Լրահոս
Օրվա լրահոսը

Դվին հյուրանոցը 2016-ին վերակառուցված կլինի

Հունվար 15,2013 17:24

Կառավարության 2-րդ մասնաշենքը՝ արտգործնախարարության, տարածքային կառավարման եւ էներգետիկայի նախարարությունների շենքի աճուրդը կմեկնարկի մարտ ամսվա առաջին 10 օրում: Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով անցած տարին եւ ներկայացնելով 2013-ի ծրագրերը` ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Լուրերը, որ Էդուարդո Էռնեկյանը հրաժարվում է կառավարական 2-րդ շենքից, ինչի պատճառով էլ կառավարությունը որոշեց աճուրդի հանել այն, պարոն Սահակյանն ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում, պարզապես հանրության պահանջով ուղիղ վաճառքը չեղյալ է համարվել եւ դրվել է աճուրդի, եթե հայտնվի գնորդ, որը 51 միլիոն 270 հազար դրամից ավելի կվճարի շենքի համար, ապա նրան էլ կվաճառեն, իսկ եթե ոչ՝ պարոն Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը պատրաստ է այն գնել:

2012-ին 353 միլիոն դրամի պետական գույք է մասնավորեցվել, իսկ 2011-ին՝ 366 միլիոն դրամի. 13 միլիոնով պակաս գումարը պարոն Սահակյանը  հիմնավորեց նրանով, որ տարեցտարի մասնավորեցման ենթակա պետգույքի քանակն է պակասում:

Վարչության պետի խոսքերով՝  մամուլի շենքում տարածքների վարձակալման վճարներն ավելացել են, իսկ դրանց հավաքագրումը 100%-ի է հասել, ինչի արդյունքում վարչությունը կկարողանա անհրաժեշտ ծառայություններն ու աշխատանքները կատարել այդ շենքում: Բացի այս, այս տարի կառավարությունը նաեւ գումար է հատկացրել մամուլի շենքում նոր վերելակ տեղադրելու համար:

«2013-2014 թվականներին փորձելու ենք մաքրել մասնավորեցման հին ծրագրեր, ունենք բավականին շատ չաշխատող ձեռնարկություններ, մեզ չի հետաքրքրում, թե ի՞նչ գնով ենք վաճառելու»,-ասաց Արման Սահակյանը: Իսկ մաքրելն էլ, ըստ վարչության պետի, վերաբերում է այն պետական շենքերին, որոնք արդեն ոչ մի բանի պիտանի չեն, բայց համապատասխան գնորդներ հայտնվելու դեպքում, սիմվոլիկ գնով այն կվաճառեն: Օրինակ՝ Ամասիայի կինոթատրոնի շենքը, որն ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չէր, 1000 դրամով մասնավորեցվել է, գնորդն էլ 300 միլիոն դրամ է ներդնելու եւ ամբողջովին նոր մշակույթի կենտրոն է ստեղծելու:

«Դվին» հյուրանոցի պայմանագրի պայմաններն ու ժամկետն է փոխվել, ինչպես վստահեցրեց պարոն Սահակյանը, պայմանագրով կառուցապատողի նկատմամբ պետական պահանջներն են խստացվել. Օրինակ՝ եթե նախատեսված ներդրումները կառուցապատողը առաջին տարում չկատարի, ապա պետությունը տույժեր եւ տուգանքներ կկիրառի, եթե դա կրկնվի հաջորդ տարի, ապա պատիժը կկրկնապատկվի: Սա, ըստ պարոն Սահակյանի, լուրջ հանգամանք է, որպեսզի գնորդը ժամանակին կատարի իր պարտավորությունները: Թեեւ վարչության պետը չբացահայտեց «Դվինի» գնորդի անունը, սակայն վստահեցրեց, որ 2016 թվականին կունենանք վերակառուցված նոր հյուրանոց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031