Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատուկ ընտրատեղամաս սարքեցիք, բա ո՞նց պիտի հասնենք էդ տեղամաս». իրավապաշտպան

Հունվար 15,2013 18:17

«Մայիսյան ընտրությունների ժամանակ 65 կուսակցությունից միայն 9 կուսակցության նախընտրական ծրագրերի մեջ էր շեշտվում «հաշմանդամ» բառը: Չգիտես ինչու նախընտրական ծրագրերի մեջ կուսակցությունները հաշմանդամություն ունեցող անձանց նույնացնում էին աղքատների, նպաստավորների եւ սոցիալական անապահով խավի մնացած ներկայացուցիչների հետ»,- այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի թեմայի մասին խոսելիս իր մտահոգությունը հայտնեց «Փարոս» հ/կ-ի նախագահ Սուրեն Օհանյանը:

Հանդիպմանը հրավիրված ՀՀԿ կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանի կարծիքով, հաշմանդամություն ունեցող անձինք պիտի ավելի բարձր հարթության վրա գտնվեն ու մշտապես լինեն ուշադրության կենտրոնում:

«Ես կարծում եմ, որ սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ ավելի շատ ուշադրության կարիք ունեն: Թեկուզ փողոցում նրանց հանդիպելիս բարեւելն արդեն ուշադրություն է: Եթե դիմել եք ինչ-որ անպարտաճանաչ չինովնիկի, եւ ձեր խնդրին լուծում չի տրվել, մի հուսահատվեք, մի անգամ էլ դիմեք»,- ՀՀԿ-ական անդամը կոչ արեց դահլիճում ներկա հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին:

Քննարկման ընթացքում նշվեց, որ հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը հասնում է մոտ 190 հազարի, որոնցից 120 հազարը ունեն ընտրելու իրավունք:

Aravot.am-ի հետ զրույցում «Փարոս» հ/կ-ի նախագահ Սուրեն Օհանյանը նշեց, որ սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար հասարակական տրանսպորտի մատչելիությունը դեռ հանդիսանում է հիմնական խնդիրներից մեկը:

«Տրանսպորտը միջոց է, որը կարող է լուծել մեր բոլոր խնդիրները: Հիմնական խնդիրները տրանսպորտի, կրթության, մշակութային, հասարակական կյանքին մասնակցություն ունենալու մատչելիությունն է»,- ասաց իրավապաշտպանը ու, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք կա՞ համախմբվածություն հաշմանդամների միջեւ, թե ո՞ր քաղաքական գործչին կամ ուժին են սատարելու այս նախագահական ընտրություններին, ասաց. «Մենք սովորաբար խուսափում ենք ընտրությունների շեմին որեւէ քաղաքական ուժին հարելը, աշխատում ենք բոլորի հետ: Ինձ համար միեւնույն է` որ քաղաքական ուժն է մեր խնդիրները բարձրաձայնում: Մենք էլ հասկանում ենք, որ առանց քաղաքականություն մտնելու դժվար է հարց լուծել: Չհամագործակցել պատգամավորի հետ չի ստացվում, սակայն պետք է մնալ հասարակական գործունեության սահմաններում»:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031