա հայտնեց, որ սպասվում էր դատախազի ճառը, սակայն ամբաստանյալներից մեկի պաշտպանը միջնորդել է «ինչ-որ վկա ներգրավելու» մասին: Դատական կարգադրիչների ստորաբաժանման պետը  նաեւ հայտնեց, որ այդ միջնորդությունից հետո ինքը լսել է Ստեփանի պաշտպանի «մի արա, մի՛ արա» արտահայտությունը եւ նայել-տեսել, թե ինչպես Ստեփանը ոտքի կանգնեց. դաստակը ինքնավնասվել էր: Նա նկարագրեց, թե ինչպես են գումարտակի տղաները շրջապատել Ստեփանին, իսկ ինքը Ստեփանի նստարանի մոտ տեսել է ածելի, որը տվել է ոստիկանության Կենտրոնի հետաքննիչներին: «Ոչ ոք չէր սպասում, որ նա դատախազին կխփի: Նախկինում Ստեփանն իրեն հանգիստ է պահել»,- ասաց Ա. Փիլոսյանը:

Դատական կարգադրիչ Մուրադ Գրիգորյանը նույնպես լսել էր Ստեփանի պաշտպանի «մի՛ արա, մի՛ արա» արտահայտությունը, ապա ասաց, որ տեսել է, թե ինչպես էր Ստեփանը բարձրախոսը վերցրել , փորձել է հարվածել դատախազին, նաեւ տեսել էր, որ ոտքի թաթով հարվածել է նրան:

Դատախազ Ջոն Ֆարխոյանին հետաքրքրում էր, թե արդյոք այդ վկայի նկատմամբ ճնշում գործադրվե՞լ է, թե՞ոչ, նա նաեւ միջնորդեց, որպեսզի հրապարակվեն վկայի նախաքննական ցուցմունքները:

Պարզվեց՝ վկան նախաքննության ժամանակ երկու անգամ է ցուցմունք տվել եւ նա պնդեց նախաքննության ցուցմունքները, այն է՝ ոչ միայն ապահովել է դահլիճում դատական նիստերի մասնակիցների անվտանգությունը, այլ նաեւ Արթուր Փիլոսյանի հետ կանխել է բարձրախոսով դատախազին խփելը:

Ես, որ լուսաբանել եմ այդ օրվա դատական նիստը, հայտնեցի, որ նախաքննությանն եմ տրամադրել ոչ միայն լուսանկարները, այլեւ այդ օրը թե’ դատախազի, թե’ Ստեփանի հոր՝ Բենիամին Հովակիմյանի հայտարարությունը, որ իր որդուն հարվածել է դատախազը եւ նաեւ 3-րդ հրապարակման մասին, որտեղ տեղեկացրել եմ, որ «դեպքի վայրում» իրենց քննությունն են սկսել ոստիկանության աշխատակիցները:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 25-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031